Փաշինյանն՝ ընդդեմ արցախյան պատերազմի նահատակների

Մարդը, ում իշխանության ժամանակաշրջանում և ում իշխանության, ամենաքիչը, անփութության պատճառով հայ ժողովուրդը վերջին հարյուր տարվա ընթացքում ամենաշատ նահատակներն է ունեցել, այլևս չի ուզում նահատակ լինել։ Ու դա ասում է այնպես, կարծես մոտ 5000 նահատակները զոհվելու անդիմադրելի ցանկություն ունեին, մինչդեռ ինքը, ահա, հասկացել է, որ ապրելն ավելի լավ է, քան նահատակվելը։

Ողջերի հետ հարցերը լուծած համարելով, Նիկոլ Փաշինյանն անցել է հազարավոր նահատակներին։ Նա չի ասում, բայց չպարզված հաշիվներ ունի նահատակների հետ, քանի որ իր բոլոր հայտարարությունները ցույց են տալիս՝ այն, ինչի համար իրենց կյանքն են զոհել հազարավոր հայ երիտասարդներ, «խանգարել է», որպեսզի Հայաստանն անկախ ու ինքնիշխան լինի։

 Այսինքն՝ ըստ այս սատանայական տրամաբանության, հանուն Արցախի իրենց կյանքը զոհած հայորդիներն իրականում պայքարել են Հայաստանի անկախության ու ինքնիշխանության դեմ, ինչը, նույն հակաբանականության համաձայն, պետական դավաճանություն է։

Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանի ցինիզմն ու ամբարտավանությունը դեռևս չի բավականացնում ուղիղ ասել այդ մասին և հետմահու մեղադրանքներ ներկայացնել պատերազմի զոհերին, նա ընդամենը «կառավարում է» նահատակների զոհողության իմաստը՝ դա համապատասխանեցնելով իր իշխանության կեղտոտ քարոզչական նպատակներին։

Կարդացեք նաև

Հազարավոր հայ երիտասարդներ իրենց կյանքը զոհել են հանուն Արցախի, հանուն իրենց հայրենիքի պաշտպանության։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, մի քանի տարվա ընթացքում դեմոնիզացրել է՝ ինչպես Արցախի, այնպես էլ՝ հայրենիքի գաղափարը, որոնք, ըստ նրա՝ խոչընդոտել են, որպեսզի Հայաստանը լինի անկախ ու ինքնիշխան պետություն։ Եվ քանի որ հիմա Արցախը Փաշինյանը ճանաչել է ադրբեջանական, իսկ հայրենիքը, ըստ նրա՝ միայն թիթեղյա մակետով թափահարվող չափագրված տարածությունն է, նա հայտարարում է, թե 44-օրյա պատերազմում պարտությունը (5000-ից ավելի զոհերն ու  Արցախի հանձնումը) անկախ ու ինքնիշխան Հայաստան ունենալու հնարավորություն է տվել։

 Հետին թվով պատմությունն աղավաղելու, անցյալի բոլոր հաղթանակներն ու ձեռքբերումներն արժեզրկելու փաշինյանական ռեպերտուարին, այսպիսով, ավելանում է նաև պատերազմի զոհերի նահատակության իմաստը հետին թվով խմբագրելու, մարդկանց զոհողությունը սեփական քաղաքական ծրագրերին ծառայեցնելու այլասերված քարոզչությունը։ Նրան այս հարցում վստահություն է տալիս այն, թե ինչպես է հասարակությունը լուռ հետևում սեփական զավակների արդեն նաև մահը մանիպուլացնելու, նահատակության իմաստը քաղաքական կոնյունկտուրային ենթարկեցնելու սեփական քարոզչությանը։

Հենց հասարակության այս լռությունն ու անտարբերությունն է, որ նրան դրդում է նորանոր ասպատակությունների՝ «իրական Հայաստանի» կերտման ճանապարհին։ Նիկոլ Փաշինյանի հակահայկական քարոզչական ողջ կամպանիան կառուցված է հանրային դիմադրողականությունը փորձության ենթարկելու սկզբունքի վրա։ Նա նախ անարգեց Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, ցույց տվեց, որ որպես պետություն՝ չի պատրաստվում որևէ քայլ ձեռնարկել նրանց հայրենիք վերադարձնելու համար։

Հասարակությունը դրան վերաբերվեց լուռ անտարբերությամբ։ Ոգեշնչվելով դրանից, հիմա Փաշինյանն անցել է արդեն պատերազմի զոհերի հիշատակը պղծելուն՝ նրանց նահատակությունը ծառայեցնելով սեփական իշխանության ամրապնդմանը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս