Բաժիններ՝

Սա ոչինչ չասող որոշում է, երթևեկության կարգավորման, ժողովրդի կյանքի թեթևացման հետ կապ չունի. քաղաքական է. Տիգրան Քեյան

Փետրվարի 20-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնեց, որ վարորդների 9 տուգանային բալային համակարգից անցում կկատարվի 13 տուգանային միավորի համակարգի, և  այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այս տարվա մայիսի 1-ից:

Ըստ ՆԳ նախարարի, այս կարգավորումը թույլ կտա ճկունություն ունենալ, և այն իրավախախտումների պարագայում, որոնք կապված չեն երթևեկության անվտանգության կազմակերպման հետ, քաղաքացիները կկարողանան ավելի ազատ լինել։

Նշենք, որ այս նախագիծը Կառավարությանն են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը և պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ինչն էլ արժանացել է Կառավարության հավանությանը։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի խոսքով՝ Կառավարության ընդունած որոշումն առհասարակ կապ չունի երթևեկության անվտանգության և երթևեկության կարգավորման հետ։

Կարդացեք նաև

«Սա քաղաքական որոշում է, որ հանրության աչքում բարձրացնի իրենց դիրքը։

Կրկնում եմ՝ սա երթևեկության կարգավորման, ժողովրդի կյանքի թեթևացման հետ առհասարակ կապ չունի, այսպես ասած՝ ոչինչ չասող որոշում է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տիգրան Քեյանը։

Ըստ նրա, իշխանությունը վաղուց էր ցանկանում այս որոշումն ընդունել՝ պատճառաբանությամբ, թե իբր վարորդների կողմից կար խնդիր, որ 9 բալը քիչ է։

«Եթե այդ տուգանային միավորներն ընդունվել էին այն բանի համար, որ մարդիկ երթևեկության մեջ խախտումներ չանեին, և դա լիներ զսպող մեխանիզմ, իրենք պարզապես կարող էին նման որոշում չընդունել, և վերջ։ Անհասկանալի է՝ 9 միավորից դարձնել 13 միավոր, գուցե վաղն էլ 13-ի համար բողոքեն, այդ դեպքում կդարձնե՞ն 20 միավոր»,- նկատեց Տիգրան Քեյանը։

Տեսանյութեր

Լրահոս