
«Երեկվա գործողության առաջամարտիկները 2018 թվականին իրենց առաջ էին քաշում, որպեսզի ՀՀ-ում տեղի ունեցած իշխանազավթումը տեղի ունենար նաև Արցախում». Արմեն Պետրոսյան

Երեկ մի խումբ արցախցիներ ակցիա էին իրականացնում Արցախի ներկայացուցչության առջև՝ պահանջելով, որպեսզի Սամվել Շահրամանյանը քաղաքացիներին վերադարձնի ներդրումային հիմնադրամի, այսպես կոչված՝ թալանված գումարները։ Սամվել Շահրամանյանը զրուցել է ակցիայի մասնակիցների հետ, հայտարարել, որ նրանց հետ մի քանի անգամ հանդիպել է, և չի հասկանում ակցիա անելու իմաստը։
«Արդարադատություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր Արմեն Պետրոսյանի խոսքով՝ արցախահայերն այնքան քիչ են մնացել, որ բոլորը բոլորին ճանաչում են։ Հետևաբար, երեկ բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը չէին էլ գիտակցում, որ գտնվում են ինչ-որ ուժի ազդեցության տակ։
«Հիմա մենք ասում ենք, որ մեր՝ արցախցիներիս զայրույթը մեկ նշանակետ ունի և այդ նշանակետը 2018 թվականին ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած ուժն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Պետք չէ այլ նշանակետեր փնտրել, բայց կան ուժեր, որոնք արցախցիների զայրույթն ուղղում են այլ տեղ, և այդ տեղը դարձավ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը։
ՀՀ իշխանությունների, մերձիշխանական շրջանակների բազմաթիվ հայտարարությունները տանում են նրան, որ ՀՀ պետական դիրքորոշումն այն է, որ ղարաբաղյան շարժումն իրենք չեն շարունակելու։ Իսկ սա նշանակում է, որ նրանք պետք է վերացնեն Արցախի բոլոր ատրիբուտները, նախագահի ու այլ պետական ինստիտուտները»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը։
Նա նշեց, որ ինքը երեկ Արցախի ներկայացուցչությունում է եղել, զրուցել է ակցիայի մասնակիցների հետ՝ ասելով, որ ցանկացած դեսպանատան տարածք համարվում է տվյալ երկրի տարածք, ուստի այսօր Արցախի ներկայացուցչությունը հենց Արցախի տարածքն է։
«Ցանկացած ոտնձգություն Արցախի ներկայացուցչության դեմ՝ դիտարկում եմ ոտնձգություն Արցախի վրա։ Հիմա մարդկանց այստեղ ուղղորդել են այն ուժերը, որոնք ունեն մերձիշխանական կամ իշխանական հովանավորչություն։
Ակցիայի մասնակիցների մի մասը բարի նպատակով էր, այդ ուժերն օգտագործել են նրանց հուսահատությունը, սոցիալական վատ վիճակը և դրա մեղավոր են նշանակել Արցախի իշխանությանը, որպեսզի թուլացնեն ՀՀ իշխանությունների վրա եղած այն ճնշումը, որը կար մարտի 29-ի հանրահավաքից հետո։ Ես արցախցիներին ասել եմ, որ պետք է համախմբվենք Արցախի պետական ինստիտուտների շուրջ, քանի որ այսօր ՀՀ իշխանությունն ու իր արբանյակներն ամենավտանգավոր բանն են անում՝ ուզում են արցախցիների ձեռքով փակել Արցախի հարցը»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Արմեն Պետրոսյանը վստահ է՝ չնայած ՀՀ իշխանությունների այս գործողություններին, Արցախի հարցի փակումն այդքան հեշտ չէ։ Այսօր տարբեր դեսպանություններ կապ են պահում Արցախի ղեկավարության հետ, ուստի ՀՀ իշխանությունների համար այդքան դյուրին չէ այդ հարցի փակումը։
«Երեկվա գործողության առաջամարտիկները նրանք էին, ովքեր 2018 թվականին իրենց առաջ էին քաշում, որպեսզի ՀՀ-ում տեղի ունեցած իշխանազավթումը տեղի ունենար նաև Արցախում։ Դրա համար ես չեմ հավատում, որ այդ մարդիկ որևէ կապ չունեն ՀՀ գործող իշխանության հետ։
Մենք մեր ձեռքով մեր տունը քանդում ենք, ներկայացուցչությունում փորձում էի ուշքի բերել մի խումբ ակտիվիստների՝ ճանաչելով նրանց։ Ասում էի՝ եթե կարողանում ենք նման գործողություններ անել, արեք Խաչատուր Սուքիասյանի դեմ, որն ապականեց հազարավոր արցախցիների գերեզմանները։ Նման պատգամավոր չպետք է լինի, որն ապականում է հայ մարտիկի գերեզմանոցը»,- ընդգծեց Ամեն Պետրոսյանը։