
Իսկ ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը. վաղը որ ցույց լինի, քանի՞ հոգի է լինելու այդ ռեսուրսը. Նարեկ Մալյան
«Նիկոլ Փաշինյանն այլևս ավարտված գործիչ է. ինչ կերպ էլ աշխարհաքաղաքական դերակատարները բաժանեն աշխարհը և ինչ կերպ էլ որոշեն իրենց ազդեցության գոտիները, միևնույն է՝ այս տարածաշրջանը լինելու է առանց Նիկոլ Փաշինյանի տարածաշրջան, որովհետև ատելության այսպիսի բագաժով ուղևոր որևէ գնացքի պետք չէ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը՝ ընդգծելով՝ 2021 թվականին այդ գնացքին պետք էր Փաշինյանի պես ուղևոր՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կյանքի կոչելու համար։
«Ռուսները հիմա շատ լավ հասկանում են, որ Փաշինյանին աջակցությունը հավասարազոր է Հայաստանում աջակցություն ռուսաֆոբիայի տարածմանը, ուստի Ռուսաստանը պետք է շատ արագ ցույց տա, որ չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին և չի աջակցի Հայաստանի այս իշխանությանը։ Փաշինյանին հեռացնելու համար պարտադիր չէ գերտերության աջակցություն, բայց պարտադիր է, որ նա աշխարհաքաղաքական տեր և չահառու չունենա»,- ասաց Նարեկ Մալյանը՝ հավելելով՝ Փաշինյանի իշխանությամբ շահագրգռված է միայն Էրդողանը։
«Նա թուրքերին ասում է՝ եթե ուզում եք Սահմանադրություն փոխենք, Արարատից հրաժարվենք, Ցեղասպանությունն ուրանանք, շատ լավ, ես դա կանեմ, կանեմ մեկ փաթեթով՝ սահմանադրական հանրաքվեով, բայց դա կանեմ ինձ ձեր կողմից տիրություն անելուց հետո։ Կարճ ասած, ասում է՝ հարգելի Էրդողան, ուզո՞ւմ ես դա անեմ, աշխարհաքաղաքական տեր դարձիր ինձ։ Պատահական չէ, որ Արդարադատության նախարարն ասաց, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի ընտրություններից հետո։ Փաշինյանն ասում է՝ Էրդողան ձյաձյա, եթե ուզում ես Հայաստանն այդ կերպ ոչնչացնել, ապա պահիր իշխանությունս»,- ասաց Նարեկ Մալյանը։
Վերջինիս խոսքով՝ Հայաստանը ներկայացնողն ամեն օր կատաղի կռիվ է տալիս՝ վարչապետի աթոռին մեկ օր ավելի մնալու համար, հետևապես՝ ակնհայտ է, որ Փաշինյանի դեմ կռիվ տվող ընդդիմությունը նույնպես պետք է կռիվը տա կատաղի. այլ տարբերակ չկա։
«Մինչդեռ ընդդիմության մոտ տեսնում եմ հետևյալը՝ սպասենք 2026 թվականի ընտրություններին. դա ծույլ, ոչինչ չանող ընդդիմադիր գործչի թեզ է։ Այն ընդդիմադիր գործիչները, որոնք նման հայտարարություն են անում, ռեսուրս չունեցող, փողոցում պայքար տանելու անկարող գործիչներ են»,- ասաց Մալյանը։
Դիտարկմանը՝ որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, հնարավոր է համարում 2026 թվականի ընտրություններով Փաշինյանին հեռացնելու տարբերակը, Մալյանն արձագանքեց.
«Ռոբերտ Քոչարյանը դե թող փոխեր. Ստացվե՞ց. մարդը, եթե պատերազմ է կեղծել, ընտրությունն ի՞նչ է, որ չկեղծի… Կամ՝ ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը, կարո՞ղ եք ասել։ Վաղը որ ցույց լինի, քանի՞ հոգի է լինելու այդ ռեսուրսը»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։