
«Թուրքիան Գյումրիի դիմաց Սարիկի հաջողությունն ապահովելու համար չի զորավարժություն անում». Էդգար Ղազարյան
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այն կարծիքին է, որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը տակավին չի նշանակում, որ Ադրբեջանը մտադիր է խաղաղություն հաստատել կամ Հայաստանի հետ որևէ փոխգործակցության գնալ:
«Այդ տեքստի համաձայնության մասին հայտարարելուց հետո Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ իրենք առայժմ չեն պատրաստվում դա ստորագրել, որովհետև խաղաղության պայմանագրում արտացոլված 17 դրույթներից բացի, կան նաև այլ պահանջներ: Մենք դեռ չգիտենք՝ ինչ դրույթներ կան այդ պայմանագրում: Հիմնական ենթադրության հիմքը պետք է լինեն Ալիևի հայտարարությունները, և ես ենթադրում եմ, որ այդ պայմանագրի մեջ պետք է լինեն Հայաստանի նոր տարածքներ Ադրբեջանին հանձնելու դրույթները՝ անկլավների վերաբերյալ: Ես վստահ եմ, որ այնտեղ լինելու են դրույթներ՝ ՀՀ սահմանից ԶՈւ-ն հետ քաշելու և միայն սահմանապահ ծառայության զինվորականներին տեղակայելու…»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են՝ դրույթները վերաբերում են նաև Ադրբեջանին, նա արձագանքեց. «Հիմա, որ այդ չհամաձայնեցված կետերի մասին խոսում էին, դրանցից ի՞նչն էր երկու կողմերին վերաբերում, երկուսն էլ միակողմանի են: Այդ երկու կետերից մեկն այն մասին է, որ հայ-ադրբեջանական սահմանին պետք է երրորդ երկրների և կազմակերպությունների ուժեր տեղակայված չլինեն, Ադրբեջանի սահմանին ոչ մի այլ երկրի ուժեր տեղակայված չեն, չնայած՝ փաստացի տեղակայված են թուրքական զորամիավորումներ: Բայց քանի որ նրանք ադրբեջանական զինված ուժերի կազմում են հանդես գալիս, ստացվում է, որ դա միայն իրենց է վերաբերում»:
Գերմանիայի արտգործնախարարը «համարձակ» էր որակել Հայաստանի զիջումները, բայց, օրինակ, իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պնդում է, թե Հայաստանը մինչ այս պահը ոչ մի զիջման չի գնացել ու Ադրբեջանի ոչ մի պահանջ չի կատարել, քանի որ Խաղաղության համաձայնագրի տեքստում որևէ բան չկա, որը վերաբերելի է Հայաստանին ու վերաբերելի չէ Ադրբեջանին:
Էդգար Ղազարյանը նկատեց՝ երևի Արթուր Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի ասածները շան տեղ չի դնում. «Նիկոլ Փաշինյանը մինչև այդ ասել էր, որ իրենք անցել են էլեկտրոնային դիվանագիտության և տեքստի փոխանակումն իրականացնում են էլեկտրոնային տարբերակով: Փաստացի հանդիպումներ չէին լինում այդ բանակցային գործընթացում: Հիմա հայտարարում են բանակցությունների ավարտի մասին, երբ իրենց վերջին բանակցությունը տեղի է ունեցել 3-4 ամիս առաջ: Բանակցություն չկա, կա էլեկտրոնային նամակագրություն: Իսկ թե ինչ է եղել այդ էլեկտրոնային նամակագրության ընթացքում, դրա մասին ասել է Նիկոլ Փաշինյանը:
Իհարկե, դրական է, որ Արթուր Հովհաննիսյանն այլևս չի լսում Նիկոլ Փաշինյանին, դա կարող է իր ընդհանուր ինտելեկտուալ զարգացման վրա դրական ազդեցություն թողնել: Նախագծի տեքստը գրվում է Ադրբեջանում, դա էլ են խոստովանել: Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ երբ հայկական կողմից առաջարկներ են ուղարկվում, ադրբեջանցիները ջնջում են այդ առաջարկները և իրենց հետ են ուղարկում: Այսինքն՝ դեռ չի արձանագրվել մի դեպք, երբ հայկական կողմի մի առաջարկ ընդունված լինի…»:
Նա շեշտեց, որ Ադրբեջանում շատ լավ հասկանում են՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահման չի որոշում, և առաջիկայում օգտագործելու են նաև Փաշինյանի այն հայտարարությունները, թե Սյունիք, Վայոց ձոր մարզերն ամբողջությամբ, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերից առանձին հատվածներ, ըստ Ադրբեջանի գործող սահմանադրության՝ ունեն ադրբեջանական պատկանելություն:
«Ադրբեջանն ասելու է՝ Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով՝ նկատի չունենք այն տարածքները, որոնք ըստ մեր երկրի սահմանադրության՝ ունեն ադրբեջանական պատկանելություն, ինչն ընդունել է նաև Հայաստանի վարչապետը, որը ստորագրում է այս համաձայնագիրը: Պարզ չէ՞, թե դա ինչի է հանգեցնելու: Հիմար պետք է լինել այս պարզ իրողությունները չհասկանալու համար: Իսկ երբ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է ընդունել նոր Սահմանադրություն՝ հրաժարվելով Անկախության հռչակագրից, դա նշանակում է, որ հրաժարվում ես մնացած 30-40 տոկոսից, որովհետև Հայաստանի Հանրապետություն անվանումով պետությունը ստեղծվել է այդ հռչակագրով: Եթե այդ հռչակագիրը հանում են քո իրավական համակարգից, մնացած 30 տոկոսի տերն էլ, կստացվի՝ Թուրքիան է, որը Գյումրիի դիմաց տանկային զորավարժություններ է կազմակերպում, չի՛ անում Սարիկի հաջողություններն ապահովելու համար»,- ընդգծեց նա:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում, որում ընդգծել է՝ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի, բանտարկյալները պետք է ազատ արձակվեն: Իսկ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Ուոլցի հայտարարությանը կհետևեն հստակ քայլեր, և դա ուղղակի հայտարարություն չի լինի՝ հայտարարության համար: «Թող զանգեն, պայմանավորվեն՝ ոնց են մեր գերիներին, մեր մարդկանց հետ տալիս, բոլորին անխտիր՝ անկախ, թե որ ժամանակ են գերեվարվել»,- ասել է Սիմոնյանը:
Էդգար Ղազարյանին թվում է, որ ԱՄՆ նախագահի խորհրդականն անպայման ականջալուր կլինի Ալեն Սիմոնյանի հայտարարությանը և անպայման դա կփոխանցի Դոնալդ Թրամփին. «Չեմ կարծում, որ Դոնալդ Թրամփի համարձակությունը կբավարարի չկատարել Ալեն Սիմոնյանի հանձնարարությունը: Միգուցե այն պահին, երբ այս հարցազրույցը տեսագրում ենք, արդեն Թրամփն անցել է իր պարտականությունների կատարմանը: Իր խնդիրն է՝ ճիշտ ժամկետում կատարել Ալեն Սիմոնյանի հանձնարարությունները, որովհետև չեմ կարծում, որ նրա համարձակությունը կբավարարի չանել այդ հանձնարարությունները»:
Անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, թե խաղաղության պայմանագիր կոչվածի այլընտրանքը պատերազմն է, նա արձանագրեց, որ պատերազմ բերել են գործող իշխանությունները. «Թե որն է եղել այլընտրանքը, ինչպիսի բանակցություններ են եղել, դրան մենք ականատես ենք եղել: Մենք գիտակից կյանքով ապրել ենք մինչև 2018թ. ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը, և այդ ժամանակաշրջանում մենք 1994թ. հետո մեկ պատերազմ ենք տեսել, որը տևել է 4 օր և որի արդյունքը եղել է մեզ համար այն, որ Ադրբեջանը հասկացել է՝ ԼՂ խնդիրն իր համար չունի ռազմական լուծում:
2011թ. Կազանում նրանք համոզվեցին, որ այս խնդիրն իրենց համար չունի նաև դիվանագիտական լուծում: Այսինքն՝ դիվանագիտական լուծում չի ունեցել, ռազմական լուծում չի ունեցել, իրեն մնացել էր վերջին տարբերակը, որը, ցավոք, հաջողեց՝ դա 2018-ին Հայաստանում ադրբեջանա-թուրքական հեղափոխության իրականացումն էր: Եվ քանի դեռ այդ հեղափոխության հետևանքով մեր ժողովրդի ամենաազնիվ զգացողությունները շահարկելով, ապօրինաբար իշխանության ղեկին են հայտնվել Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկողները, մեր պետության գլխին շարունակելու է կախված մնալ պատերազմի, կորուստների վտանգը: Նրանք են մեր երկիրը պահում պատերազմի արհավիրքի և սպառնալիքի տակ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում