
Ա՛յ տաք գլուխներ, Ռուսաստանի փոխարեն՝ ո՞ր երկրից եք բերելու 300.000 տոննա ցորեն և ո՞ր ճանապարհով. Հրայր Կամենդատյան
Ինչպես հայտնի է, փետրվարի 25-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ապագան թեմայով քննարկումը. խոսքը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի մասին է, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել պատգամավորներ Եվրոպական միության անդամ պետություններից։
Նիստի մեկնարկին, խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հատուկ ուշադրություն հրավիրեց Եվրամիության կողմից Հայաստանին խոստացվող հնարավորությունների վրա՝ շեշտելով՝ դրանցից օգտվելով՝ Հայաստանը կարող է զարգացնել իր տնտեսական ներուժը։
Հնարավո՞ր է արդյոք Հայաստանի տնտեսության զարգացում, եթե ՀՀ իշխանությունը որոշի Հայաստանը դուրս բերել ԵԱՏՄ-ից. Այս մասին փորձեցինք 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պարզել տնտեսագետ, «ՀայաՔվե» միավորման Խորհրդի անդամ Հրայր Կամենդատյանից։
«Ես ընդամենը մի քանի թիվ եմ ցանկանում բերել. թվեր, որոնք որոշ տաք գլուխներ կսառեցնեն։ Ա՛յ տաք գլուխներ, Հայաստան ներկրվող 300.000 տոննա ցորենի 298.000 տոննան գալիս է Ռուսաստանից։ Հայաստան եկող բուսական յուղերի 85-87 տոկոսը նույնպես գալիս է Ռուսաստանից։ Նույն վիճակն է նաև կաթի և կաթնամթերքի շուկայում։
Էլ չեմ խոսում ուրանի և այլ տեխնոգեն նյութերի մասին։ Եվրոպա գնացողնե՛ր, ժողովրդին բացատրե՞լ եք, թե Ռուսաստանից Հայաստան եկող 300.000 տոննա ցորենն այլ ո՞ր երկրից եք գնելու և ո՞ր ճանապարհով եք բերելու Հայաստան։ Սա այն դեպքում, երբ ցորենի հարցում միջազգային շուկայում կան լրջագույն խնդիրներ։ Այս ամենին ավելանում է նաև այն խնդիրը, որ բեռնատարներով 300.000 տոննա ցորեն տեղափոխել հնարավոր չէ»,- ասաց Հրայր Կամենդատյանը՝ ՀՀ իշխանությանը կոչ անելով դեմարշներ անելու փոխարեն՝ ճիշտ աշխատել։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։