
Ինչո՞ւ հիմա և ի՞նչ հարցեր են Փեզեշքիանի՝ Ադրբեջան այցի օրակարգում

Հարավային Կովկասում էսկալացիայի մտահոգությունների ֆոնին այս ամիս սպասվում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցն Ադրբեջան։ Սա կլինի նախագահի պաշտոնում Փեզեշքիանի առաջին այցն Ադրբեջան։
Ավելի վաղ՝ փետրվար ամսին, Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն Իրան կատարած այցի շրջանակներում հանդիպել էր Մասուդ Փեզեշքիանի հետ։ Իրանական աղբյուրների համաձայն, Հաջիևը նրան փոխանցել էր անկեղծ ողջույններ և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի՝ Ադրբեջան այցելելու հրավերը։
Մարտի 31-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում երկու առաջնորդները փոխանակվել են իսլամական Էյդ ալ-Ֆիտր տոնի առթիվ շնորհավորանքներով։ Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ, զրույցի ընթացքում նախագահ Փեզեշքիանը շնորհավորել է Ալիևին, Ադրբեջանի ժողովրդին և ողջ աշխարհի մուսուլմաններին, ապա անդրադարձել առաջիկայում Ադրբեջան կատարելիք իր այցին՝ ընդգծելով, որ այցի նպատակն է խորացնել դիվանագիտական քննարկումներն ու ամրապնդել երկկողմ կապերը։ «Հուսով եմ, որ իմ այցի ընթացքում մենք կարող ենք արդյունավետ և հաջող քննարկումներ անցկացնել՝ մեր երկու հարևան ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու համար»,- հայտարարել է Փեզեշքիանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին՝ Փեզեշքիանին և Իրանի ժողովրդին շնորհավորել էր Էյդ ալ-Ֆիտր տոնի առթիվ։ «Անհամբերությամբ սպասում ենք Ձերդ Գերազանցության այցին մեր երկիր՝ երկու երկրների միջև բարիդրացիական կապերն ու փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով»,- հավելել է Ալիևը։
Հաղորդվում է նաև, որ սպասվող այցին ընդառաջ օրերս Բաքու է ժամանել Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանաին, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն, Ալիևն իրանցի պաշտոնյայի հետ քննարկել է երկու երկրների միջև տրանսպորտային, էներգետիկ, տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։
Մարտի վերջին էլ Հայաստանի Հանրապետություն էր ժամանել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ով կողմերին կոչ արեց շուտափույթ ստորագրել համաձայնագիրը։
Նա մտահոգություն հայտնեց ռեգիոնալ լարված իրադրության առնչությամբ, նշելով, որ տարածաշրջանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում և դիվանագիտության միջոցով՝ առանց ուժի կիրառման։ Սակայն, բացի ռեգիոնալ մտավախություններից, նոր թափ է առնում Իրան-ԱՄՆ առճակատումը։ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից սպառնալիքներ են տեղում Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է Իրանին ռմբակոծությամբ ու երկրորդական մաքսատուրքերով, եթե Թեհրանն իր վարչակազմի հետ համաձայնության չգա միջուկային ծրագրի շուրջ։
«Եթե նրանք գործարքի չգնան, ապա ռմբակոծություններ կլինեն։ Հավանականություն կա, որ եթե գործարքի չգնան, ես նրանց վրա երկրորդական մաքսատուրքեր կսահմանեմ, ինչպես 4 տարի առաջ արեցի»,- NBC News-ի լրագրող Քրիստեն Ուելքերի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Թրամփը՝ հավելելով, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները՝ ի պատասխան միջուկային ծրագրի շուրջ Թրամփի նամակին։
«Թեև այս պատասխանում մերժվել է երկու կողմերի միջև ուղիղ բանակցությունների հնարավորությունը, սակայն ընդգծվել է, որ անուղղակի բանակցությունների ճանապարհը մնում է բաց»,- նշել է նա։ Այս սպառնալիքները սկսվեցին այն բանից հետո, երբ իրանական կողմը մերժեց ԱՄՆ-ի՝ ուղիղ բանակցություններ սկսելու առաջարկը։ Սակայն արևմտյան լրատվամիջոցները նաև գրում են, որ սպառնալիքներին զուգահեռ՝ Սպիտակ տունը լրջորեն քննարկում է միջնորդավորված բանակցություններ անցկացնելու Իրանի առաջարկը։ Մասնավորապես Axios-ի աղբյուրները նշել են, որ թեև ամերիկյան իշխանությունները դեռ չեն մերժել Թեհրանի այս առաջարկը, սական Սպիտակ տանը վստահ են, որ «ուղիղ բանակցություններն ավելի մեծ հնարավորություն կստեղծեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանագիր ստորագրելու համար»։
«168 Ժամի» հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին նշեց, որ ԱՄՆ-ը պարզապես մեծացնում է ճնշումն Իրանի նկատմամբ նրան զիջումների դրդելու նպատակով։ Նրա խոսքով, իհարկե, էսկալացիայի հավանականությունը չպետք է բացառել, ԱՄՆ-ը ամեն կերպ նման պատրանք է փորձում ստեղծել, սակայն դա այդքան էլ իրատեսական չէ։
«Այնուամենայնիվ, պետք է պատրաստ լինել ամեն սցենարի, երբ հնչում են ուղիղ սպառնալիքներ, Իրանում պատրաստվում են տարբեր սցենարների։ Բնականաբար, հեշտ ժամանակներ չեն Իրանի համար, երբ կան թե աշխարհաքաղաքական, թե ռեգիոնալ մտահոգություններ, որոնք որքան կտրված են միմյանցից, այնքան էլ փոխկապակցված, քանի որ աշխարհաքաղաքական զարգացումները շղթայի տրամաբանությամբ են ընթանում, փոխկապակցվածությունը չափազանց մեծ է»,- ասաց վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է այցին Ադրբեջան, ապա, Վիկտոր Նադեին-Ռաևսկին գտնում է, որ այն ունի թե երկկողմ, թե ռեգիոնալ նշանակություն՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իսրայելի հետ լարման վտանգը։
«Դեպի Ադրբեջան այցի օրակարգը չափազանց լայն կարող է լինել, երբ դիտարկում ենք այդ երկրների արտաքին քաղաքականությունն ու երկկողմ հարաբերությունների բովանդակությունը»,- նկատեց նա։
Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը մեզ հետ զրույցում ասաց, որ ԻԻՀ նախագահի այցն Ադրբեջան կրում է թե երկկողմ, թե ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական բնույթ։ Նա հիշեցրեց, որ անցյալ տարի կողմերի հարաբերություններում առաջացել են խնդիրներ ու այս տարեսկզբից Իրանը և Ադրբեջանը փորձել են կայունացնել իրավիճակը։
«Ուստի այդ ջանքերի վերջնակետն այս այցը պետք է լինի, որի ընթացքում, ենթադրաբար, կքննարկվի թե երկկողմ տնտեսական, ենթակառուցվածքային պրոյեկտները, իրավիճակը ռեգիոնում, Հայաստանի հետ հարաբերությունների հեռանկարն ու ավելի լայն բնույթի խնդիրներ»,- նկատեց փորձագետը։
Բարզեգարը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ հասունացող զարգացումները հավելյալ բարդացնում են իրավիճակը թե ռեգիոնում, թե աշխարհում։ «Սակայն, կարծում եմ, այս հարցում իր դերակատարությունը կփորձի ունենալ Ռուսաստանը, որն արդեն բանակցում է Թրամփի աշխատակազմի հետ։ Սա իր հերթին՝ հավելյալ բարդացնում է իրավիճակը Հարավային Կովկասում, որտեղ Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել կարգավորման շուրջ, ավելին՝ երբեմն էսկալացիայի վտանգները շատ ավելի հավանական են դառնում։ Կարևորելով հարավկովկասյան ռեգիոնը՝ Իրանն այստեղ վերջին տարիներին ստանձնել է հստակ զսպող դերակատարություն և շարունակելու է այն իրականացնել, չնայած խնդիրներին։ Սպասվելիք այցը պետք է դիտարկել նաև այդ կոնտեքստում, հատկապես, երբ վերջին շրջանում Երևանն ու Բաքուն հաստատել են, որ ավարտել են համաձայնագրի շուրջ բանակցությունը, սակայն չեն ստորագրում, քանի որ փաստորեն համաձայնագիրը չի պարզաբանում բոլոր հարցերը կողմերի միջև»,- ասաց Բարզեգարը։
Ըստ նրա, առանձին հարցերից մեկը վերաբերում է Ադրբեջանը Նախիջևանին Իրանի տարածքով կապող ճանապարհի շուրջ քննարկումներին։ «Կարծում եմ՝ այս այցի ընթացքում այդ հարցն ավելի առարկայական կքննարկվի և ավելի պարզորոշ կերևա՝ կողմերը շարունակելո՞ւ են առաջ շարժվել այդ ուղղությամբ, թե՞ այն մնալու է՝ որպես առաջարկ»,- նկատեց նա։