Նիկոլը կոնսենսուսից եկել-հասել է աշխարհաքաղաքական վակուումի․ Վիգեն Հակոբյան

Նիկոլ Փաշինյանը շարունակում է գործընկերների հետ ոչ ֆորմալ շփումները․ ԱՄՆ-ում Կրոնական գագաթնաժողովին մասնակցելուց և Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ լուսանկարվելուց հետո, նա մեկնել է Ֆրանսիա, մասնակցել Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին, որը կազմակերպվել էր Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի մասնակից երկրների և կառավարությունների ղեկավարների պատվին։

168amքաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ոչ ֆորմալ հանդիպումների նպատակը, ու ի՞նչ օգուտ կա այդ հանդիպումներից, արտաքի՞ն, թե՞ ներքին լսարանի համար են դրանք։

Ի պատասխան՝ վերլուծաբանը նախ արձանագրեց․ «Թրամփի վարչախմբի գալուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտ բավականին լուրջ անորոշության շրջան է սկսվել, որովհետև Փաշինյանն ու իր թիմը խաղադրույքը դրել էին դեմոկրատական կուսակցության հաղթանակի վրա․ իրենց փառապանծ անալիտիկների կարծիքով՝ ավելի մեծ շանսեր ունեին դեմոկրատները, և աշխատում էին այդ վարչախմբի հետ։ Այդ վարչախումբն այստեղ ուներ իր շահերը, իսկ որպես այդ շահերը տանող՝ նրանք պատկերացնում էին Նիկոլ Փաշինյանի վարչախմբին։

Դոնալդ Թրամփի գալուց հետո, ըստ էության, վակուում առաջացավ, և կարծում եմ՝ Փաշինյանն ԱՄՆ-ում հիմնականում խնդիր ուներ հանդիպելու նոր ադմինիստրացիայի հնարավորինս բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որպեսզի հասկանա՝ այն կանոնադրությունը, որ ստորագրել էին Բայդենի հեռացումից 5 րոպե պակաս, ինչքանո՞վ է ակտուալ նոր վարչախմբի համար»։

Կարդացեք նաև

Վիգեն Հակոբյանը նաև նկատեց, որ Կրոնական գագաթնաժողովին մասնակցելն ընդամենն առիթ էր Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի լուծի ներքին քաղաքական խնդիր՝ ցույց տալով, թե իրեն այնտեղ ինչ-որ մեկն ընդունել է։

«Ըստ էության, իրեն առանձնապես ոչ մի բան չհաջողվեց,- հավելեց նա, ապա անդրադառնալով Վենսի լուսանկարի պատմությանը՝ նշեց,- Չի լինում այնպես, որ լինի հանդիպում, ու փոխնախագահի որևէ ռեսուրսում՝ պաշտոնական որևէ էջում, այդ մասին նշում չլինի։ Ճիշտն ասած, մինչև համար ինձ համար գաղտնիք է մնում, թե ո՞վ է նրանց նկարել, Վենսը չունի այդ նկարը, նրա որևէ էջում չկա նման լուսանկար․ այդ նկարն էքսկլյուզիվ է, միայն Նիկոլն ունի»։

Խոսելով ամերիկյան այցից հետո ֆրանսիական հանդիպումների շարքի մասին՝ քաղտեխնոլոգը շեշտեց, որ ամերիկյան այցից հետո անորոշությունը լցնելու համար էր Փաշինյանի ֆրանսիական այցը։

«Ճիշտ է, Վենսը մեծ ապագայով բարձրաստիճան պաշտոնյա է, բայց չեմ կարծում, թե ընդհանրապես այս տարածաշրջանի առումով թեմայի մեջ է, ու նաև՝ այդ հանդիպումը ոչ էլ պրոտոկոլային էր։ Այսինքն, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում բան չհասկացավ, կամ՝ այն, ինչ հասկացավ, իրեն շատ տխրեցրեց։ Այսինքն՝ նա հասկացավ, որ ռուսների հետ պրոբլեմ ունի․ ռուսների հետ պրոբլեմ է ստեղծել, որ ամերիկացիների հետ լավ լինի, ինչը, եթե քիչ թե շատ հաջողվել էր Բայդենի վարչակազմի օրոք, ապա հասկացավ, որ Թրամփի վարչակազմի օրոք այդ մեղրամիսն ԱՄՆ-ի հետ ավարտվել է, և որ, ըստ էության, ինքն օդում կախված է մնացել, ոչ մեկին հետաքրքիր չէ,- մանրամասնեց Վիգեն Հակոբյանը՝ հենց վերոնշյալ հանգամանքով պայմանավորելով Փաշինյանի Ֆրանսիա այցը,- Նիկոլ Փաշինյանը գնաց իր ընկեր Էմանուել Մակրոնի մոտ, որ տեսնի՝ գոնե Եվրոպայից ինքը որևէ աջակցություն կարո՞ղ է ունենալ, որովհետև այն կոնսենսուսը, որով ինքը ժամանակին եկել է իշխանության ու 2021 թվականին պահպանել է այն, ակնհայտորեն չկա։ ՌԴ համար ինքը գործընկեր չէ, ԱՄՆ-ի համար հետաքրքիր չէ, մնում է՝ հասկանա, թե Եվրոպա՞ն ինչ է ասում, իսկ Միացյալ Եվրոպան ինքն իր ապագայի մասին դեռևս հստակ պատկերացում չունի։ Եվրոպայի հիմնական երկու շարժիչ երկրները խորը ճգնաժամի մեջ են՝ ոչ միայն իշխանության ճգնաժամի, այլև տնտեսական»։

Վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանի ֆրանսիական այցից առաջ Մակրոնը զրուցել էր Էրդողանի հետ։

«Ես կարծում եմ՝ այդ խոսակցության մեջ անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասին, ու չեմ բացառում՝ Մակրոնը խոսել է, այդ թվում՝ նաև այն մասին, որ Թուրքիան ներազդի Ադրբեջանի վրա, որպեսզի խաղաղության ինչ-որ թուղթ գրվի,- ասաց մեր զրուցակիցը՝ հենց այս համատեքստում դիտարկելով Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա մեկնելը,- Մակրոնը կանչել-ասել է՝ արի, պատմեմ, թե ինչ եմ խոսել Էրդողանի հետ»։

«Այսինքն՝ այսօր Նիկոլն աշխարհաքաղաքական լուրջ վակուումի մեջ է․ կոնսենսուսից եկել-հասել է աշխարհաքաղաքական վակուումի։ Նա այսօր միջնորդներ է փնտրում, որպեսզի Թուրքիայի վրա ներազդի։ Այն հոդվածը, որը Նիկոլ Փաշինյանը գրեց նախօրեին, դարձյալ դրա մասին էր․ հոդվածում նա ասում է՝ ես ամեն ինչ անում եմ՝ խաղաղություն լինի․ ո՞վ կարող է միջնորդել, որ Ադրբեջանն աչք չունենա ՀՀ-ի 60 տոկոս տարածքի վրա»,- ամփոփեց Վիգեն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-7-ն ԱՄՆ կատարած աշխատանքային քառօրյա այցի վերջին օրը Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը «ճանաչողական հանդիպում» էր ունեցել հենց ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ, ում հետ հանդիպման լուսանկարը՝ ԱՄՆ դրոշների ու Վենսի թափթփված գրասեղանի առջև, մեծ աղմուկ բարձրացրեց։ Նախօրեին էլ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահի անունից մատուցված պաշտոնական ընթրիքի ժամանակ Փաշինյանը կրկին ոչ պաշտոնական շփում էր ունեցել Վենսի հետ։ Լուսանկարներից երևում է Փաշինյան-Վենս ձեռքսեղմումը։

Փետրվարի 10-11-ին էլ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում ներկա է գտնվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին, որը կազմակերպվել է Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի մասնակից երկրների և կառավարությունների ղեկավարների պատվին։ «Ընթրիքի շրջանակում նա ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների հետ»,- ասվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս