
Փաշինյանը փախչելու է՝ պատերազմով կամ ընտրություններով, իսկ դո՞ւք ինչ եք անելու. Ավետիք Չալաբյան
Մարտի 13-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրության նոր տեքստը կունենա տարածաշրջանային նշանակություն՝ առանց բացատրելու հանրությանը, թե այդ նոր Սահմանադրությունն ինչպե՞ս է ազդելու տարածաշրջանի վրա։
Փաշինյանի այս հայտարարությունից ժամեր անց ադրբեջանական կողմից հայտարարեցին, թե Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են, ինչից հետո Հայաստանի արտգործնախարարությունը հաստատեց Բաքվից հնչած հայտարարությունը՝ հավելելով՝ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ Խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների ու տեղի շուրջ։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով համաձայնեցված Խաղաղության պայմանագրի տեքստի և դրանից հետո ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվությունների մասին, «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց՝ դրանց պատճառն այն է, որ Ալիևը որևէ թուղթ ստորագրելու մտադրություն չունի, փոխարենը՝ հենց Փաշինյանին է այդ խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ՝ 2026 թվականի ընտրությունների ժամանակ քաղաքացիների վրա այն վաճառելու նպատակով։
«Պայմանագրի ստորագրում ամեն գնով Փաշինյանին է պետք, որովհետև դա լինելու է նրա վերարտադրության բանալին. այդպես է, թերևս, միայն Փաշինյանի պատկերացմամբ, որովհետև այդ պայմանագիրն իրականում չի ստորագրվելու, քանզի Ալիևին պետք չէ»,– ասաց Չալաբյանը՝ ընդգծելով, որ փոխարենը՝ ադրբեջանական կողմը կանի այնպես, ինչպես արեց, օրինակ, Երևանի ավագանու ընտրություններից առաջ և հետո։
«Երևանի ավագանու ընտրություններից առաջ Ալիևը սպասեց, որ ընտրությունները կայանան, ապա հայաթափեց Արցախը։ Հիմա փորձելու են նույն ծրագիրը գործարկել. չեմ զարմանա, որ Գյումրու ընտրություններից հետո նոր տեղի ունենա էսկալացիա»,– ասաց Ավետիք Չալաբյանը։
Վերջինիս խոսքով՝ Փաշինյանը, սակայն, Ալիևի պահանջը կատարելու՝ Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու հարցում կանգնելու է լրջագույն փաստի առաջ, որովհետև չի կարողանալու հավաքել ընտրելու իրավունք ունեցողների 25 տոկոս կողմ ձայները. ի դեպ, դա գիտի նաև ինքը՝ Փաշինյանը, որը մեկ անգամ արդեն չեղարկել է սահմանադրական հանրաքվե անցկացնելու իր որոշումը։
«Ուստի ուզում եմ դիմել Փաշինյանի աջակիցներին, Փաշինյանը չի կարողանալու վերարտադրվել, հետևապես՝ որքան հնարավոր է շուտ Փաշինյանին անվստահություն հայտնեք։ Անվստահություն հայտնելու պարագայում դուք կարող է ապագա Հայաստանում ձեզ համար տեղ ունենաք, հակառակ պարագայում՝ Փաշինյանը պատերազմով կամ ընտրություններով հեռանալու պարագայում՝ Ասադի պես ինքնաթիռով փախչելու է, իսկ դո՞ւք ինչ եք անելու։ Փաշինյանը մեծ հավանականությամբ փախչելու է… Հնարավոր չէ իշխանությունդ հավերժ պահես, երբ երկրիդ ներսում իշխանություն չունես, դու ինչպե՞ս ես երկիր կառավարելու, երբ մարդիկ ատում են։ Փաշինյանը մեկ տարուց ավելի չի կառավարելու. նրա իշխանությունը հոգեվարքի մեջ է»,- ասաց Ավետիք Չալաբյանը՝ հավելելով՝ Փաշինյանի վարկանիշը գնալով անկում է ապրում, և դա են փաստում սոցիոլոգիական հարցումները, ըստ որոնց՝ Փաշինյանը վերջին չորս ամսվա ընթացքում կորցրել է իր վարկանիշի ուղիղ կեսը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։