
Կա մարդ, ով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի զանգը կարող է փոխանցել Թրամփին. Սուրեն Սարգսյան
Օրեր առաջ՝ փետրվարի 7-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը նամակ է ուղղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման համար: Արամ Ա-ն շնորհավորել էր Թրամփին երդմնակալության կապակցությամբ և նշել նրա նվիրվածությունը համաշխարհային խաղաղությանը: Նա վկայակոչել է Թրամփի նախորդ հայտարարությունները, որոնք դատապարտում են Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության էթնիկ զտումները, նրա աջակցությունը հայերի՝ իրենց հայրենիք վերադարձին:
Վեհափառը Թրամփին կոչ է արել միջամտել և հասնել հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների, որոնք Բաքվում ենթարկվում են փակ դատավարությունների՝ առանց իրավական նորմերի պահպանման և միջազգային վերահսկողության: Նա ընդգծել է, որ նման քայլը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, բարի կամքի ամրապնդմանը և կհամապատասխանի Թրամփի հայտարարած խաղաղապահ առաքելությանը:
Արամ Ա-ն նամակն ավարտել էր մարդասիրական այս հրատապ հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու հույսով:
Հիշեցնենք նաև, որ 2024թ. նոյեմբերի 1-ին ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Դոնալդ Թրամփը հեռախոսով կապ էր հաստատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։
«Նախագահ Թրամփը բարձր է գնահատել Նորին Սրբություն Արամ Առաջինի առաջնորդությունը, ով վերջերս ավարտեց շրջագայությունը Միացյալ Նահանգներում, և վերահաստատել իր աջակցությունն արցախահայությանը և հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանը։
Նա նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքը՝ որպես ուժեղ, խելացի և դինամիկ։
Ի պատասխան՝ Արամ Ա Վեհափառ Հայրապետը երախտագիտություն է հայտնել պարոն Թրամփին հայ ժողովրդին սատարելու հրապարակային հայտարարության համար և ընդգծել ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության կենսական նշանակությունն այս կրիտիկական պահին։
Նորին Սրբությունը մեծ հույս է հայտնել, որ նոր վարչակազմի գալուստով Միացյալ Նահանգները լրջորեն կանդրադառնա արցախյան հիմնախնդրին, հատկապես՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի, անվտանգության և կարգավիճակի միջազգային երաշխիքների, ինչպես նաև էթնիկ զտումների պատասխանատվության ապահովման վերաբերյալ։ Բացի այդ, Նորին Սրբությունը հույս է հայտնել նոր վարչակազմի օրոք հայաստանյան ակտիվ ներկայացուցչության և Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ բաց երկխոսության անհրաժեշտության մասին»,- ասվում էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարության մեջ։
«Ընտրությունների ժամանակ «ճոճվող» նահանգներում էր որոշվելու ԱՄՆ նոր նախագահի ճակատագիրը։ Թրամփի աշխատակազմը շատ ճիշտ աշխատեց։ Այդ նահանգներում բնակվում են հայեր, և Արամ Ա կաթողիկոսին Թրամփի զանգն այդ առումով որոշիչ էր»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար, ԱՄՆ քաղաքականության հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը։
Վերջինս անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու նախընտրական շրջանում Թրամփը զանգեց Արամ կաթողիկոսին, ոչ թե Փաշինյանին:
«Ինչո՞ւ Թրամփը զանգեց Արամ կաթողիկոսին, ոչ թե Փաշինյանին։ Եթե զանգեր Փաշինյանին, Արցախ ու էթնիկ զտում բառերը չէր կարողանալու ասել, որովհետև այստեղից կհակադարձեին՝ նման տեղանուն չկա, ու մեսիջը չէր հասնի ամերիկացի հայ ընտրողներին։ Դրա համար շատ հաշվարկված զանգ էր Արամ Ա կաթողիկոսին Թրամփի զանգը։
Գոնե մոտավորապես պատկերացնում եմ՝ Թրամփի թիմից ովքեր են ուղիղ կապի մեջ Արամ կաթողիկոսի հետ։ Կա մարդ, ով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի զանգը կարող է փոխանցել Թրամփին։ Դժվարանում եմ ասել՝ փոխհամաձայնեցվա՞ծ էր արդյոք Արամ Ա կաթողիկոսի այս օրերին արված կոչը Թրամփին՝ Բաքվից հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում աջակցություն ցուցաբերելու հարցում, բայց այդ կոչը կարող է ընկալելի լինել Թրամփի համար»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: