Ոչմիթիզական Ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր. Քոչարյանը Փաշինյանի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, թե ինչով էր պայմանավորված երկարատև լռությունը:

«Կարծիք կար, որ իմ ակտիվությունը խանգարում է ուրիշ մարդկանց կայանալ քաղաքական դաշտում, եղել է այսպիսի խոսույթ: Ես համաձայն չէի այդ թեզի հետ, բայց այնուամենայնիվ, որոշեցի այդ հնարավորությունը տալ ուրիշներին՝ կայանալ, դրսևորվել: Բայց ի՞նչ եղավ. ես չէի խոսում, իմ մասին խոսում էին, նույնիսկ իմ ստվերի մասին էին բավականին հաճախ խոսում, և հիմնականում խոսում էին նրանք, ովքեր ուզում էին, որ ես չխոսեմ: Չնայած իմ բոլոր ջանքերին, կա մի մեծ զանգված, որը սպասում է իմ խոսքին»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Երկրորդ նախագահի խոսքով՝ երկրորդ պատճառն այն է, որ մի պահ մտածել է՝ միգուցե ճիշտ է վարչապետին թողնել մեն-մենակ իր ընտրազանգվածի հետ. «Մտածեցի, միգուցե օգտակար կլինի, որ ինքը բացատրի 600 հազար վարչապետների, թե ինչու է իրենց կյանքը վատանում, թե ինչու է կառավարությունը մտնում իրենց գրպանը՝ անխնա, առանց ամոթի, թե ինչու են իրենք դարձել տուգանքի մատերիալ, թե ինչու է կառավարությունը խրվել կոռուպցիայի մեջ, և ինչու իրենց աղքատությունն իրենց գլուխներում է, իսկ ՔՊ-ականների հարստությունն իրենց սեյֆերում է: Այս հնարավորությունը տվել եք, և կարծում եմ՝ սա ինչ-որ տեղ աշխատեց, որովհետև ակնհայտ է, որ ստապետությունն ինչ-որ տեղ սկսել է յուղ վառել: Ստապետությունն իմ բառը չէ, ձեզանից մեկն է այդ բառը բավականին ակտիվ կիրառել վերջերս»:

Նա պարզաբանեց, թե ինչու է հենց հիմա որոշել մամուլի ասուլիս հրավիրել. «Բավականին բան է փոխվում աշխարհում, բավականին հետաքրքիր և ճակատագրական զարգացումներ են տեղի ունենում: Նախագահ Թրամփն ուղղակի ապամոնտաժում է նեոլիբերալ աշխարհակարգը և այն գործիքակազմը, որով այդ գաղափարախոսությունն առաջ էր մղվում աշխարհով մեկ: Սա, իսկապես, մեծ փոփոխությունների է բերելու, եթե լինեն հետևողական: Իմ տպավորությունն այն է, որ բավական վճռական են տրամադրված: Դրա հետ կապված՝ մտել ենք մի ժամանակահատված, որն անկասկած անկայունության մեծ բաղադրիչ է ունենալու, բայց պոզիտիվ սպասելիքներով»:

Կարդացեք նաև

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ Արցախի հետ տեղի ունեցածին, մանրամասնելով, թե ինչ և ինչու պատահեց Արցախի հետ. «Ղարաբաղի հանձնումը կատարվեց երկու փուլով՝ մեկը 2018-20թթ.՝ մինչև պատերազմը, երկրորդը՝ 2020թ. հետո մինչև 2023թ. սեպտեմբեր: Ուղղակի հիշեցման կարգով՝ ի՞նչ էր արել 2018թ. վարչապետը. Արհամարհել է շատ հետաքրքիր առաջարկ 2019թ., որն ընդունելի առաջարկ է, և ըստ էության, ասաց, որ ինքն սկսում է զրոյական կետից: Սա նշանակում էր, որ համանախագահող միջնորդներին ասում է՝ դուք ո՞վ եք, ի՞նչ էիք անում, ինչո՞վ էիք զբաղված 25 տարի, ես կինոյի տղան եմ, եկել եմ և ինչ կուզեմ՝ դա էլ կբանակցեմ:

Ըստ էության, բանակցային գործընթացը մտցվեց փակուղի: Հետո ասաց, որ Արցախը Հայաստան է, և վերջ, իսկ եթե Արցախը Հայաստան է, և վերջ, ապա ինչի՞ մասին ընդհանրապես կարող են բանակցել: Սա, ըստ էության, պատերազմի կոչ էր: Այս մոտեցումն անխուսափելիորեն բերեց պատերազմ, և տպավորությունն այնպիսին է, որ այդ ընթացքում ինքն ամենից ոչմիթիզական ղեկավարն էր Հայաստանի պատմության մեջ, որովհետև իսկապես 2018-20թթ. հատվածում Հայաստանի առաջին դեմքը երևակայեց, որ ինքը կովկասյան Ռեմբո է և կարող է անել այն, ինչ ինքն ուզում է: :Պատերազմում պարտվելուց հետո ոչմիթիզական Ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր, այն, ինչ մինչ այսօր մենք ունենք»:

Երկրորդ նախագահի գնահատմամբ՝ կար փայլուն հնարավորություն՝ ընդունել համանախագահների առաջարկը և սկսել մտնել բանակցությունների մեջ. «Փայլուն հնարավորություն կար խուսափել պատերազմից: Հիմա փորձենք հասկանալ՝ որոնք էին պատճառները: Առաջին հերթին, իմ տպավորությամբ, մեծամտությունը, անընդունակությունը՝ հաշվարկներ անել գոնե երկու-երեք քայլ առաջ, և արկածախնդրությունը: Ուրիշ բացատրություն այստեղ չկա, կամ եթե կա, կոնսպիրոլոգիայի դաշտից է: Դիվանագիտության արվեստը չուգունոտ գլխով պատ ջարդելը չէ, դիվանագիտական արվեստը այդ պատի մեջ դուռ փնտրելն է: Եթե մոռանում ենք դրա մասին, ապա ստանում ենք այն, ինչ ստացել ենք»:

Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ՝ երկրորդ կոպիտ սխալը եղել է Պրահայում, որն ըստ նրա՝ Արցախի հանձնման երկրորդ փուլն է. «Դա սկսվեց Պրահայում այն հայտնի հայտարարությամբ, որով Հայաստանը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Սա դատավճիռ էր՝ Ղարաբաղի նկատմամբ: Սա եղել է մի ժամանակահատվածում, երբ Ռուսաստանն անհաջողություններ էր ունենում Ուկրաինայում՝ պատերազմի ժամանակ, և ենթադրում եմ, որ Հայաստանի իշխանությունները որոշեցին, որ Ռուսաստանը պարտվելու է, փլվելու է, և սա ճիշտ ժամանակն է թռնել այդ գնացքի գոնե վերջին վագոնի մեջ: Բայց այս որոշումով ընդհանրապես զրոյացվեց ՌԴ միջնորդության մանդատը: ՌԴ-ն միջնորդ էր՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ ՀՀ-ի և  Ադրբեջանի միջև Ղարաբաղի հարցի շուրջ: Երբ հայտարարվում է Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում, ապա այդ միջնորդական առաքելությունը զրոյացվում է:

Ի՞նչ էր մտածում Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ-ն ստանձնեց պարտավորություն՝ Ղարաբաղի անվտանգության համար, հիմա կարելի է թռնել այս հարցից՝ Ռուսաստան, դու ես, Ադրբեջանն է, Ղարաբաղը, ինչ ուզում եք՝ արեք, պարտավորություն ես ստանձնել՝ գնա, պարտավորությանդ տեր կանգնիր: Բայց այսպես միջազգային հարաբերությունները չեն աշխատում: Ինքը մտածեց, որ կարող է ձեռքերը լվանալ, մի կողմ քաշվել և մտնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ: Եթե որևէ մեկը մտածում է, թե Ռուսաստանն այն պետությունն է, որին կարելի է այս աստիճանի արհամարհել, չարաչար սխալվում է: Չի լինում այդպես»:

Նա նկատեց՝ շատերն են նեղացած, թե ինչու Ռուսաստանն իր պարտավորությունը չկատարեց. «Փորձենք այս ամենին նայել ՌԴ աչքերով: Իսկ Ռուսաստանից այդ անկյան տակ տեսնում ես մի բան՝ դու կարող ես կանգնեցնել այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, միայն ուժային միջամտությամբ: Այլ կերպ ուղղակի հնարավոր չէ: Ուժային միջամտությունն ո՞ւմ համար, Հայաստանի համար, որը ճակատագրական պահի քեզ, կոպիտ ասած՝ գցել է, որն անցել է քո թշնամիների ճամբարը: Որևէ մեկը ձեզանից իրենց դավաճանած ընկերոջ համար կռվի մեջ կմտնի՞: Չեմ կարծում: Ընկալումն այսպիսին է: Հիմա, մի կողմ դնենք, թե իրական պատկերը ոնց է: Մարդիկ գործողության են գնում ընկալումներով, թե ոնց են ընկալում այս իրավիճակը: Սա ճակատագրական սխալ էր, և այս գինը մենք բոլորս վճարել ենք՝ Արցախի կորստով»:

Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ աշխարհում առկա անկայուն վիճակում անվտանգային համակարգը պարսկական գործոնով լրացնելու և ամրացնելու փոխարեն՝ իշխանություններն սկսել են անխնա քանդել այն համակարգը, որը քիչ թե շատ ապահովում էր խաղաղություն Արցախում. «Եթե մեր ռազմավարությունը եղել է այդ պահը օգտագործել՝ ՌԴ-ից հեռանալու համար, մենք պետք է սպասեինք, որ Ռուսաստանն իր շահերը Հարավային Կովկասում պաշտպանելու համար անպայման ավելի ջերմ հարաբերություններ է հաստատելու Բաքվի հետ: Սա չհասկանալը մանկամտություն էր արտաքին քաղաքականության մեջ: Մի արհամարհիր երբեք քո գործընկերոջ կենսական շահերը, հատկապես՝ այն գործընկերոջ, որից ունես հսկայական կախվածություն: Նյութական կորուստները Ղարաբաղում ամենից համեստ հաշվարկով կազմել են 80-100 մլրդ դոլար»:

Նրա տպավորությամբ՝ Հայաստանում միակ տեղը, որտեղ իրենց արածի համար պատասխան չեն տալիս, մանկապարտեզն է, հոգեբուժարանը և կառավարությունը. «Այս ամենի համար որևէ մեկը որևէ պատասխանատվություն չկրեց»:

Ռոբերտ Քոչարյանը նշեց նաև, թե որն է իր գնահատմամբ՝ երրորդ սխալը, որը կատարվում է այս պահին. «Ի՞նչ է անում այսօր Հայաստանը: Աշխարհակարգը փոխվում է, և երբ աշխարհակարգ է փոխվում, ազդեցության ոլորտներ են փոխվում, աշխարհի քարտեզն է փոխվում, այդպես եղավ ԽՍՀՄ փլուզումից հետո: Հայաստանը որոշեց, որ սա հարմար պահն է աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու համար: Մենք տեսնում ենք այս քաղաքականությունը, նաև՝ մի քանի օր առաջ խորհրդարանում համապատասխան քննարկումները: ԱՄՆ-ը ընդունում է, որ աշխարհը գնում է ոչ թե բազմաբևեռության, այլ աշխարհն արդեն բազմաբևեռ է:

Լսեք Մարկո Ռուբիոյի վերջին մի քանի հարցազրույցը: Նշանակում է՝ մենք մտել ենք մի անկայունության փուլ, և դա շարունակվելու է՝ մինչև նոր հավասարակշռություն չձևավորվի աշխարհում: ԱՄՆ-ը համարում է, որ այսօր հեգեմոն չէ և չի ուզում լինել, որովհետև հեգեմոն լինելը չափազանց ծախսատար է: Ի՞նչ է անում այս վիճակում Հայաստանը. Ասում է՝ փոխում եմ իմ աշխարհքաղաքական վեկտորը, և մտածում է, որ սա ճիշտ պահն է:

Ես պնդում եմ, որ սա ամենից վտանգավոր պահն է՝ նման կարգի քայլերի համար: Մենք փորձում ենք մեր ուղղվածությունը փոխել դեպի այն կենտրոն, որն ակնհայտ թուլանում է, և հեռանում ենք այն կենտրոնից, որն ուժեղանում է: Թե այստեղ ինչ տրամաբանություն է աշխատում, ես չգիտեմ: Ամենից անհարմար պահն է նման քայլի համար: Հմուտ նավապետը փոթորկի ժամանակ իր փոքրիկ նավը չի հանում օվկիանոս, կամ եթե օվկիանոսում է հայտնվել, փորձում է մոտ լինել որևէ մեծ նավի, որ եթե հանկարծ մի բան պատահի, և՛ նավը կփրկի, և՛ անձնակազմը: Այս մարդիկ չեն հասկանում՝ ինչ է կատարվում աշխարհում, և չհասկանալով՝ քայլեր են ձեռնարկում, որոնք լուրջ վտանգի տակ են դնում ՀՀ-ն»:

Ռոբերտ Քոչարյանը նաև չի կասկածում՝ մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը շատ արագ կոշիկները փոխելու է, զանգելու է ՌԴ նախագահին և, ասես բան չի պատահել, սկսելու է կենացներ ասել հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս