
Ռուբիոն Իրանին մեղադրել է հութիների կողմից ԱՄՆ-ի նավերի վրա հարձակումները ֆինանսավորելու մեջ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի վրա է բարդել պատասխանատվությունը Եմենում «Անսար ալլահ» շարժման կողմից ԱՄՆ-ի նկատմամբ առաջացած սպառնալիքի համար։
«Հութիները չէին կարողանա սպառնալ մեր նավատորմին և առևտրային նավերին առանց Իրանի օգնության: Նրանք սովորել են ստեղծել անօդաչու թռչող սարքեր և բարդ հականավային համակարգեր, սակայն այդ տեխնոլոգիան և ֆինանսավորումը ստացվում են Իրանից: Առանց Իրանի հութիների սպառնալիքը կսահմանափակվեր Եմենի ներքին հակամարտություններով»,-ասել է Ռուբիոն Fox News Radio ռադիոկայանին տված հարցազրույցում:
Պետքարտուղարը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ հարձակումների շարունակման դեպքում Իրանի համար հետևանքներ կլինեն։ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր հերթին դատապարտում է Միացյալ Նահանգների հռետորաբանությունը և կտրականապես մերժում է ԱՄՆ նախագահի և նրա վարչակազմի հայտարարություններն «Անսար ալլահ» շարժման հարձակումներին Թեհրանի ենթադրյալ մասնակցության մասին:
Մարտի 15-ին Դոնալդ Թրամփի հրամանով Միացյալ Նահանգները սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Եմենում հութիների օլբյեկտներին։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը և նավարկության ազատության ապահովմանը։
Ի պատասխան շարժումը երկու անգամ հարձակվել է ամերիկյան USS Harry Truman ավիակիրի վրա Կարմիր ծովի հյուսիսային մասում՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։