«Եթե կռիվ չտվեցիր, երկրորդ «Եռաբլուր» ես ունենալու. սրան հաջորդելու է փոթորիկը. 20 ազգ սպասում է, որ սայթաքես». Աբրահամ Գասպարյան

«Անցած տարվա հոկտեմբերին, երբ հապշտապ փաստաթուղթ ստորագրելու նույն նախաձեռնությունը կար և նույն փութաջանությամբ էին Հայաստանի իշխանություններն աշխատում այդ ուղղությամբ, ես ասել եմ, որ պատերազմ չի լինի, մինչև ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխություն տեղի չունենա: Բազմաթիվ հանգամանքներ կային, որ կարող էին ասել՝ այդ պատուհանը բացվում է, ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ նախընտրական շրջան էր, և Թրամփին փոխարինեց Բայդենը: Ես կանխատեսում էի, որ դա մինչև ապրիլ կհետաձգվի՝ պայմանավորված աշխարհաքաղաքական մի շարք վերադասավորումներով: Այս պահի դրությամբ մասշտաբային պատերազմ չի լինի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը:

Նա չի բացառում, որ կարող է լինել բլից-կրիգ, ռազմավարական դիրքերի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն սահմանելու ռազմական օպերացիա. «Պուտին-Թրամփ հանդիպումը չկայացած՝ պատերազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ, կլինի մեծագույն արկածախնդրություն, որի համար Ադրբեջանը չի կարողանալու տակից դուրս գալ առաջիկա մի քանի տասնամյակում: Հայաստանի միակողմանի կապիտուլյացիան՝ հօգուտ Ադրբեջանի, լինելու է ծանր բեռ Ադրբեջանի համար, որի տակից չի կարողանալու դուրս գալ: Խնդիրը պետք է դիտարկել բազմաթիվ կողմերից և չկենտրոնանալ միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա: Խաղաղության անվան տակ կարող են դատարկ թուղթ էլ այս իշխանությունները ստորագրել, Ադրբեջանն ինչ ուզի՝ գրի: Մենք գործ ունենք 17 կետից բաղկացած փաստաթղթի հետ, որտեղ իբր խոսվում է խաղաղության մասին և գոյություն ունեն բանավոր պայմանավորվածություններ, որոնց մասին Ադրբեջանը պարբերաբար սպրդումներ է անում մամուլում»:

Նրա խոսքով՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան չեն կարող հաշվի չնստել իրանական գործոնի հետ. «Թուրքական գործոնի զսպվածությունը կամ սողացող ագրեսիան Հայաստան պայմանավորված է իրանական գործոնի առկայությամբ, ապա երկրորդը ռուսական գործոնն է: Ռուսաստանն ու Իրանը զսպող մեխանիզմ են Հարավային Կովկասում տարածաշրջանային հավասարակշռությունը պահպանելու առումով»:

Կարդացեք նաև

Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ արժանապատվության և հողի համար պետք է կռիվ տալ, ոչ թե ասել՝ դե մեկ է, Փաշինյանը հանձնելու է. «Այո, 44-օրյայի ժամանակ մենք տվեցինք կռիվ, 4000 տղու արյուն է թափված, «Եռաբլուրը» մի ամբողջ քաղաք է: Հիմա ուզում եք ևս մեկը կրկնվի՞: Կռիվ չտալով ես դու երկրորդ «Եռաբլուր» ունենալու: Եթե կռիվ չտվեցիր, երկրորդ «Եռաբլուր» ես ունենալու, որովհետև ինքը քեզ չի հարցնելու, դու իր համար ոչ մի նշանակություն չունես, դու իր համար ճանապարհի խոչընդոտ ես, որը պետք է վերացնի: Վերջին 120 տարում բան է փոխվե՞լ, ես ավելի հետ չեմ գնում, որովհետև հայ-թուրքական խնդիրն 800 տարվա պրոբլեմ է, մարդկության քաղաքակրթության պրոբլեմ է: Երբ ասում եմ՝ հայ-թուրքական խնդիրը կարգավորելու համար պետք է ներգրավել ամբողջ աշխարհին, հենց այնպես չեմ ասում: Չի կարելի այսպիսի բանակցությունների գնալ, կա Հայոց ցեղասպանության խնդիր, որը մարդկության լինելիության խնդիրն է, դրա գնահատականը մարդկության խնդիրն է, ոչ թե՝ հայ-թուրքական սահմանը բացվե՞ց, թե՞ ոչ»:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ոստոստալով գնում է Էրդողանի ոտքերը համբուրելու. «Էրդողանին ասում է՝ խնդրում եմ, երաշխավոր կանգնի, որ Ադրբեջանը չհարձակվի, որպեսզի ես վերարտադրվեմ, հետո ինչ պետք է՝ կփոխենք. Խոսքն ածանցյալ պահանջների մասին է: Բայց այդ ածանցյալ կետերն էլ է Ադրբեջանը բացահայտում: Խաղաղություն չի՛ լինելու: Խաղաղությունը կենաց է: Քաղաքագիտությունը, միջազգային հարաբերություններն ունեն շատ ավելի ծանրակշիռ եզրույթներ, ինչպիսիք են՝ անվտանգություն և ապահովություն և երկարատև և արդար հիմքերով խաղաղություն: Եթե արդարության կոնցեպտը հանում ենք, և ստացվում է, որ հաղթողը տանում է ամեն ինչ, Հայաստանն ի՞նչ է ունենալու այս ամենից, թղթի մի կտոր, որի վրա գրված է խաղաղությո՞ւն: Խնդիրը մեր մեջ է, մենք պետք է որոշենք՝ ինչ ենք ուզում, ոչ թե այս քոսոտ իշխանությունը»:

Աբրահամ Գասպարյանը հիշեցրեց տարիներ առաջ մեր եթերում իր արած այն հայտարարությունը, որ Փաշինյանի արտաքին քաղաքական հովանավորն Էրդողանն է, ինչը հետագայում Փաշինյանի գործողություններից արդեն ակնհայտ դարձավ.

«Հիմա մի բան էլ ասեմ. Ալիևը երբեք Նիկոլի նման անհավասարակշիռ, ոչ ադեկվատ մարդու հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրի: Արդեն ասացի, որ Հայաստանի միակողմանի կապիտուլյացիան բեռ է Ադրբեջանի համար, որի տակից չի կարողանալու դուրս գալ: Նա անգամ Արցախը չի մարսել: Այդ բոլոր հարցերի պատասխանները գալու են: Աշխարհը նաև ատամ ունի այս պանթուրանական կամ նեոօսմանիզմի լկտիացող դրսևորումների պատճառով: Թուրքիան շատ է պոչով խաղում, իրեն վերապահված միջին տրամաչափի դերից ավելիին է ձգտում, ինչը չի թույլատրվում մեծ ակումբում: Պատահական եք համարո՞ւմ, որ Թրամփ-Պուտին հանդիպում տեղի է ունենում ոչ թե Ստամբուլում, այլ Էր Ռիադում: Քաղաքական սուննիզմի դափնին երբ Սաուդյան Արաբիային են թողնում, ինքն ավելի անվտանգ է, որովհետև ամերիկյան կոնտրոլի տակ է մեծ հաշվով, քան թուրքական նեոօսմանականը, որը փորձում է ինքնուրույնություն ձեռք բերել, ինչը ո՛չ Իրանի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՄՆ-ի սրտով չէ, բացառությամբ մեկ պետության՝ Բրիտանիայի»:

Նա նկատեց, որ խաղաղության պայմանագրում կա մի կետ, ըստ որի, եթե վեճեր առաջանան, երկու կողմերը կարող են մի հանձնաժողովի լիազորել, որպեսզի դա լուծի. «Սա ի՞նչ աբսուրդ է, սա տխմարության գագաթնակետն է: Հայաստանը փաստորեն Ադրբեջանի պատվիրակների հետ պետք է փորձի քննարկե՞լ: Ստացվում է, որ դու խաղից հանում ես երրորդ ուժին՝ միջնորդին, պարզ է, չէ՞, սահմանից հանում են երրորդ երկրին:

Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում, ուզում եք ռուսական զորքերը հանել այստեղի՞ց: Լավ, հանեցիր, ուղիղ շփվում եք իրար հետ, կոնֆլիկտ առաջացավ, հայերն ու ադրբեջանցիներն են լուծելո՞ւ իրար հետ: Դուք լո՞ւրջ եք: Այս ամենի հեռանկարն իրենք տեսնում են: Ադրբեջանում մի լուրջ հատված կա, որ Փաշինյանի այս քաղաքականությունից զգուշանում է, որ սա չի արտահայտում Հայաստանի և հայ ժողովրդի մոտեցումը: Իրենք մեզ գիտեն, գիտեն արժանապատվության համար մեր կռիվ տալու պատմությունը: Իրենք շատ լավ հասկանում են, որ սրան հաջորդելու է փոթորիկը: Դա է պատճառը, որ Ալիևը ձգձգելով՝ փորձում է ածանցյալ սկզբունքների վերաբերյալ համաձայնություն ունենալ»:

Նա շեշտեց, որ քանի կա նիկոլիզմը, պետք է պայքարել, կռիվ տալ. «Չմտածեք, որ այս տարածքի համար կռիվ տվող չկա: 20 ազգ կա, որ սպասում է՝ դու սայթաքես, 5 քառակուսի մետր հող ունենան, իրենց դրոշը տնկեն և ասեն՝ մենք պետություն ենք: Այնպես որ, ուզես թե չուզես, այս կռիվը պետք է տրվի: Վերջին 30 տարում դու 15 հազար տղու արյուն ես թափել այստեղ, կա՛մ տեր կկանգնես այդ ամենին, կա՛մ եթե քեզ համար սեփական եղբոր հուշարձանը պղծելը սովորական երևույթ է… ազգն իրավունք չունի ապրելու, եթե տեր չի կանգնելու իր գերեզմաններին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս