Ադրբեջանն իրավիճակը փակուղի է մտցնում

Ադրբեջանը փակուղի է մտցրել վերջին տարիներին բանակցված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» ստորագրման հարցը՝ դաշտ նետելով նոր պահանջներ, պայմաններ և օրեր շարունակ մեղադրելով հայկական կողմին ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ։

Համաձայնագրի վերջին երկու կետերում հայկական կողմի համաձայնությունը ստանալուց հետո Ադրբեջանը մեծ արշավ է սկսել՝ ամենաբարձր մակարդակով նշում են, որ համաձայնագրի ստորագրման պայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է, ապա՝ ԵԱՀԿ ՄԽ լուծարումը, այսպես կոչված, միջանցքի հարցը, ՀՀ ապառազմականացումն ու այլ հարցեր։ Սրան գումարվել է և այն, որ վերջին շրջանում առաջին անգամ այս օրերին ադրբեջանական կողմն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում այն մասին, որ ՀՀ-ն իբրև թե խախտում է հրադադարը կամ պատրաստվում պատերազմի։ Թեև ՀՀ-ն հայտարարում է, որ Ադրբեջանը փաստական տվյալներ չի տրամադրել, ու, որ ՀՀ բանակը որևէ հրահանգ չի ստացել, չունի պատճառ հրադադարի խախտման, իսկ ԵՄ դիտորդներն օրերս որևէ շարժ չէին արձանագրել՝ հերքելով ադրբեջանական ապատեղեկատվությունը, այն այնուամենայնիվ շարունակվում է համակարգված կերպով։

Մինչ ՀՀ իշխանությունները՝ Փաշինյանի աշխատակազմը, ՀՀ ԱԳՆ-ն և իշխանական տարբեր ներկայացուցիչներ, իրենց պատրաստակամությունն են հայտնում համաձայնագիրը ստորագրելու տեղի ու ժամի վերաբերյալ պայմանավորվել Ադրբեջանի հետ, իրենց հավատարմությունն են հայտնում խաղաղության օրակարգին, Ադրբեջանը բացառում է, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրումը՝ ստեղծելով ռեգիոնում նախապատերազմական սպասումներ։ Այս օրերին Ադրբեջանի ղեկավարությունն ինտենսիվ թշնամական ու ռազմատենչ հռետորաբանություն է կիրառում, իր անվստահությունը հայտնելով ոչ միայն ՀՀ իշխանությունների, հայ ժողովրդի, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նկատմամբ։

Մարտի 18-ին Արցախ մեկնած Ալիևը ելույթ է ունեցել և Հայաստանին «հակառակորդ» անվանելով՝ նշել, որ հակամարտության ողջ ընթացքում Հայաստանի թիկունքին են կանգնել արտաքին ուժերը, երկրները և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը մանդատ էր ստացել այս հարցով զբաղվելու համար։ «Նրանց գլխավոր նպատակն այս հակամարտությունը հավերժ դարձնելն էր, մեր հողերը մշտական օկուպացիայի ներքո պահելը և ստելը, անվերջանալի բանակցությունների միջոցով ստիպելով մեզ ընդունել այդ իրականությունը։ Դա էր այդ երեքի նպատակը, այդ երեքը միավորվել էին՝ հանուն այդ մեկ նպատակի։ Թեև նրանց ներկայիս հարաբերությունները ցույց են տալիս, որ դա հազվադեպ երևույթ էր։

Կարդացեք նաև

Ինչի՞ մասին էր դա խոսում։ Բոլոր երեքը կանգնած էին Հայաստանի թիկունքին, բոլոր երեքը տարբեր ճանապարհներով աջակցում էին Հայաստանին։ Մեկը զենք էր տալիս, մյուսը քաղաքական աջակցություն էր ցուցաբերում, երրորդը՝ տնտեսական առավելություններ։ Ահա այս ամենի դեմ էինք պայքարում, այս ամենի դեմ էինք պատերազմում»,- ասել է Ալիևը Մատաղիսում։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էլ այս օրերին հայտարարում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար լուրջ խոչընդոտներ կան։ Ադրբեջանի խորհրդարանի վերլուծական-տեղեկավական ամսագրում հրապարակած հոդվածում Բայրամովը նշել է. «Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի երկկողմ բանակցություններում ձեռք բերված առաջընթացին, Հայաստանում շարունակվող ռևանշիզմի միտումը, սահմանադրության և Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ պարունակող այլ իրավական ակտերի դրույթները փոխելու քաղաքական կամքի բացակայությունը, ինչպես նաև արտաքին ուժերի անմիջական աջակցությամբ Հայաստանի արագ սպառազինումը շարունակում են մնալ հարաբերությունների վերջնական նորմալացման գործընթացի ամենալուրջ խոչընդոտը»։

Նրա խոսքով, այդ հարցերը, ինչպես նաև Ղարաբազյան առաջին պատերազմում անհետ կորածների խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային ջանքերի ընդլայնումը, ականազերծման աշխատանքներին աջակցությունը, «Հայաստանից վտարված մոտ 300.000 ադրբեջանցիների իրավունքների վերականգնման խնդիրը» մնում են Ադրբեջանի դիվանագիտության ուշադրության կենտրոնում։ Նա նաև ասել է օրերս, որ համաձայնագրի ստորագրման պայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է։ Մարտի 19-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի պետքարտուղար Դեյվիդ Լամիի հետ հեռախոսազրույցում Բայրամովն ասել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները» վերացնելու համար։ Միաժամանակ նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ համապատասխան կառույցների վերացման կարևորությունը։

Եվ այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները ձգտում են այս համաձայնագիրն օր առաջ ստորագրել, իբրև թե այն ինքն իրենից անվտանգության որևէ երաշխիք է ներկայացնում, կամ ստորագրելուն պես Ադրբեջանի թշնամական վերաբերմունքը կչեզոքանա։

«168 Ժամի» հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև որևէ ստատուս-քվոյի ամրագրման հեռանկարով հետաքրքրված է առավելապես Հայաստանը, իսկ Ադրբեջանին, ըստ էության, այս համաձայնագիրն այդքան էլ հարկավոր չէ, այն միջազգային հանրության համար է։ Այս համաձայնագրի ստորագրման հարցում շահագրգռվածության դեպքում, ըստ վերլուծաբանի, այն կարող էր ստորագրվել առնվազն մեկ տարի առաջ։ Նա գտնում է, որ այս դիրքորոշման պատճառն այն է, որ Ադրբեջանը ամենացանկալի արդյունքները ստացել է պատերազմով և դրան հաջորդած տարիների ընթացքում, երբ իրականացվեց ռազմական գործողություն Ղարաբաղի դեմ, որից հետո ռեգիոնը դատարկվեց, իսկ խաղաղապահները՝ լքեցին այն։

«Սա եղել է գլխավոր նպատակը, հետո արդեն ձևավորվել են այն բոլոր պահանջները, որոնք ներկայացվում են այսօր։ Իսկ այս վերջին պահանջները ձևավորվել են այս տարիների ընթացքում նրանց, կարելի է ասել, քայլ առ քայլ ձեռքբերումներից հետո։ Ուստի ինչ-որ իրավիճակ ֆիքսելը բխում է Հայաստանի, բայց ոչ՝ Ադրբեջանի շահերից, և տեղի է ունենում այն, ինչ ներկայումս տեսնում ենք»,- ասաց Ռաևսկին։

Նրա խոսքով, ոչ պակաս կարևոր ազդեցություն ունի նաև աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակը, երբ վերադասավորվող աշխարհում և այս փոքր ռեգիոնում միջնորդության հարցը բարդացել է։ «Չկա կայուն միջնորդ, հարթակ, որը զբաղվում է այս հարցով, սա իր հերթին՝ բարդացնում է իրավիճակը։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը հայտնում է պահանջներ, որոնք երկարաժամկետ աշխատանք են պահանջում, ինչը նշանակում է, որ դեռ ոչ կարճ ժամանակահատված հայ-ադրբեջանական հարաբերությունները շարունակելու են մնալ ներկայիս կարգավիճակում»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը նշեց, որ զարգացումները Հարավային Կովկասում անբարենպաստ հունով են ընթանում, քանի որ Խաղաղության համաձայնագիրը բանակցվել էր ստորագրվելու նպատակով։

Նրա որակմամբ, այն չստորագրելը կամ ստորագրությունը հետաձգելը լի է մի շարք վտանգներով, սակայն նա հուսով է, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս չի գա։

«Կարծում եմ՝ գլխավոր խնդիրներից մեկն այն իրավիճակն է, որը ստեղծվել է Արևմուտքում՝ ԱՄՆ-ում նոր իշխանություններ, որոնք նոր օրակարգ ունեն ու նոր են սկսում այն իրագործել, ԵՄ, որը փորձում է հարմարվել այդ օրակարգին ու մի շարք առանցքային որոշումներ կայացնել։ Նոր բանակցությունների ընթացքում նաև Հարավային Կովկասի խնդիրներն են քննարկվելու և վերադիրքավորումներ տեղի ունենալու։ Հիշում ենք, որ որոշ ժամանակ առաջ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ԵՄ-ն բավականին ակտիվ էին իրենց նախաձեռնություններում և միջնորդական ջանքերում, սակայն աշխարհաքաղաքական խնդիրները ևս չափազանց շատ են, մարտահրավերները ԵՄ-ում թե՛ ներքին են, թե՛ արտաքին, բացի այդ, կա արդեն նոր իրավիճակ, որը բոլոր կենտրոններից պահանջում է այլ մոտեցում։ Չնայած այդ ամենին, կան դիտորդներ, և ԵՄ-ն հետևում է իրավիճակին, տալիս համապատասխան գնահատականներ»,- ասաց Սյուզան Ստյուարտը։ Նրա կարծիքով, գլոբալ բանակցություններում որոշակիությունից հետո ավելի որոշակի կլինի իրավիճակը նաև Հարավային Կովկասում, քանի որ նաև խաղացողներն ավելի հստակ կգործեն։

Տեսանյութեր

Լրահոս