Իշխանությունները գալիս են, գնում, հաճախ պատմության աղբարկղում հայտնվում, բայց ժողովուրդը հավատարիմ է մնում իր հայրենիքին, երազանքին և տեսլականին. Գրիգոր Ջանիկյան

«37 տարի առաջ մեր ժողովուրդը պատմական հաղթանակ տարավ. առաջին անգամ իր հազարամյակների գոյության ընթացքում հայրենիք ազատագրեց։ Չի՛ կարելի ուրանալ պատմության այս փառապանծ էջը, պղծել ազգային հերոսների սուրբ հիշատակը»,- Արցախյան շարժման մեկնարկի ու այսօրեական հրամայականների շուրջ 168.am-ի հետ զրույցն այս մտահոգ շեշտադրումներով է սկսում Արցախյան ազատամարտը վավերագրող, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը։

37 տարի առաջ` 1988թ․ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում Ադրբեջանական ԽՍՀ-ից անջատվելու ու Հայկական ԽՍՀ-ին միանալու օգտին։ Հենց այդ օրը Երևանում, ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի վերամիավորման, տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք։

Գրիգոր Ջանիկյանը համոզված է՝ Հայկական Արցախի էջի չի փակվել, ու պատմական արդարության վերականգնումը չի փակվելու։

Պատահականությո՞ւն էր արդյոք, որ Արցախյան շարժման մեկնարկի խորհրդանշական օրվա նախօրեին Նիկոլ Փաշինյանը խոսեց, այսպես կոչված, իրական Հայաստանի նոր Սահմանադրության հրամայականի մասին, ասել է թե՝ Ցեղասպանության պահանջատիրության ու Արցախի վրա խաչ քաշելու անհրաժեշտության մասին՝ հետաքրքրվեցինք Գրիգոր Ջանիկյանից։

Կարդացեք նաև

Ի պատասխան` նա համոզում հայտնեց. «Ոչ մի իշխանություն չի կարող, պարզապես ի վիճակի չէ ճզմել ժողովրդի ամենանվիրական՝ հայրենասիրական ձգտումները։ Մեր ժողովուրդը 110 տարի առաջ բռնազավթված Արևմտահայաստանի կորստի հետ չի համակերպվել ու երբեք էլ չի համակերպվի, ո՞ւր մնաց՝ Արցախի։

Բարեբախտաբար, ոչ մի իշխանություն հավերժ չէ, իշխանությունները գալիս են, գնում, հաճախ պատմության աղբարկղում հայտնվում, սերունդների անարգանքին արժանանում, հայ ժողովուրդը հավատարիմ է մնում իր հավատամքին՝ հայրենիքին, երազանքին և տեսլականին։ Հավատարիմ է մնում, որովհետև հավատում է արդարությանն ու իր արդարացիությանը։

Երեք տասնամյակ առաջ աշխարհը համոզվեց, որ հայի հայրենանվիրումն անպարտելի է։ Երեք տասնամյակ առաջ մենք հաղթել ենք, էլի՛ ենք հաղթելու, միշտ ենք հաղթելու՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին թշնամուն»։

Տպավորություն է, որ 37 տարի առաջ այդ օրերին հայ ժողովուրդն ավելի մտահոգ ու միասնական էր Արցախի ճակատագրով. Ինչո՞ւ այսօր այդ միասնականությանն ականատես չենք լինում` մեր հարցին ի պատասխան էլ՝ Արցախյան ազատամարտի վավերագիրն արձագանքեց.

«Այո, 37 տարի առաջ, երբ Սփյուռքից կամավորականներ էին ժամանում մասնակցելու համար համազգային ազատամարտին, հաճախ քարտեզի վրա Արցախի տեղն էլ չէին իմանում։ Նրանք կռվեցին մի ազգ, մի բռունցք, մի հայրենիք նշանաբանով, միացյալ ուժերով հաղթանակեցինք։ Այժմ` պետականություն-Արցախ-Սփյուռք տարանջատումով հենց այդ միասնականությունն են ձգտում ջլատել։

Այսօր պետականորեն Արցախյան հերոսականությունը նսեմացնելու միտում կա՝ սկսած մայիսյան Եռատոնն անտեսելուց՝ ընդհուպ դպրոցական դասագրքերում պատմական հաղթանակը կեղծելուց ու աղավաղելուց։

Ակնհայտ է` փորձ է արվում մեր հերոսական ժողովրդին անզոր, թույլ ու տկար ներկայացնել՝ մինչդեռ մեր ժողովուրդը 37 տարի առաջ հավաստել է իր ուժը։ Էլի՛ կհավաստի՝ շատ շուտով։ Հայրենանվիրման, արդարության ու ազատության ձգտումներն ամենազոր են»։

Տեսանյութեր

Լրահոս