Նախիջևանի կոտորածի պատմությունից. Ագուլիսում տեղի ունեցած թուրք-թաթարական վայրագությունները

1918 թվականին Բաթումի դաշնագրից հետո թուրքերը եկան Նախիջևան: Նոր ստեղծված Ադրբեջան պետությունը՝ Թուրքիայի հետ միասին, նպատակ դրեց իրագործել Գողթն գավառի գրավումը: Գողթն գավառը տարածքով համապատասխանում էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի և, մասամբ էլ, Գանձակի շրջաններին։ Գավառի գրավումը դարձավ շատ կարևոր ծրագիր թուրք-ադրբեջանական դաշինքի համար, քանի որ այն հանդիսանում էր երկուսին իրար կապող տարածք:

Տարածքի զինվորական կառավարիչ նշանակվեց Խալիլ բեյը, ով կարճ ժամանակում սկսեց իրագործել իր ծրագիրը: Ամռանն ու աշնանը գավառում սկսեցին իրականացնել հայերի կոտորածները: Այդ շրջանի իրադարձությունների մասին մանրամասն ներկայացրել է պատմաբան Էդիկ Զոհրաբյանն իր «Շարուր-Նախիջևանը 1918-1919թթ. (Նախիջևանահայերի ցեղասպանության պատմությունը)» գրքում, որում մասնավորապես գրում է.

«1918 թվականի ամռանը թուրքական զորքերը ներխուժեցին Նախիջևանի գավառ. դիմադրությունը 2 օր տևեց: Դրանից ոգևորված` տեղացի կովկասյան թաթարները կամ այսօրվա ադրբեջանցիները ևս հարձակվեցին հայերի վրա, և կարճ ժամանակահատվածում Նախիջևանը դատարկվեց: Մինչ այդ Նախիջևանում 54.000 հայ էր ապրում: Դա առաջին ցեղասպանությունն էր»: (Տե՛ս «Շարուր-Նախիջևանը 1918-1919թթ. (Նախիջևանահայերի ցեղասպանության պատմությունը)», Երևան, 2012):

Կարդացեք նաև

Ամենաարյունալի դեպքերը տեղի ունեցան ձմռանը՝ Վերին և Ներքին Ագուլիսում: Ագուլիսի ջարդերը տեղի ունեցան 1919 թվականի դեկտեմբերի 24-25-ին: Ջարդերի մասին կան բազմաթիվ պատմական փաստեր, լուսանկարներ և իրողություններ: Ագուլիսում տեղի ունեցած թուրք-թաթարական վայրագությունների շատ կարևոր արձագանք տեսնում ենք «Յառաջ» թերթում: Կոտորածներից անմիջապես հետո՝ թերթի 1920 թվականի հունվարի 13-ի համարում, կարդում ենք պետական գործիչ Սերգեյ Մելիք Յոլչյանի հեռագիրը Հայաստանի արտգործնախարարին.

«Գորիսից Մելիք Յոլչյանը հեռագրում է Հայաստանի Արտգործ նախարարին: Լրացուցիչ, ստուգված տեղեկությունների համաձայն՝ Նախիջևանի ու Օրդուբադի թաթարները թրքական ու ադրբեջանական սպաներ Խալիլ բեյի, Էդիֆ բեյի և ուրիշների գլխավորությամբ Ներքին Ագուլիսի կոտորածից հետո գազանորեն խողխողել են Վերին Ագուլիսի ամբողջ բնակչությանը: Վերին Ագուլիսում սպանված է 490, իսկ Ներքին Ագուլիսում 1000 մարդ: Բնակչությունը կոտորված է գլխովի, բացառությամբ քսան գեղեցիկ աղջիկների, որոնք, իբրև նվերներ բաժանված են սպաներին: Հարուստ Փանյանի 16 տարեկան աղջիկը մատուցված է Էդիֆ բեյին: Թե՛ Ներքին և թե՛ Վերին Ագուլիսցիների բնակչությունը բոլորովին անտեղյակ էր և պահում էր իրեն խիստ լոյալ, բայց այդ հանգամանքը չփրկեց նրանց: Թաթարների առաջխաղացումը դեպի Գողթն շարունակվում է: Գողթանի բնակիչների մնացորդների հոսանքը դեպի Մեղրի է քաշվում: Կոտորածը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին»: («Յառաջ», 1920թ., հունվարի 13, էջ 2):

Ներքին և Վերին ագուլիսում թուրք-թաթարական կոտորածների մասին ունենք փաստական մի շարք տվյալներ, որոնցում իրադարձությունները ներկայացված են այնպես, ինչպես եղել են, սակայն մի շարք փաստական մանրամասներով: Առևանգված և իբրև նվեր բաժանված աղջիկների մասին փաստագրական տվյալներում երբեմն նշվում է նաև մոտ 30-ի հասնող կանանց թիվը: Հայաստանի Առաջին Հանրապետությանն ուղղված Սերգեյ Մելիք Յոլչյանի հեռագրում խոսվում է նաև այդ իրադարձություններին Սյունիքի արձագանքի ու Շուռնուխում տեղի ունեցած հայ պատվիրակության սպանդի մասին.

«Զանգեզուրի ազգաբնակությունը խորը կերպով հուզված ու զայրացած է և պահանջում է արմատական միջոցներ թրքական ու ադրբեջանական սպաներին և նահանգապետին Նախիջևանից հեռացնելու համար: Մեծ դժվարությամբ է հաջողվում զսպել նրանց: Շուռնուխի խճուղին դեպի Կապան բանալու առաջարկությանն ի պատասխան, թաթարները խնդրեցին պատվիրակներ ուղարկել: Ուղարկված հինգ պատվիրակները գազանաբար սպանված են: Նրանց ազատելու համար ուղարկված պահակը ենթարկվել է Շուռնուխի թաթարների հրացանային ու գնդացիրների կրակի»: (Նույն տեղում՝ էջ 2):

Պատմական այս փաստերի ներկայացմամբ հերթական անգամ նշմարվում է Նախիջևանում տեղի ունեցած թուրք-թաթարական վայրագությունների մասին: Նախիջևանի ցեղասպանությունն ու հայաթափումը պատմական հերթական փաստն է այն մասին, որ մեր թշնամիները իրենց նպատակներն ու նպատակների իրականացման ձեռագիրը երբեք չեն փոխում: Հայկական տարածքների զինաթափմամբ, կոտորածով և գրավմամբ թուրք-ադրբեջանական վայրագ դաշինքը կարողանում է օկուպացնել հայկական տարածքները, որից հետո դիվանագիտական և ներքին լսարանի համար փոխվում է այդ տարածքների պատմությունը և ներկայացվում որպես «թուրքական տարածքների ազատագրում»: Ժամանակներն անցնում են, պատմությունը նույնությամբ կրկնվում է, սակայն դասեր չենք քաղում մենք:

Այս հոդվածը հերթական արձագանքն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրեր առաջ արված հայտարարությանը, որ Նախիջևանն իբր ադրբեջանական պատմական տարածք է:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս