«Այդ գործընթացն ավարտվելու է այն ժամանակ, երբ Ադրբեջանը Հայաստանի փոխարեն ունենա «Արևմտյան Ադրբեջան». թույլ չտալու համար պետք է դիմադրել». Կարեն Իգիթյան

Երեկ Ադրբեջանի արտգործնախարարը, այնուհետև ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Երևանի ու Բաքվի միջև ավարտվել են բանակցությունները «խաղաղության պայմանագրի» տեքստի կետերի համաձայնեցման շուրջ։

Մինչ մի քանի երկրներ ողջունում են այս գործընթացը, շեշտելով, որ Հայաստանի «համարձակ զիջումների» արդյունքում «խաղաղության պայմանագիրը»  կյանքի է կոչվում, Ալիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ ասելով, որ «Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է զրոյականին»:

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջին զուգահեռ՝ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանից պահանջելու է, որպեսզի 30 տարիների ընթացքում հասցված վնասը փոխհատուցի։

Այս պայմաններում Հայաստանին ի՞նչ է տալու «խաղաղության պայմանագիրը» և այս օրակարգով ի՞նչ է սպասվելու Հայաստանին։

Կարդացեք նաև

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը, խոսելով այս հարցերի շուրջ, հիշեցրեց՝ բազմիցս ասել են, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության գնալ Հայաստանի հետ, ավելին՝ եթե նույնիսկ լինի ստորագրված ինչ-որ փաստաթուղթ, դա բոլորովին չի նշանակելու, որ խաղաղություն է լինելու։

«Սա է մեր ելման կետը, այստեղից պետք է կառուցենք մեր բոլոր վերլուծությունները։

Ի՞նչ նպատակներ ու ծրագրեր ունեն Ադրբեջանն ու Թուրքիան, ո՛չ մեկը, ո՛չ մյուսը ցանկություն չունի Հայաստանի հետ ունենալ նորմալ, խաղաղ հարաբերություններ։ Երկու երկրների նպատակն է ոչնչացնել Հայաստանը, եթե սա մենք հասկանում ենք, հետո արդեն հասկանում ենք Ադրբեջանի տրամաբանությունը, որտեղ մի կողմից բոլոր կետերը համաձայնեցվում են, մյուս կողմից՝ նոր պահանջներ ներկայացվում Հայաստանին։

Ադրբեջանը ռազմական ուժով ստանում է այն, ինչ կարողանում է, հետո ուժի սպառնալիքով ստանում է երկրորդ մասը, այնուհետև գնում է առաջ ու ավելացնում նոր պահանջներ, որն ուժով ու ուժի սպառնալիքով ստանում է։ Այդ գործընթացն ավարտվելու է այն ժամանակ, երբ Ադրբեջանը ստանա ամեն ինչ, այսինքն՝ Հայաստանի փոխարեն ունենան «Արևմտյան Ադրբեջան»։ Այդ ամենը թույլ չտալու համար միակ միջոցը դիմադրությունն է՝ Հայաստանը պետք է դիմադրի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Իգիթյանը։

Շարունակելով միտքը, փորձագետը շեշտեց՝ Ադրբեջանի պահանջներն ու ցանկությունները շատ ավելի մեծ են, իսկ Հայաստանի իշխանությունը վստահ է, որ բավարարելով Ադրբեջանի պահանջները, փոխարենը ստանալու է խաղաղություն, ինչն իհարկե չի լինելու։

«Հայաստանը պետք է դիմադրի, գտնի դաշնակիցներ և վարի այն քաղաքականությունը, որն ունեցել է մինչև 2018 թվականը։

Իսկ օրվա իշխանությունը գնալու է այն նույն ճանապարհով, որով արդեն 7 տարի գնում է՝ զիջողական ճանապարհով։ Ադրբեջանն ու Թուրքիան ներկայացնում են պահանջներ, ՀՀ իշխանությունը սկզբում հայտարարում է, թե չի անելու, հետո ձևափոխում է ու կատարում։ Եթե չանի, Ալիևը հարվածելու է, իսկ Փաշինյանը դուրս է գալու կրկին հայտարարի, թե՝ ժողովուրդ ջան, պետք է անենք, հակառակ դեպքում պատերազմ կլինի»,- նշեց Կ. Իգիթյանը։

Փորձագետը նաև ընդգծեց՝ «խաղաղության պայմանագրի» կետերը հրապարակված չեն, հանրությունը չգիտի, թե իրականում այնտեղ ինչ կետեր են ներառված, հնարավոր է՝ լինեն կետեր, որոնք հայկական ու ադրբեջանական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում։

«Կրկնում եմ՝ Ադրբեջանը թույլ չի տալու, որ այս փաստաթղթով ամեն ինչ ավարտվի, հետո ասելու է՝ շատ լավ, այս կետերը հասկացանք, բայց կան նաև այլ պահանջներ։ Ադրբեջանը նման քաղաքականություն իրականացրել է և շարունակելու է»,- ընդգծեց Կարեն Իգիթյանը։

Տեսանյութեր

Լրահոս