Ո՞ւմ է ձեռնտու ԶՊՄԿ-ի չաշխատելը. Որքան այս պրոցեսը երկարում է, այնքան վնասներն ավելանում են

Բնապահպանական կեղծ պատրվակներով Ադրբեջանը միշտ էլ փորձել է հասնել Հայաստանի ամենախոշոր արտադրական ձեռնարկություններից մեկի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) գործունեության դադարեցմանը։ Դա հենց այնպես չի արել, արել է՝ հաշվի առնելով ընկերության կարևորությունը՝ ինչպես Սյունիքի, այնպես էլ՝ ընդհանրապես Հայաստանի տնտեսության ու պետական բյուջեի համար։

Այդ փորձերը չեն արդարացել։ Կոմբինատը շարունակել է բնականոն աշխատել։ Բայց վերջին օրերին փաստացի ունենք այն, որ արդեն շուրջ մեկ շաբաթ է, ինչ Հայաստանի տնտեսության համար առանձնահատուկ դեր ունեցող այս ընկերության գործունեությունը խաթարված է ներքին խնդիրների պատճառով։

Մի խումբ աշխատակիցներ դժգոհություններ ունեն աշխատավարձերից ու պահանջում են, որպեսզի դրանք բարձրացվեն։ Թեև հայտնի է, որ այստեղ աշխատավարձերը միշտ էլ բարձր են եղել։ Ու դրա շնորհիվ, ինչպես միջին աշխատավարձերի մեծությամբ, այնպես էլ՝ սոցիալական իրավիճակով Սյունիքը միշտ էլ առանձնացել է Հայաստանի այլ տարածաշրջաններից։

Թե որքանո՞վ են հիմնավոր կամ անհիմն աշխատողների դժգոհությունները, չենք էլ ուզում քննարկել։ Աշխատավարձերի խնդիրը գուցե նրանց համար կարևոր է, բայց մեկ բան հստակ է՝ ԶՊՄԿ դերն ու նշանակությունը շատ ավելի մեծ է, քան այն կենցաղային հարցերն են, որոնք դարձել են ընկերության գործունեությունը դադարեցնելու պատճառ։

Կարդացեք նաև

Աշխատակիցների գործողությունների հետևանքով կոմբինատը մեծ վնասներ է կրում։ Բայց խնդիրը միայն կոմբինատը չէ։ Կոմբինատի չաշխատելու պատճառով մեծապես տուժում է Հայաստանի տնտեսությունն ու պետական բյուջեն։

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախորդ տարի ԶՊՄԿ-ն պետական բյուջե է վճարել շուրջ 102 մլրդ դրամի միայն հարկեր ու տուրքեր, կստացվի, որ այս ընկերության յուրաքանչյուր չաշխատած օրվա դիմաց միայն պետական բյուջեն կորցնում է միջին օրական գրեթե 280 մլն դրամ։

Կոմբինատի մեկ շաբաթ չաշխատելը պետական բյուջեի վրա նստում է 1,9-2 մլրդ դրամ։

Որքան այս պրոցեսը երկարում է, այնքան բյուջեի ու տնտեսության վնասներն ավելանում են։

Թվում էր, թե սա պիտի մեծապես անհանգստացներ կառավարությանը։ Առավել ևս, որ կոմբինատում կառավարությունը բավական լուրջ մասնակցություն ունի։ Ընկերության բաժնետոմսերի գրեթե 22 տոկոսը պատկանում է կառավարությանը։ Ու կոմբինատի չաշխատելով՝ կառավարությունը ոչ միայն անուղղակի, այլև ուղղակի վնասներ է կրում. նվազում են այն ակնկալիքները, որոնք կարող էին լինել հետագա շահույթների տեսքով։

Կոմբինատի շահույթների բաշխման հաշվին անցած տարվա վերջին կառավարությունը բավական խոշոր շահաբաժին ստացավ։ Խոսքն ավելի քան 33 մլրդ դրամի մասին է, չհաշված ընկերության վճարած հարկերը։

«Նախորդ շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ պետական բյուջե է փոխանցել 33 մլրդ 249 մլն դրամ՝ որպես Հայաստանի Հանրապետության շահաբաժին։ Սա, կարծում եմ, մի իրադարձություն է, որն արժե ընդգծել, որովհետև նման բան ավելի քան 20 տարի տեղի չի ունեցել Հայաստանում»,- կառավարության նիստում հպարտանում էր Նիկոլ Փաշինյանը։

Մեկ շաբաթ է, ինչ կոմբինատի գործունեությունը դադարեցված է, իսկ կառավարությունը քար լռություն է պահպանում։ Տպավորություն է, որ նրան միայն փողն է հետաքրքրում։ Իսկ, որ կառավարության մասնակցությամբ Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը հայտնվել է այսպիսի իրավիճակում, կարևոր չէ։ Եվ սա այն պարագայում, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», առանց չափազանցության, հանդիսանում է Հայաստանի տնտեսության զարկերակներից մեկը։ Այն համակարգային նշանակություն ունի տնտեսության համար։

Վնասները, որոնք կրում են տնտեսությունն ու պետական բյուջեն, միայն կոմբինատով չեն սահմանափակվում։ Կոմբինատի աշխատանքի հետ փոխկապակցված բազմաթիվ հարակից գործունեության ոլորտներ կան, որոնք ևս վնասներ են կրում՝ ավելացնելով տնտեսության ու պետական բյուջեի կորուստները։

Տնտեսության ու բյուջեի վրա այս ընկերության չաշխատելու հետևանքները համակարգային են և ընդգրկուն. Տուժելու են նաև աշխատակիցները։

«Հարգելի՛ աշխատավորներ, չարտոնված գործողությունների հետևանքով տուժելու են հազարավոր մարդիկ, ծանր վնասներ է կրելու տնտեսությունը։

Մտահոգված ենք երկրի խորոշագույն ընկերությունում նման կամայական դրսևորումներով, քանի որ սա ոչ միայն ԶՊՄ կոմբինատի խնդիրն է, այլև նախադեպ է ստեղծում նման զարգացումների համար ցանկացած ընկերությունում, ինչը ահռելի բացասական ազդեցություն կարող է թողնել ընդհանուր տնտեսության վրա։ Հարյուրավոր ընկերություններ և կազմակերպություններ՝ իրենց հազարավոր աշխատակիցներով, կապված են ԶՊՄԿ-ի հետ և մի խումբ մարդկանց չարտոնված բողոքի պատճառով վնաս է կրում ԶՊՄԿ-ին առնչվող ամբողջ տնտեսական շղթան»,- սա մի հատված է Զանգեզուրի կոմբինատում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձությունների հետ կապված՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության հայտարարությունից։

ԶՊՄԿ-ն Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունի։ Զարմանալի չէ, որ այն մշտապես գտնվել է ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախում։ Մեկ անգամ չէ, որ բնապահպանական անհիմն պահանջներով փորձ է արվել վնասել կոմբինատի գործունեությանը, դրա համար երբեմն ծառայեցնելով հայաստանյան «բնապահպաններին»։

Նման փորձերն արդյունք չեն տվել, բայց դրանք միշտ էլ կարող են կրկնվել։

Այսօր էլ՝ այն, որ ընկերությունը հայտնվել է հարկադիր կանգառի վիճակում, մեծ ոգևորություն է առաջացրել Ադրբեջանում։ Կոմբինատի գործունեության այս դադարն առիթ է տվել ևս մի անգամ շահարկելու թեման, ինչը տեղի է ունենում, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» ու Սյունիքի հետ կապված ադրբեջանական նկրտումների վերջին շրջանում նկատվող ակտիվացումների պայմաններում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս