Փոխայցեր, Պուտին-Թրամփ հանդիպման կազմակերպում, Ուկրաինայում ռազմագործողությունների դադարեցում․ ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Թրամփը

Վլադիմիր Պուտին-Դոնալդ Թրամփ հեռախոսազրույցի վերաբերյալ մանրամասներ է տարածել ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։ Kremlin.ru-ն հաղորդում է, որ պետությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացիների փոխանակման հետ կապված հարցեր և ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը կկատարի ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։

«Քննարկվել է նաև Ուկրաինայում կարգավորման թեման։ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և խնդրի խաղաղ ճանապարհով լուծման օգտին։ Վլադիմիր Պուտինն իր հերթին նշել է հակամարտության բուն պատճառները վերացնելու անհրաժեշտությունը և համաձայնել է Դոնալդ Թրամփի հետ, որ երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով։

ՌԴ նախագահը պաշտպանել է նաև ամերիկյան պետության ղեկավարի հիմնական թեզերից մեկը, որ եկել է մեր երկրների համատեղ աշխատանքի ժամանակը»,-նշվում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում տարածված հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության, զրույցի ընթացքում կողմերն արծարծվել են նաև մերձավորարևելյան կարգավորման, Իրանի միջուկային ծրագրի, ինչպես նաև տնտեսական ոլորտում երկկողմ ռուս-ամերիկյան հարաբերությունների թեմաները։

Կարդացեք նաև

«Ռուսաստանի նախագահը հրավիրել է Միացյալ Նահանգների նախագահին այցելել Մոսկվա և պատրաստակամություն է հայտնել ընդունելու ամերիկացի պաշտոնյաներին Ռուսաստանում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ ուկրաինական կարգավորման թեմայի շուրջ աշխատանքի համար։Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները՝ ներառյալ անձնական հանդիպումների կազմակերպումը»,-ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ էլ Truth սոցիալական ցանցում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը մանրամասներ էր հայտնել զրույցից. «Մեզնից յուրաքանչյուրը խոսեց մեր երկրների ուժեղ կողմերի և այն մեծ օգուտի մասին, որ մի օր կունենանք միասին աշխատելու շնորհիվ: Ինչպես երկուսս էլ համաձայնեցինք, մենք ցանկանում ենք վերջ դնել միլիոնավոր մահերին, որ տեղի են ունենում Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետևանքով: Նախագահ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի շատ ուժեղ կարգախոսը՝ «ողջախոհություն»»: Թրամփի խոսքով՝ երկու գերտերությունների առաջնորդները պայմանավորվել են աշխատել միասին սերտորեն, ներառյալ միմյանց երկրներ այցելելը:

Տեսանյութեր

Լրահոս