Թուրք-ֆրանսիական նոր կոնֆլիկտ. այս փաստը կօգտագործվի՞ ընդդեմ կամ հանուն Հայաստանի

Դեռ այս տարվա հուլիսին 168.amգրել էր, որ 44-օրյա պատերազմում դրվեց Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը, և, որ Արցախյան պատերազմում կամ «ղարաբաղյան խաղում» Իսլամաբադի մասնակցությունը պայմանավորված էր թուրք-պակիստանյան հատուկ հարաբերություններով՝ Պակիստանի բանակի ղեկավարությունը միշտ թանկ է գնահատել Անկարայի հետ միությունը:

Եվ ադրբեջանական կողմն արդեն պատերազմից հետո չէր էլ թաքցրել, որ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան միությունը կարող է ուղղել ՀՀ-ի դեմ, կամ, որ Հայաստանը դրան դիմակայելու խնդիր կարող է ունենալ:

Ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից caliber.az-ը հրապարակել է The Central Asia-Caucasus Analystհոդվածը, որտեղ նշվում է, որ Հնդկաստանը զենք է վաճառում Հայաստանին՝ այս առումով թուլացնելով Ռուսաստանից նրա կախվածությունը, իսկ Պակիստանը՝ Ադրբեջանին։ 

Հնդկաստանի և Պակիստանի, այսպես ասած, տարածաշրջանային պաշտպանական շուկայում այս ներգրավվածությունը և դրանով իսկ հարավասիական երկրների ներկայությունը մեր տարածաշրջանում, The Central Asia-Caucasus Analyst-ին թույլ է տալիս ասելու, որ այս տարածաշրջանում ձևավորվել է իրար հետ մրցակցող երկու բլոկ՝ «երեք եղբայր» կամ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան և Հայաստան-Ֆրանսիա-Հնդկաստան:

Կարդացեք նաև

Այս համատեքստում ընդգծվել է, որ Նյու Դելիի համար Երևանը ռազմավարական նշանակություն ունի նաև որպես պոտենցիալ կամուրջ՝ ԵԱՏՄ ընդարձակ շուկաներ տանող: Բացի այս, Հնդկաստանը Հայաստանին դիտարկում է՝ որպես ԵՄ երկրներ հնդկական ապրանքների առաքման կարևորագույն տարանցիկ հանգույց և այլն:

Սրան զուգահեռ՝ Իսլամաբադը, ըստ The Central Asia-Caucasus Analyst-ի, Բաքվի հետ իր համագործակցությանը կրիտիկական կարևորություն է տալիս՝ տարածաշրջանում Հնդկաստանի ներկայությանը հակազդելու տեսանկյունից, թեպետ Ադրբեջանն առանցքային խաղացող է տրանզիտային էներգետիկ միջանցքներում, և այլն: Այսինքն, ըստ The Central Asia-Caucasus Analyst-ի պակիստանցի վերլուծաբանի, Պակիստանն Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությամբ փորձում է հավասարակշռել տարածաշրջանում Հնդկաստանի մեծացող ազդեցությունը:

Ի դեպ, 168.amգրել էր, որ Հայաստանի զինումը պատասխան է Պակիստանին, որը հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում Ադրբեջանի կողմն է բռնել, և, ինչպես նշեցինք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմական որոշակի աջակցություն է ցուցաբերել՝ զենքից մինչև ռազմական մասնագետներ, և ոչինչ, որ Հնդկաստանից Ադրբեջանին վստահեցրել էին՝ «ничего личного, это просто бизнес»:

Չմոռանանք, որ, ըստ էության, Հնդկաստանը համաշխարհային զենքի շուկայում լինելով նոր «խաղացող», Հայաստանի շնորհիվ այստեղ ընդլայնեց իր դիրքերը:

Խոսելով մեր տարածաշրջանում վերը նշված երկու բլոկների գոյության մասին՝ հարկ է նկատել, որ Ասադը Քաշմիրի հարցում պաշտպանում էր Հնդկաստանի դիրքորոշումը, Ասադի վարչակարգը տապալածները, ըստ էության, Պակիստանի կողմը կարող են բռնել, ով Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերն է և Հայաստանի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ: Իսկ Սիրիայում հաղթեց Թուրքիան, ով Հարավային Կովկասում ամուր դիրքեր ունի 2020 թվականի պատերազմից հետո, և նրա համար չափազանց կարևոր է, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» նախագիծը:

Այս համատեքստում չմոռանանք, որ Ադրբեջանը պարբերաբար Հայաստանին զինող Ֆրանսիային մեղադրում է պատերազմ հրահրելու մեջ, ով թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ աշխատող բլոկի մեջ է: Ավելին, այս օրերին նոր կոնֆլիկտ է հասունանում Ֆրանսիայի և Թուրքիայի միջև:

Ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը 65 էջանոց հաշվետվություն է հրապարակել՝ «Թուրքական անօդաչու թռչող սարքերի ինդուստրիան», որում Թուրքիան իր ազգային անվտանգության համար սպառնալիքներ է արձանագրել:

Մասնավորապես, ըստ թուրքական կողմի, Ֆրանսիան Թուրքիայի ռազմավարական կարևոր օբյեկտների արբանյակային լուսանկարներ է ներառել այդ հաշվետվության մեջ և հրապարակել, այդ թվում՝ «Բայրաքթար» ընկերության արտադրական հզորության հետ կապված: Թուրքիան անմիջապես բողոքի նոտա է ուղարկել Ֆրանսիայի դեսպանությանը և պահանջել հաշվետվությունը հեռացնել հասանելիությունից, իսկ Ֆրանսիայից ասել են, որ հաշվետվությունը բաց աղբյուրների հիման վրա է կազմվել:

 

Թուրքական կողմը Ֆրանսիայի այս քայլը պայմանավորում է մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ Թուրքիայի աճող ազդեցությամբ սպառազինության գլոբալ շուկայում, քանի որ Ֆրանսիան, լինելով եվրոպական պաշտպանական սեկտորի առաջատարներից կամ լիդերներից, ստիպված է լինելու վերանայել իր մոտեցումները, որպեսզի պահպանի իր դիրքն ուժեղ մրցակցության պայմաններում, հատկապես, երբ թուրքական ռազմաարդյունաբերությունը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի ոլորտում, Թուրքիային օգնում է ամրապնդել նաև դիվանագիտական և տնտեսական դիրքերը, դարձնելով աշխարհաքաղաքական կարևոր խաղացող:

Ի դեպ, թուրքական կողմը դիտավորություն է տեսնում հաշվետվության հրապարակման ժամկետի հետ կապված՝ նշելով, որ դրա մշակումը դեռ ամիսներ առաջ է ավարտվել:

Թե ինչ ավարտ կունենա Թուրքիայի և Ֆրանսիայի միջև այս կոնֆլիկտը և մինչև ուր կտանի, ժամանակը ցույց կտա: Արդյո՞ք այն ինչ-որ ձևով կանդրադառնա Հայաստանի վրա, առնվազն քարոզչական դաշտում, դարձյալ պարզ չէ:

Իսկ Հայաստանը, թերևս, նման պահվածք պետք է դրսևորի իր բոլոր այն գործընկերների նկատմամբ, որոնք սպառազինության մատակարարումների հետ կապված արտահոսքեր են անում՝ Հնդկաստան, Ֆրանսիա:

Ի դեպ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը նույնիսկ իրեն իրավունք էր վերապահել X-ի իր սոցիալական ցանցում գրել, թե Հունաստանում կազմակերպված «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին Ֆրանսիայի և մի քանի այլ երկրի հետ մասնակցել է նաև Հայաստանը:

168.am-ի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությունից ֆրանսիացի դիվանագետին ասվել է, որ անթույլատրելի են նմանօրինակ գաղտնազերծումները:

Իսկ Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությունը շարունակվում է, այս օրերին Ֆրանսիայում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ և քննարկել ռազմական կրթությանը, վարժական ծրագրերին, խորհրդատվությանը և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր:

Սրանից մի քանի օր առաջ Սուրեն Պապիկյանը պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները քննարկել էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Ավելի վաղ էլ ՀՀ ՊՆ-ում տեղի էին ունեցել Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական խորհրդակցություններ, որի ընթացքում հաստատվել էր Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:

Տեսանյութեր

Լրահոս