
Երբ քեզ վրա հարձակվում են, պաշտպանվելը պարտականություն է, ոչ թե հաճույք. Արմեն Աշոտյան
«Արտգործնախարարություն կոչվող հիմնարկը, ինչպես ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարության մեջ է ասվում` «դուքյանը», թելելով Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող էրդողանաալիևյան քաղաքականությունը, հերթական անառակաբարո գործողությունն է կատարել,- դատական նիստից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Արցախի վերաբերյալ ԱԳՆ վերջին հայտարարության մասին 168․am-ի հարցադրմանը, և հավելեց,- Ես տեսա մի շարք պատգամավորների, առանձին անհատների արձագանքներ, ինստիտուցիոնալ միայն ՀՀԿ-ինն եմ տեսել: Բայց կարծում եմ՝ սա այն հարցն է, որ նաև դրսում պետք է հնչեցնել, լսեցնել, որ Նիկոլն ու իր ԱԳՆ-ն չեն արտահայտում հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության կարծիքը»։
Արմեն Աշոտյանը կարևորեց այս հարցում ընդդիմության միասնականությունը:
«Այս «ղըժ-բըժ»-ը չլիներ, հաստատ ավելի կազմակերպված կլիներ։ Այս պահի դրությամբ, բացի ՀՀԿ-ից, այլ հայտարարություն չեմ տեսել: Խնդրում եմ՝ այս օրակարգը, Նիկոլի օրակարգը չկիսող քաղաքական ընդդիմադիր ուժերին անպայման ինստիտուցիոնալ հայտարարություններ անել, թարգմանել և սարքել դրանք հասանելի և՛ դիվանագետների, և՛ միջազգային հանրության այլ դերակատարների համար»,- մանրամասնեց նա։
Ընդդիմության «ղըժ-բըժ»-ին անդրադարձաք․ այդ պառակտումներն ինչի՞ հետևանք են, ինչպե՞ս կանխել՝ հաջորդ հարցով հետաքրքրվեցինք հանրապետական գործչից։
ՀՀԿ փոխնախագահը, ի պատասխան, նախ ներողություն խնդրեց մեր հասարակության այն մեծ, առողջ հատվածից, որին տհաճ է հետևել ընդդիմության ներսում առկա «գզվռտոցին»՝ նկատելով․ «Հավատացե՛ք, մեզ էլ է տհաճ, բայց երբ քեզ վրա հարձակվում են, պաշտպանվելը պարտականություն է, ոչ թե հաճույք։ Ես պատասխանատվությունից չեմ խուսափում որևէ տեսակի, բայց հասկանում եմ նաև այդ մարդկանց զարմանքը, որոնք ասում են՝ Նիկոլին թողած՝ իրար միս են ուտում, բայց այդտեղ մի քիչ համահարթեցում կա․ մե՛ր միսն են ուզում ուտել, մենք ընդամենը չենք թողնում։ Հերի՛ք է, բա՛վ է․ շատերը կերան»։
Ըստ նրա՝ խնդրը միայն «տարանջատում» օպերացիայի մեջ չէ, այլ նաև՝ «պառակտում» օպերացիայի՝ հիշեցնելով, որ իրենք մի առաջնությունում են խաղում, որտեղ առաջին հորիզոնականում թուրքական «Ֆեներբահչեն» է։
Այս համատեքստում անդրադառնալով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անվան շրջանառությանն ու նախօրեին այս առնչությամբ իր հղած ուղերձին` Արմեն Աշոտյանը շեշտեց․
«Սրբազանը, կարծում եմ, կամա թե ակամա, գիտակցաբար թե անգիտակցաբար, հայտնվել է մեր դեմ սանձազերծված քարոզչական պատերազմի առաջնագծում՝ ոչ մեր մեղքով»։
Հարցերի վերջում 168․am-ն Արմեն Աշոտյանին տեղեկացրեց նաև, որ երգչուհի Ջենիֆեր Լոպեսն է գալու Հայաստան։
Քաղաքական գործիչն արձագանքեց․ «Զարմանում եմ, գիտեք, էս իշխանության մոտ մի բան շատ ճիշտ է ստացվում՝ երկրի իրավիճակին համապատասխան՝ դիպուկ երգիչներ հրավիրել։ Սնուփ Դոգ էին կանչում, որը թմրանյութեր և այլն․․․, հիմա գալիս է իմ կողմից շատ սիրված Ջենիֆեր Լոպեսը, որը բացի երգելուց՝ հայտնի է նաև իր համապատասխան տեղով, որը լրիվ բնութագրական է ՀՀ-ում տիրող իրավիճակին։
Ավելի դիպուկ երգչուհի, որ համապատասխաներ Հայաստանի իրավիճակին՝ հաշվի առնելով որոշ անատոմիական առանձնահատկությունները, դժվար էր գտնել։ Մենք լրիվ Ջենիֆեր Լոպես վիճակի մեջ ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում