
Սիրիա-լիբանանյան սահմանին բախումների հետևանքով կան զոհեր

Սիրիական Հոմսի շրջանում լիբանանյան «Հեզբոլլահ»-ի զինյալների հետ շարունակվող բախումների հետևանքով սիրիական բանակի անձնակազմի զոհերի թիվը հասել է 8-ի։ Այս մասին հայտնում է Syria TV-ն։
Պարբերականը նաև հայտնում է, որ երկու խաղաղ բնակիչ է զոհվել «Հեզբոլլահ»-ի կողմից Հոմսի գյուղերի հրետակոծության հետևանքով։ Բացի այդ, տեղեկություններ կան հրթիռակոծման հետևանքով լրագրողի և լուսանկարչի վիրավորվելու մասին:
Միևնույն ժամանակ լիբանանյան բանակը հաստատել է իր շարունակական շփումները Սիրիայի իշխանությունների հետ՝ սահմանի երկայնքով անվտանգությունը պահպանելու համար:
Լիբանանասիրիական սահմանին վերջին օրերին լարված իրավիճակ է տիրում։ Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվել, որ լիբանանյան տարածքում մոլորվել են սիրիացի զինվորներ, որոնք սպանվել են կրակոցներից:
Սիրիական բանակն ամբողջությամբ հերքել է այս տեղեկությունը՝ պնդելով, որ մարտի 16-ին «Հեզբոլլահ»-ի անդամները ներթափանցել են սիրիական տարածք, առևանգել երեք զինվորի և սպանել Լիբանանում։
Սահմանային միջադեպերը վերաճել են փոխադարձ հարվածների այն բանից հետո, երբ մարտի 17-ի առավոտյան սիրիացի անվտանգության աշխատակից է սպանվել Հոմսի շրջանում անվտանգության մեքենայի հրթիռակոծման հետևանքով։
Մարտի 16-ի միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի և Լիբանանի միջև սահմանային լարվածության սրման ֆոնին, որտեղ նախորդ ամիս բախումներ էին տեղի ունեցել սիրիական բանակի և երկու երկրների սահմանային շրջաններում բնակվող թմրանյութերի ու զենքի մաքսանենգությամբ զբաղվող լիբանանյան խմբերի միջև: