«Իմ անալոգիան էդ մարդիկ համարելու են սկանդալային. Ինձ մեղադրելու են Զախարովայի ու Կիսիլյովի «նառածիվները» ՀՀ-ում լեգիտիմացնելու հերթական փորձի մեջ, էդ մարդիկ վաղուց ինձ չեն հետաքրքրում». Գրիգորյան
Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշո՞ւմ եք մեր օլիգարխների բարեգործության մասին հայաստանյան հասարակության որոշակի հատվածի տեսակետը. թող հարկերը վճարեն, թող իրական շուկայական մրցակցության պայմաններում աշխատեն, թող կոռուպցիոն համակարգը չսնեն, իրենց բարեգործությունը չենք ուզում։
Իրենց արածն իրականում բարեգործություն էլ չի, ոսկոր է շպրտված հասարակությանը, որպեսզի շարունակեն պահպանել էդ համակարգը, որտեղ իրենք փաստորեն մոնոպոլ, անազնիվ ու աստղաբաշխական շահույթ են ստանում։ Ասեմ, որ ես լիովին կիսում էի էդ տեսակետը ու հիմա էլ կիսում եմ։
Եթե ինչ-որ հանցագործ, օլիգարխ, տեղական իշխանիկ մի երկու աղքատի թաղման ծախսերն է հոգում, կամ մի երկու անապահով ընտանիքի փող է տալիս, որ երեխեքը դպրոց գնալու շոր ունենան, դա չի նշանակում, որ պետք է մոռանանք, որ էդ փողը տվողը օլիգարխ է, տեղական իշխանիկ է, հանցագործ է։
Հիմա, նայում եմ Հայաստանում USAID-ի մասին ծավալված բանավեճին ու ոչ մի կերպ չեմ կարողանում էս անալոգիան գլխիցս հանել։ Արդեն քանի օր էդ կազմակերպության ջերմեռանդ պաշտպանները հիշեցնում են բոլորիս, որ էդ գրանտներից, ասենք` «Հետք»-ին էլ է բաժին հասել, որ, չգիտեմ, ինչ-որ օգտակար ուսումնական ծրագրեր են կարողացել գլուխ բերել Հայաստանում դրանց շնորհիվ, օրենսդրական որոշ դրական ռեֆորմներ են կարողացել իրականացնել և այլն։
Հիշեցումներով չեն բավարարվում, իհարկե։ Անարգանքի սյունին են գամում բոլոր երախտամոռներին էդ ամեն ինչը չտեսնելու ու չգնահատելու համար, չնայած առանձնապես չեն ժխտում, որ Հայաստանում էդ կազմակերպության հատկացրած գրանտների շնորհիվ նաև կոմպրադորական մի ամբողջ խավ է ստեղծվել, որոնց համար Հայաստանի շահերը նույնիսկ երկրորդական չեն։
Հիմա, իհարկե, իմ անալոգիան էդ մարդիկ համարելու են սկանդալային։
Ինձ մեղադրելու են Մարիա Զախարովայի ու Կիսիլյովի «նառածիվները» Հայաստանում լեգիտիմացնելու հերթական փորձի մեջ։ Էդ մարդիկ վաղուց ինձ չեն հետաքրքրում։
Իրականում ես միայն նրանց հաճոյախոսություններից կարող եմ մտահոգվել։ Նրանց մեղադրանքներն ու լուտանքները ես պատիվ եմ համարում։ Բայց գիտեմ, որ անալոգիան ահագին կոպիտ անալոգիա է ու նույնիսկ որոշ չեզոք կամ ինձ համակրող մարդիկ կարող են մտածել, թե էս անգամ համը հանել եմ։
Որպեսզի սփոփեմ էդ անհանգստությունները, երեք նյութ եմ դնում։ Նայեք, կարդացեք։ Զախարովային ու Կիսիլյովին պետք չի լսել։ Ոչ էլ ինձ։ Ամերիկացիներին լսեք»։