
Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Բաքվի մեղադրանքները սահմանին կրակոցների վերաբերյալ բացարաձակապես անհիմն են

Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման կերտմանը:
Ռիո Բրանկոյի դիվանագիտական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Այս հիմնարար ընկալմամբ Հայաստանն ակտիվորեն ներգրավվել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում: Այսօր մենք, ավելի քան երբևէ, մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը կհաստատի պաշտոնական միջպետական հարաբերություններ՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և ուժի կիրառումից կամ սպառնալիքից զերծ մնալու պարտավորությունների վրա։
Անցյալ շաբաթ մենք արձանագրեցինք էական առաջընթաց մեր բանակցություններում. համաձայնվելով Խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին, Հայաստանը ճանապարհ հարթեց տեքստի վերջնականացման համար: Այժմ Խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է և պատրաստ է ստորագրման: Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական կամք այն անհապաղ ստորագրելու հարցում և առաջարկում է հնարավորինս շուտ նախաձեռնել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ՝ սահմանելու այս պատմական համաձայնագրի պաշտոնական ստորագրման վայրը, ժամանակը, ինչպես նաև այլ գործնական մանրամասները»,- մանրամասնել է Արարատ Միրզոյանը:
Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկ այլ կարևոր զարգացում էր սահմանազատման վերաբերյալ անցյալ տարի ձեռք բերված առանցքային համաձայնությունը, որով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչվեց որպես սահմանազատման հիմնարար սկզբունք։
Միրզոյանի խոսքով՝ այս հռչակագիրը վերահաստատեց, որ Խորհրդային Միության փլուզման պահին Հայկական և Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների գոյություն ունեցող սահմանները դարձան համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ: «Մինչ օրս մենք հաջողությամբ սահմանազատել ենք ավելի քան 12 կիլոմետր սահման և հետևողականորեն աշխատում ենք հետագա առաջընթացի ուղղությամբ՝ նպաստելով տարածաշրջանային կայունությանը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Կարգավորման այս համապարփակ գործընթացում Հայաստանը նաև ներկայացրել է կոնկրետ և փոխշահավետ առաջարկներ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որոնք նախատեսում են պարզեցնել սահմանահատման ընթացակարգերը և ներդնել լրացուցիչ մեխանիզմներ՝ բեռների անվտանգության ապահովման համար։ Միրզոյանն ընդգծել է, որ այս առաջարկները կստեղծեն հնարավորություն, որպեսզի և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը փոխադարձաբար օգտվեն միմյանց երկաթուղային ցանցերից՝ խթանելով կայուն տնտեսական համագործակցությունը։
«Մեր մոտեցումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նորարարական նախաձեռնությունում, որն ավելի ու ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում։ Այս տեսլական ունեցող նախագիծը նպատակ ունի բացելու տարածաշրջանային ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ և էլեկտրական ցանցեր, հիմնված՝ ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության հիմնարար սկզբունքների վրա:
Բազմաթիվ երկրներ, թե՛ մեր անմիջական տարածաշրջանում, թե՛ դրա սահմաններից դուրս, ճանաչում են «Խաղաղության խաչմերուկը» որպես կենսական կապ իրենց սեփական տրանսպորտային և լոգիստիկ ծրագրերի հետ՝ ընդգծելով դրա հեռուն գնացող գլոբալ ազդեցությունը։ Չնայած այս զգալի առաջընթացին, որին մենք հասել ենք, պետք է նշել, որ ադրբեջանական կողմից ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է, որն ուղեկցվում է ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտման վերջին օրերի կեղծ մեղադրանքներով։ Ուզում եմ ընդգծել, որ այդ մեղադրանքները բացարձակապես անհիմն են, ինչի մասին վկայում են նաև ԵՄ դիտորդները, որոնք տեղակայված են Ադրբեջանի հետ մեր պետական սահմանի երկայնքով։ Հայաստանը հրադադարը խախտելու պատճառ չունի և հետևողականորեն հանդես է եկել նման պնդումների հետաքննության մեխանիզմի ստեղծման օգտին, ինչին Ադրբեջանը դեռևս պետք է արձագանքի: Բացի այդ, Հայաստանը նաև կառուցողական նախաձեռնություններ է ներկայացրել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի միջոցառումների վերաբերյալ։ Ցավոք, Ադրբեջանը չի արձագանքել այս առաջարկներին ևս»,- նշել է Միրզոյանը:
Նրա խոսքով՝ կայուն խաղաղության համար Հայաստանը և Ադրբեջանը պետք է հետևողականորեն խթանեն փոխվստահությունն ու երկխոսությունը։ Այս գործընթացում դրական ներդրում կարող էր ունենալ չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը՝ ներառյալ հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, ինչպես նաև անհայտ կորածների և բռնի անհետացումների դեպքերի արդյունավետ քննությունը։
«Ուստի ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության ժամանակը հիմա է, և եթե տարածաշրջանում կայունության և բարգավաճման համար Հայաստանի ուժեղ քաղաքական կամքը փոխադարձվի, մենք կհասնենք երկար սպասված և ցանկալի խաղաղության»,- ընդգծել է Միրզոյանը։