
Երբ դու ինքդ հրաժարվում ես քո իրավունքներից, բոլորը հրաժարվում են քեզ հարգելուց. Էդուարդ Աբրահամյան

Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը ներկայացնող քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Էդուարդ Աբրահամյանս, պահանջում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունից (Արարատ Միրզոյան – Ararat Mirzoyan), ՀՀ վարչապետից (Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան), ՀՀ Ազգային Ժողովից (Alen Simonyan) պաշտպանել Ադրբեջանի Հանրապետությունում պատանդի և ռազմագերու փաստացի կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքները, այդ թվում Արցախի քաղաքական ղեկավարության իրավունքները՝ նրանց օր առաջ վերադարձը դարձնելով Հայաստանի Հանրապետության իմպերատիվ։ Բոլոր նրանք, ովքեր գտնվում են ադրբեջանական բանտերում, ՀՀ անձնագրի կրողներ են և հետևաբար ՀՀ քաղաքացիներ, և նրանց պաշտպանությունը, անվտանգությունն ու իրավունքներին տեր կանգնելը Հայաստանին Հանրապետության օրվա իշխանությունների ֆունդամենտալ պարտականությունն ու պարտավորվածությունն է։
Պահանջում եմ ՀՀ կառավարությունից և ՀՀ վարչապետից կիրառել բոլոր միջազգային-իրավական գործիքները։ Մասնավորապես կիրառել 2023-ին վավերացված Միջազգային Քրեական Դատարանի կանոնադրության՝ Հռոմի Ստատուտից բխող ողջ գործիքակազմը՝ դատական հայց ներկայացնելով ընդդեմ Ադրբեջանի և նրա ռազմա-քաղաքական ղեկավարության, ինչպես և խոստացվել էր գործադիր և օրենսցիր մարմինների կողմից՝ Ազգային ժողովում վավերացման գործընթացի ժամանակ։
Քանի որ ՀՀ կողմից Հռոմի Ստատուտը վավերացվել է հետին թվով, պահանջում եմ ՀՀ վարչապետից դրսևորել քաղաքական կամք՝ հետամուտ լինել Ադրբեջանի Հանրապետության կողմից իրականացված հանցագործությունների համար պատշաճ պատասխանատվության հարցում։ Դրանք մասնավորապես վերաբերում են Սոտք, Սև լիճ, Խոզնավար, 2023-ի ՀՀ անձնագիր կրող արցախահայ խաղաղ բնակչության, այդ թվում անչափահասների ու տարեց անձանց հանդեպ իրականացված հանցագործություններին, ինչպես նաև Վայոց Ձորի տարածքում 2022 թվականին ադրբեջանական զինված ուժերի կողմից զենքը վայր դրած և հանձնված առնվազն յոթ հայ զինվորականների ցուցադրական գնդակահարությանը։
ՀՀ քաղաքացին պիտի տեսնի և զգա, որ հայատյաց, ֆաշիստական ու ռասիստական սկզբունքներով ինքնություն ձևավորած Ադրբեջանի Հանրապետության իրականացված հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ։ Ադրբեջանի բնակչությունն ու ռազմա-քաղաքական ղեկավարությունն էլ պիտի տեսնեն, որ հայ սպանելը, բռնության ենթարկելը օրինական կամ թուլատրելի չէ։ Որ հայ սպանելը, խոշտանգելը, գլուխ ու ականջ կտրելն անպատիժ մնալ չի կարող, որ հայկական պետականությունը հետևողական է լինելու և պահը բաց չի թողնելու պատժել և պատասխանատվության ենթարկել հանցագործության թե հրամատրողին և թե կատարողին՝ անկախ քաղաքական կոնյուկտուրայից, ինչպես դա կաներ յուրաքանչյուր կայացած պետություն։
Սա մեխանիզմ է, որով Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերում էական լծակներ՝ Ադրբեջանի իշխանություններից պահանջելու համար իսկույն ազատ արձակել ՀՀ գերեվարված և պատանդ պահվող քաղաքացիներին, այդ թվում Արցախի քաղաքական ղեկավարության բոլոր ներկայացուցիչներին։
Որևէ պայման, որևէ կարմիր գիծ չի դրվում ու պահվում «խաղաղության» գործընթացում։ Գոնե ՀՀ բոլոր քաղաքացիների վերադարձը դրեք որպես նախապայման՝ դարձնելով այն անբեկանելի կարմիր գիծ։ Հասկացանք պարտվել եք, բայց մի վերածեք Հայաստանի Հանրապետությունը անարժանապատիվ ու պատվազուրկ, ստոր ու բայորազուրկ հնազանդ ու «հավատարիմ միլլեթի»։ Մի դարձրեք հայ սպանելը, ստորացնելը, բռնաբարելը, խոշտանգելն ու ինքնության հանդեպ անարգանքը Ադրբեջանի կամ ադրբեջանցու կողմից որպես «նոր նորմալ»։
Երբ դու ինքդ հրաժարվում ես քո իրավունքներից, բոլորը հրաժարվում են քեզ հարգելուց։
Ուստի պահանջում եմ ՀՀ կառավարությունից, ՀՀ վարչապետից, ՀՀ Ազգային Ժողովից կատարել իրենց ֆունդամենտալ պարտականություններն ու պարտավորվածությունները, պատշաճ կազմակերպել հայկական պետության միջազգային իրավա-քաղաքական ինքնապաշտպանությունը, տեր կանգնել Հայաստանի ազգային-պետական շահերին որպես միջազգային հարաբերությունների քաղաքական միավոր, և վերադարձնել ՀՀ բոլոր քաղաքացիներին Ադրբեջանից՝ օգտագործելով բոլոր հնարավոր ու նույնիսկ անհնարին թվացող միջոցները։
Կոչ եմ անում մյուս ՀՀ քաղաքացիներին, իմ ընկերներին ու համախոհներին միանալ իմ այս պահանջին»։