Բաժիններ՝

ՀԱՊԿ-ը մարտի 17-ից 20-ը ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանք է անցկացնում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մարտի 17-ից մինչև 20-ն անցկացնում է Միացյալ շտաբի, Քարտուղարության և կազմակերպության անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանք։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այդ մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։

Միջոցառումն անցկացվում է Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի գլխավորությամբ։ Նա նշել է, որ միջոցառումը պլանային է և առանցքային 2025 թվականին կազմակերպության համատեղ նախապատրաստման համակարգում։ 

Ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքն իրականացվում է երեք փուլով, որոնց ընթացքում նախատեսվում է հետևողականորեն մշակել հավաքական որոշումների նախապատրաստումը կազմակերպության ռազմական բաղադրիչի ձևավորման և ծավալման համար: 

«Առաջին փուլում կլուծվեն հավաքական անվտանգության Արևելաեվրոպական տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակի կանխման հարցերը», – ասել է Սերդյուկովը:

Երկրորդ փուլում, շտաբի պետի խոսքով, պլանավորված է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակի կանխման խնդիրների մշակում, որոնք նախատեսում են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արագ ծավալման հավաքական ուժերի ձևավորում և տեղակայում և ռազմատեխնիկական օգնության ցուցաբերում:

Երրորդ փուլում պլանավորվում է ՀԱՊԿ-ի անդամ պայմանական պետության տարածքում խաղաղապահ գործողության նախապատրաստման խնդիրների մշակում։

«Այս տարի առաջին անգամ նախատեսվում է մշակել ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման համատեղ կազմավորման ձևավորման և ծավալման հարցերը՝ խաղաղապահ գործողության անվտանգության ապահովման համար», – նշել է Սերդյուկովը: 

Բացի այդ, իրականացվում են ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի գործնական համագործակցության շուրջ համաձայնությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս