
Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը բավարարող էր․ դրանց հետագա ընթացքը կանդրադառնա Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ անցած շաբաթ օրն Օմանի մայրաքաղաք Մասկատում կայացած անուղղակի բանակցություններն Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջին տարիների ընթացքում առաջին պաշտոնական շփումն էր:
Բանակցություններում Իրանը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ Միացյալ Նահանգները՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Ինչպես հայտնել են Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպումն անցել է կառուցողական և հանգիստ մթնոլորտում, քննարկվել է միայն միջուկային ծրագիրը։ IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Մասկատում։
«Խորհրդակցություններից հետո որոշվել է, որ Մասկատը կմնա ապրիլի 19-ին կայանալիք բանակցությունների հաջորդ փուլի հյուրընկալող կողմը»,- ասել է նա։
Ավելի վաղ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և Իրանն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Հռոմում։
Սպիտակ տունն իր հերթին՝ դրական և կառուցողական է որակել Իրանի և Միացյալ Նահանգների բարձր մակարդակի բանակցությունները: ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ընդգծել է, որ նախագահ Թրամփից «հանձնարարություն է ստացել լուծել երկու երկրների միջև տարաձայնությունները երկխոսության և դիվանագիտության միջոցով, եթե դա հնարավոր է»:
«Այս հարցերը շատ բարդ են, և հատուկ բանագնաց Ուիթքոֆի ուղիղ շփումը մեկ քայլ առաջ էր փոխշահավետ արդյունքի հասնելու համար»,- ասված էր հայտարարության մեջ:
Ավելի ուշ ԱՄՆ նախագահը, պատասխանելով բանակցությունների մասին լրագրողների հարցերին, ասել է. «Կարծում եմ, որ դրանք նորմալ են ընթանում»:
Ուշագրավը, սակայն, այն է, որ թեև բանակցողները մեկնեցին բանակցությունների Օման, նրանք լիարժեք ուղիղ բանակցություններ չվարեցին, այլ բանակցողներն առանձին սենյակներից միմյանց հաղորդագրություններ ուղարկեցին օմանցի դիվանագետների օգնությամբ, իսկ այս ամենի ավարտին Արաղչի-Ուիթքոֆ կարճատև հանդիպում տեղի ունեցավ, ինչն ըստ էության բխում էր թե Իրանի, թե նաև ԱՄՆ-ի նախապայմաններից, որովհետև Իրանը պնդում էր՝ անուղղակի, իսկ ԱՄՆ-ը՝ ուղիղ բանակցություններ։ Արաղչին Ուիթքոֆի հետ իր կարճ զրույցն անվանել է «դիվանագիտական քաղաքավարություն»։
Բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իրանի խնդիրը։
«Դա գրեթե հեշտ է»,- Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա:
«Իրանը պետք է ձերբազատվի միջուկային զենքի հայեցակարգից: Եթե մենք ստիպված լինենք շատ կոշտ քայլեր անել, մենք դա կանենք»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ տեղի ունեցավ բանակցությունների առաջին փուլը, որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները։
Սա, ըստ նրա, կարևոր է, սակայն դեռ վաղ է խոսել այս գործընթացի հնարավոր արդյունքների մասին, քանի որ կողմերի միջև առկա խնդիրները բարդ են, միմյանց առջև դրվող պահանջները՝ ևս։
Վերլուծաբանի խոսքով, պետք է առանձնահատուկ նշել ու կարևորել այն հանգամանքը, որ ի վերջո հաջողվեց ունենալ բանակցային առաջին փուլը, որը հեշտ չտրվեց կողմերին, դրա համար բանակցություններ տեղի ունեցան, էական հայտարարություններ ու Իրանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցին, որոնց ներքո Իրանն ուղիղ բանակցել չէր կարող։
«Կարծում եմ՝ առաջին փուլի ընթացքում նախնական որոշ հարցեր են քննարկվել, ավելի կարևորն այն է, որ կողմերի միջև նոր սեպ չի առաջացել, անհնար դարձնելով բանակցությունների շարունակականությունը։ Իրանը կառուցողական է տրամադրված՝ գիտակցումով, որ սրանք հեշտ բանակցություններ չեն, դրանց շուրջ խորհրդակցություններ են վարում նաև Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը այս հարցով բանակցում է նաև Ռուսաստանի, Իսրայելի հետ, բանակցությունների առաջին փուլին ընդառաջ Սպիտակ տունը հյուրընկալեց Նեթանյահուին, ապա ԱՄՆ ներկայացուցիչը եղավ Ռուսաստանում։ Պահանջներ ունի ոչ միայն ԱՄՆ-ը, այլև Իրանը, ուստի գործընթացը չի կարող լինել միակողմանի, բանակցությունը պետք է հանգեցնի փոխզիջումային լուծումների, իսկ դրանք իրենց հերթին՝ կապ ունեն ոչ միայն աշխարհաքաղաքական այլ խաղացողների, այնպես էլ՝ բանակցող երկրներում ներքին տրամադրությունների հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կայհան Բարզեգարը՝ չնշելով, թե արդյո՞ք Իրանը պատրաստ է կատարել ԱՄՆ-ի միջուկային պահանջը։ Նա գտնում է, որ Իրանի շուրջ ռիսկերի չեզոքացումը դրական կանդրադառնա՝ ինչպես միջազգային հարաբերությունների մթնոլորտի, այնպես էլ՝ հարավկովկասյան իրավիճակի վրա։
«Բացի գլոբալ օրակարգերից, Իրանն ակտիվորեն զբաղվում է ռեգիոնալ զարգացումներով, բանակցություններ են ընթանում Հայաստանի ու Ադրբեջանի հետ, առաջիկայում սպասվում է բարձրաստիճան այց Իրանից Ադրբեջան, որը կարևոր է լինելու ռեգիոնալ զարգացումների տեսանկյունից։ Կարծում եմ՝ քննարկվելու են բոլոր առանցքային հարցերը, ռեգիոնում առկա ռիսկերը և խնդիրները։ Բնականաբար, դրանց զուգահեռ ընթացող ԱՄՆ-Իրան բանակցություններն ունեն որոշակի կապ, ազդեցություն ավելի փոքր ռեգիոններում զարգացումների վրա։ Դրա հետ մեկտեղ՝ Իրանը խորացնում է համագործակցությունը Հայաստանի հետ, ունենալով նույնական մարտահրավերներ ռեգիոնում, տեղի ունեցան համատեղ զորավարժություններ, որոնք հենց Իրանի մտահոգությունների ցուցիչն էին և ուղղված էին հնարավոր ռիսկերի չեզոքացմանը։
Այսինքն՝ ներկայումս Իրանը բավականին ակտիվ ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական գործընթացներում է ներառված, որոնց բոլորի նպատակն Իրանի շուրջ ռիսկերի չեզոքացումն է դիվանագիտության, բանակցությունների ու համագործակցության խորացման միջոցով»,- նման կարծիք հայտնեց փորձագետը։