
Գրենլանդիայում ԱՄՆ պատվիրակության այցն անվանել են անհարգալից վերաբերմունք կղզու բնակիչների նկատմամբ

Միացյալ Նահանգների պատվիրակության առաջիկա այցը Գրենլանդիա ցույց է տալիս հարգանքի բացակայությունը կղզու բնակիչների նկատմամբ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Գրենլանդիայի խորհրդարանում ամենամեծ թվով մանդատ ստացած Demokraatit («Դեմոկրատներ») կուսակցության նախագահ Յենս Ֆրեդերիկ Նիլսենը։
«Այն փաստը, որ ամերիկացիները շատ լավ գիտեն, որ մենք բանակցությունների փուլում ենք և դեռ չենք ավարտել մունիցիպալ ընտրությունները, սակայն, միևնույն է, օգտագործում են Գրենլանդիա գալու հնարավորությունը, հերթական անգամ ցույց է տալիս անհարգալից վերաբերմունքը Գրենլանդիայի բնակչության նկատմամբ», – մեջբերում է քաղաքական գործչի խոսքը Sermitsiaq պարբերականը։
Ամերիկյան պատվիրակությունը, որի կազմում կլինի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կին Ուշա Վենսը, Գրենլանդիա կայցելի մարտի 27-29-ը։ Գրենլանդիայի կառավարության հեռացող նախագահ Մյութե Էգեդեն այդ այցն անվանել է «բացահայտ սադրանք»՝ մատնանշելով պատվիրակության կազմում նաև Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի ներկայությունը։
«Այժմ մենք գտնվում ենք այն մակարդակում, երբ դա ոչ մի կերպ չի կարելի անվանել քաղաքական գործչի կնոջ անվնաս այց: Ո՞րն է անվտանգության խորհրդականի նպատակը Գրենլանդիայում: Միակ նպատակն է իր ուժի ցուցադրությունը մեզ», – մեկնաբանել է նա:
Գրենլանդական հրատարակության համար գրավոր մեկնաբանության մեջ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը նշել է, որ առաջիկա այցին վերաբերվում է ամբողջ լրջությամբ, և ընդգծել է Միացյալ Նահանգների հետ համագործակցելու՝ Դանիայի ցանկությունը։
«Բայց դա պետք է լինի համագործակցություն՝ հիմնված ինքնիշխանության և երկրների ու մարդկանց միջև հարգանքի հիմնարար արժեքների վրա», – գրել է կառավարության ղեկավարը։ Նա նաև կրկնել է, որ Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը տեղի կունենա Դանիայի կառավարության և Գրենլանդիայի նոր կառավարության միջև սերտ համագործակցությամբ։
Մարտի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավանություն կտար Գրենլանդիայի բնակչության որոշմանը Դանիայի այդ ինքնավար տարածքն ԱՄՆ-ի կազմ մտնելու վերաբերյալ։ ԱՄՆ ղեկավարը նախկինում բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է միանա ԱՄՆ-ին։ Նա սպառնացել է բարձր առևտրային մաքսատուրքեր սահմանել Դանիայի դեմ, եթե նա չհրաժարվի կղզուց։ Դեռևս իր առաջին նախագահական ժամկետի ժամանակ է Թրամփն առաջարկել գնել Գրենլանդիան։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները մերժել են այդ գաղափարը: