
ԱՄՆ դատարանը հակասահմանադրական է համարել USAID-ի արգելափակումը

ԱՄՆ դաշնային դատավոր Թեոդոր Չուանգն արգելել է նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդական Իլոն Մասկին և Կառավարության արդյունավետության վարչությանը (DOGE) քայլեր ձեռնարկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) փակման ուղղությամբ՝ նշելով, որ օտարերկրյա օգնության գործակալությունը փակելու նրանց ջանքերը խախտում են ԱՄՆ Սահմանադրությունը:
Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նախնական որոշմամբ՝ Մերիլենդում գտնվող ԱՄՆ շրջանային դատավոր Թեոդոր Չուանգը հրամայել է Մասկին և նրա գործակալությանը վերականգնել անմիջական և պայմանագրային աշխատակիցների, այդ թվում` արձակուրդի մեջ գտնվողների հասանելիությունն ԱՄՆ ՄԶԳ համակարգչային համակարգերին:
Վճիռը կայացվել է՝ ի պատասխան USAID-ի ներկայիս և նախկին աշխատակիցների հայցի։
«Այսօրվա որոշումը կարևոր հաղթանակ է Իլոն Մասկի և նրա Կառավարության արդյունավետության վարչության կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ կառավարության և Սահմանադրության վրա հարձակման դեմ»,-նշել է Պետական ժողովրդավարության պաշտպանների հիմնադրամի գործադիր նախագահ, գործին առնչվող 26 անանուն հայցվորների շահերը պաշտպանող փաստաբան Նորմ Էյսենը։
Իր հերթին, Թրամփը Fox News-ին հայտնել է, որ իր վարչակազմը կբողոքարկի որոշումը:
«Ես ձեզ երաշխավորում եմ, որ մենք կբողոքարկենք այն: Մենք ունենք սրիկա դատավորներ, որոնք կործանում են մեր երկիրը»,- ասել է Թրամփը։
Թրամփը 2025թ․-ի հունվարին Սպիտակ տանը վերադառնալու առաջին օրը հրամայել է 90 օրով սառեցնել ԱՄՆ-ի ողջ արտաքին օգնությունը։