Արմեն Աշոտյանը կշարունակի գտնվել տնային կալանքի ռեժիմում ևս 3 ամիս. Դատավորը մերժեց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է  Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Նախորդ դատական նիստին հարցաքննվեց վկա Վաչիկ Սաղաթելյանը: Վերջինս ներկայացել էր իր փաստաբանի՝ Երվանդ Վարոսյանի հետ: Վաչիկ Սաղաթելյանը, դիմելով, դատարանին, ասաց, որ օգտվում է իր իրավունքից ու հրաժարվում է ցուցմունք տալ:

«Մեր ՍՊԸ-ի («Նավասարդ» ՍՊԸ,- Գ.Ս.) քննիչը հաշվապահական բոլոր թղթերը վերցրել ու չի վերադարձրել: Ես էլ մտածում եմ՝ դա կարող է իմ դեմ օգտագործվել, ու հրաժարվում եմ ցուցմունք տալուց»,- ասաց վկան:

Այսօրվա դատական նիստի սկզբում հարցաքննվեց վկա, «Արև-շին» ՍՊԸ տնօրեն Տաթևիկ Աբրահամյանը:

Կարդացեք նաև

Վկայի հարցաքննությունից հետո, Արմեն Աշոտյանի տնային կալանքի հերթական եռամսյա ժամկետը լրանալու հետ կապված՝ քննարկվեց նրա խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը:

Հանրային մեղադրող Դոլինյան կրկնեց այն, ինչ ասում է յուրաքանչյուր 3 ամիսը մեկ՝ քննության վրա ազդելու ռիսկը չի վերացել:

Պաշտպանները կրկնեցին՝ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, և դատախազի վկայակոչած իրավաչափության պայմաններն այս գործի հետ կապ չունեն:

Վերջիններս միջնորդեցին վերացնել տնային կալանք խափանման միջոցը և առհասարակ որևէ խափանման միջոց չկիրառել:

Արմեն Աշոտյանը ևս միացավ իր պաշտպանների միջնորդությանը: Վերջինս իր խոսում նշեց՝ Պրոբացիոն ծառայության աշխատակիցները 6 ամսվա ընթացքում 21 անգամ այցելել են իր բնակության վայր և որևէ խախտում չեն հայտնաբերել:

«Սահմանափակված է իմ քաղաքական գործունեությունն ամբողջությամբ: Եթե ՔԿՀ-ից կարող էի նամակ գրել, տալ գործընկերներիս, որ ուղարկեն ԵԺԿ-ին, հիմա դա էլ չեմ կարող անել: Հոդվածներս գրելս խնդրում եմ չհամարեք քաղաքական գործունեություն: Իմ քաղաքական հակառակորդները 7/24 ռեժիմով, բենզակալոնկի  ռեժիմով Ֆեյսբուքում են, գրում են, խոսում են, սուպերմարկետի ռեժիմով ինչ-որ մարդկանց վրա ինչ-որ բաներ են ծախում: Ես ի՞նչ գործիքակազմ ունեմ… Ոչ մի»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ որպես ՀՀԿ փոխնախագահ՝ չի կարողանում կապ հաստատել իր վերադասի ու կուսակիցների հետ:

«Բաներ կա, որ ես չեմ կարող ասել իմ տուն այցելող գործընկերներիս ու պետք է միայն իմ ղեկավարին ասեմ: Ասենք թե ես դժգոհ եմ խորհրդարանական ֆրակցիայի պատգամավորների աշխատանքից: Պիտի ասեմ՝ Հայկ Մամիջանյան, Աննա Մկրտչյան, կգնաք Սերժ Սարգսյանին կասեք՝ ես դժգո՞հ եմ ձեր աշխատանքից»,- իրավիճակի աբսուրդը ներկայացրեց Արմեն Աշոտյանը:

Վերջինս նշեց, որ ինքը վստահ չէ՝ այն սարքը, որ տեղադրված է իր տանը, ԱԱԾ-ի կողմից չի համալրվել գաղտնալսման սարքով:

«Կազմակերպեք, թող փորձաքննեն: Ես ունեմ շատ ստույգ կասկածներ, որ այդ սարքի մեջ գաղտնալսող սարք կա, որը ձայնագրում է՝ ինչպես անձնական, այնպես էլ՝ քաղաքական կամ փաստաբանական բնույթի տեղեկություններ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը հիշեցրեց նաև, որ իրենց միջնորդությունից անցել է 8  ամիս բայց դեռևս իրեն չեն տրամադրվել իրեն թվային խուզարկության ենթարկելու արդյունքները:

Լսելով կողմերին՝ դատավորն ասաց, որ թեև դատավարության մեջ որոշակի առաջընթաց կա, բայց դատարանի արձանագրած մտավախությունները չեն փարատվել: Հետևաբար՝ Արմեն Աշոտյանը կշարունակի գտնվել տնային կալանքի ռեժիմում ևս 3 ամիս:

Արմեն Աշոտյանը կկարողանա հանդիպել ՀՀԿ ԳՄ անդամների հետ իր տանը:

Տեսանյութեր

Լրահոս