
Սիրիան և Լիբանանը համաձայնության են եկել սահմանին հրադադար հաստատելու շուրջ

Սիրիան և Լիբանանը սիրիական բանակի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումներից հետո համաձայնության են եկել երկու երկրների սահմանի երկայնքով հրադադար հաստատելու վերաբերյալ:
Այս մասին հայտնել է Syria TV-ն։
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Լիբանանի պաշտպանության նախարարության հետ՝ սահմանին կրակը դադարեցնելու մասին: Իր հերթին, Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ Լիբանանի պաշտպանության նախարար Միշել Մենասան հեռախոսազրույց է ունեցել իր սիրիացի գործընկեր Մարհաֆ Աբու Կասրայի հետ՝ քննարկելու երկու երկրների սահմանային զարգացումները:
Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները Լիբանանի բանակի հետախուզական վարչության և սիրիական հետախուզության միջև՝ կանխելու սահմանային իրավիճակի վատթարացումը և քաղաքացիական հնարավոր զոհերը:
Մարտի 16-ին Սիրիական բանակի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները տեղի են ունեցել սահմանային Քուսեյրի շրջանում, որոնք շարունակվել են մինչև մարտի 18-ի կեսգիշեր:
Իրավիճակը սահմանին լարվել էր այն բանից հետո, երբ մարտի 16-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ «Հեզբոլլահ»-ի անդամները դարանակալել են Հոմսի արևմուտքում գտնվող Զայթա սահմանային գյուղի մոտ և առևանգել սիրիական բանակի երեք զինվորականների, ապա նրանց տարել Լիբանանի տարածք։
Ի պատասխան դրա՝ սիրիական բանակի հրետանին թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի դիրքերը Լիբանանի սահմանին։ Բախումները տեղի են ունեցել Սիրիայի և Լիբանանի միջև սահմանային լարվածության սրման ֆոնին, որտեղ նախորդ ամիս բախումներ էին տեղի ունեցել սիրիական բանակի և երկու երկրների սահմանային շրջաններում բնակվող թմրանյութերի ու զենքի մաքսանենգությամբ զբաղվող լիբանանյան խմբերի միջև: