Օկուպացված Արցախի տարածքներում ադրբեջանական օդանավակայանները` պլացդարմ Իրանի դեմ. կարող են իրականացվել հետախուզական թռիչքներ կամ նույնիսկ օդային հարձակումներ. Վիտալի Մանգասարյան

Բաքվում կայացած ռազմական արդյունաբերության ADEX 2024 հինգերորդ ցուցահանդեսի շրջանակում Ադրբեջանը և Իսրայելը ռազմական համագործակցության նոր պայմանագրեր էին ստորագրել, մասնավորապես ռազմական արդյունաբերության ոլորտում: Բացի այս, Ադրբեջանն իր զինանոցում եղած առկա խորհրդային տանկերն արդիականացնում է իսրայելական ընկերության միջոցով:

Այս և այլ ռազմական հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ:

Ադրբեջանը հանդիսանում է Իսրայելի կարևոր գործընկերը և՛ սպառազինության ձեռքբերման, և՛ տեխնոլոգիաների փոխանակման ուղղություններում, հատկապես նկատելի է Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրության նորագույն ռազմական տեխնիկայի և զենքերի ձեռքբերումը։ Առհասարակ, Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցությունը վերջին տարիներին ակտիվորեն զարգացել է, և ինչպես նշեցինք, ունի մի շարք առանցքային ուղղություններ, դրանից բխող նոր պայմանագրեր, որոնք վերաբերում են ռազմական տեխնոլոգիաների փոխանմանը և ադրբեջանական տեխնիկայի արդիականացումը: Ադրբեջանը ստանում է Իսրայելի տեխնոլոգիական աջակցությունը տանկերի և այլ ծանր տեխնիկայի արդիականացման համար, օրինակ, T-72 տանկերն արդիականացվում է իսրայելական Elbit Systems ընկերության հետ համագործակցությամբ, ինչը ենթադրում է նորագույն զրահապատ համակարգեր, թիրախավորման և կրակի կառավարման ժամանակակից համակարգեր, ինչպես նաև՝ կամիկաձե դրոններից պաշտպանող կոնստրուկցիա և այլն: Տանկի, այսպես ասած, ներքին փոփոխությունները շատ չեն գաղտնազերծվում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի զինանոցում առկա Տ-90 տանկերին, ապա քանի որ այս դեպքում գործ ունենք ռուսական առավել ժամանակակից տեխնոլոգիաների հետ, ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, Ադրբեջանը դրանք արդիականացնելու հստակ պլաններ դեռ չունի:

Իսկ Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունն իր ազդեցությունն ունի տարածաշրջանում, հաշվի առնելով Իրանի և Իսրայելի միջև լարված հարաբերությունները, Իսրայելի կողմից տրամադրվող ռազմական աջակցությունն Ադրբեջանին կարող է դիտարկվել որպես իրանական ռազմավարական շահերին սպառնացող գործոն։ Եվ դա ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում, հատկապես եթե Ադրբեջանը օգտագործի այս տեխնոլոգիաներն Իրանի սահմանամերձ գոտիներում։

Կարդացեք նաև

Ի դեպ, ադրբեջանական միջազգային օդանավակայանները օկուպացված Արցախի տարածքում ի՞նչ ռիսկ են ներկայացնում, կարո՞ղ են պլացդարմ լինել հանուն Իսրայելի կամ ընդդեմ Իրանի:

– Ադրբեջանի օդանավակայանները, հատկապես նրանք, որոնք մոտ են Իրանի սահմանին, կարող են դիտարկվել որպես պոտենցիալ հարթակ Իսրայելի հետախուզական կամ ռազմական գործողությունների համար՝ ընդդեմ Իրանի։ Այս օրերին Իսրայելն ու Իրանն ունեն չափազանց լարված հարաբերություններ, և Իսրայելը հաճախ դիմում է հեռահար հարձակումների՝ նպատակ ունենալով վնասել Իրանի միջուկային կամ ռազմական օբյեկտները։

Այդ օդանավակայաններից Ադրբեջանի դիրքը ռազմավարական է Մերձավոր Արևելքում և Կովկասում, ինչն Իսրայելի համար կարող է որպես հարթակ ծառայել՝ հնարավորություն տալով իրականացնել հսկողություն և մոնիտորինգ Իրանի գործողությունների նկատմամբ, և եթե Իրանը դա դիտարկի իր ազգային անվտանգության սպառնալիք, դրան կհետևեն համարժեք գործողություններ։

Տարբեր առիթներով բազմիցս նշել եմ, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում իր ունեցած հաջողություններ համար պարտք է Իսրայելին և այդ պարտքը վաղ թե ուշ պետք է վերադարձնել, իսկ Իսրայելի համար պարտքը հետ ստանալու լավագույն սցենարն այն է, որ Ադրբեջանը շարունակի տարածք տրամադրել Իրանի դեմ գործողությունների համար։ Բնականաբար, Ալիևը փորձելու է հնարավորինս խուսափել Իրանի դեմ ուղիղ առճակատումից, լավ հասկանալով, թե դա ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ։ Դիտարկելով Իսրայելի հետ օրեցօր աճող փոխվստահության մթնոլորտը, կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանը ինչ-որ փուլում գնալու է Իսրայելի հետ համաձայնության, այդպիսով վերադարձնելով պարտքը։

– Ադրբեջանը, իհարկե, ռազմական համագործակցություններ է ամրապնդում նաև 44-օրյայում իրեն աջակցած Պակիստանի հետ: Մասնավորապես, Ադրբեջանը Պակիստանից գնել է JF-17C Block-III կործանիչներ: Խոսքը 5 էսկադրիլի մասին է՝ բաղկացած 60 կործանիչներից, պայմանագրի արժողությունը մոտ 1,6 մլրդ դոլար է:

Այդ կործանիչներն արդեն համալրեն են Ադրբեջանի զինանոցը: JF-17C Block-III-ը համարվում է այս կործանիչի վերջին և ամենաարդիականացված տարբերակը, որը մշակվել է Պակիստանի և Չինաստանի համատեղ նախագծով: Ադրբեջանը շարունակում է մեծ ուշադրություն դարձնել իր ռազմաօդային ուժերի արդիականացմանը։ Այս գործարքը նաև ավելի է խորացնում Պակիստանի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը։

Կործանիչների հիմնական առանձնահատկությունն են՝

Ալեհավաքային համակարգեր՝ AESA ռադար, որը թույլ է տալիս հայտնաբերել թիրախներն ավելի մեծ հեռավորությունների վրա։

Մարտավարական բազմակողմանիություն՝ ի վիճակի է կրակել ինչպես օդ-օդ, այնպես էլ օդ-ցամաք հրթիռներով։

Ռազմական ինքնավարություն՝ նորացված էլեկտրոնային պատերազմի միջոցներ, ինչպիսիք են ակտիվ պաշտպանական համակարգերը և թիրախների հայտնաբերման բարձր հզորությամբ համակարգերը։

Block-III տարբերակը ներառում է 4+ սերնդի կործանիչների հնարավորություններ, ինչպիսիք են ավելի հզոր շարժիչները, տվյալների մշակումն ու ինքնավարությունը։

Այս կործանիչները կարող են օգտագործվել ինչպես օդային գերակայություն ստանալու, այնպես էլ թիրախների դիպուկ հարվածներ հասցնելու համար։

– Այս համատեքստում անդրադառնանք ՀՀ ռազմական խնդիրներին, այդ թվում՝ տեխնիկայի արդիականացման հետ կապված: Մամուլում տեղեկություններ եղան, որ Հայաստանը Հնդկաստանի հետ բանակցում է իր ՍՈւ-30-ներն արդիականացելու շուրջ: Թե որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը, կամ ի՞նչ արդյունք կտան բանակցությունները, ժամանակը ցույց կտա: Իսկ, ըստ Ձեզ՝ ՀՀ զինանոցում առկա ո՞ր ռազմական տեխնիկան պիտի արդիականացվի այսօր:

– Հնդկաստանի միջոցով Հայաստանի կողմից ՍՈւ-30 կործանիչների արդիականացման մասին տեղեկությունները կարող են հիմնված լինել հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի վրա, սակայն պաշտոնական կամ հաստատված տվյալներ այս պահին չկան։ Կարևոր է արձանագրել, որ Հնդկաստանն ունի մեծ փորձ ռուսական ՍՈւ-30MKI կործանիչների արդիականացման ոլորտում։

Ինչ վերաբերում է ՀՀ զինանոցում առկա ռազմական տեխնիկայի արդիականացման անհրաժեշտությանը, իմ կարծիքով, մի քանի ուղղություններ առանձնապես կարևոր են.

Առաջին, ՀՀ-ն պետք է աշխատի ՍՈւ-30 կործանիչների արդիականացման վրա՝ օգտագործելով նոր ռադարային և էլեկտրոնային համակարգեր։ Սա հնարավորություն կտա ավելի արդյունավետ կիրառել այս կործանիչները հակաօդային պաշտպանության և հարձակողական գործողությունների համար։ Արդիականացումը նաև պետք է ներառի ժամանակակից հրթիռների և այլ օդ-օդ կամ օդ-ցամաք զինատեսակների համալրում, որոնք թույլ կտան բարձրացնել ՍՈւ-30-ի մարտական ունակությունները։

Երկրորդ, ՀՀ-ում հակաօդային պաշտպանության համակարգերը պահանջում են արդիականացում՝ հաշվի առնելով անօդաչու թռչող սարքերի և ժամանակակից օդային սպառնալիքների տարածումը։ Հնարավոր է նոր համակարգերի գնում կամ արդեն առկա տեխնոլոգիաների արդիականացում։

Երրորդ, T-72 և T-55 տանկերը պահանջում են տեխնոլոգիական արդիականացում՝ նոր զրահապատ պաշտպանությամբ, շարժիչային համակարգերով և մարտավարական համակարգերով։ Նման արդիականացումը թույլ կտա բարձրացնել նրանց մարտական արդյունավետությունը ժամանակակից պայմաններում:

Չորրորդ, Հայաստանի հրետանային համակարգերը պետք է անցնի արդիականացում, ներառյալ տեխնոլոգիական ավելացումները (դիտարկման համակարգեր, հեռահար նշանառություն և այլն):

Հինգերորդ, անօդաչու թռչող սարքերը դարձել են ժամանակակից ռազմական գործողությունների անբաժան մասն ու մեծ դեր են խաղում հատկապես հետախուզական և մարտավարական նպատակներով։ ՀՀ-ին անհրաժեշտ է ինչպես ԱԹՍ-ների մեծ ծավալի արտադրություն, այնպես էլ գործող սարքերի արդիականացում։

Վեցերորդ, չափազանց կարևոր է նաև արդիականացնել ԶՈՒ կառավարման համակարգը, ինչը կնպաստի իրական ժամանակում փոխանցել համապատասխան տեղեկատվություն հրամանատարական կետեր՝ զորքերի վիճակի , սպառազինության վերաբերյալ և այլ կարևոր տվյալներ:

Այս ամենը մեծապես կնպաստի ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանում օր օրի աճող սպառնալիքները։

Տեսանյութեր

Լրահոս