Գործազրկության աճ՝ «աշխատատեղերի աննախադեպ ավելացման» պայմաններում
Որքան շատ են իշխանությունները խոսում տնտեսական բուռն զարգացումների, հազարավոր աշխատատեղերի ստեղծման, բազմաթիվ թափուր աշխատատեղերի առկայության մասին, այնքան գործազուրկների քանակն ավելանում է։
Անցած տարի Հայաստանում ավելի շատ գործազուրկներ են եղել, քան նախորդ տարի։
Պաշտոնական վիճակագրության կողմից հրապարակված վերջին տվյալներով, մեր երկրում գրեթե 186 հազար գործազուրկ կա։
Գործազուրկների քանակը նախորդ տարվա համեմատ՝ ավելացել է 18,4 հազարով։
Եթե մեկ տարի առաջ աշխատունակ բնակչության 12 տոկոսն էր գործազուրկ, անցած տարվա երրորդ եռամսյակում գործազուրկ է եղել 13,3 տոկոսը։
Գործազրկությունը 1,3 տոկոսային կետով ավելացել է. 18,4 հազար մարդ համալրել է գործազուրկների բանակը։ Ոչ միայն գործազրկությունն է անցած տարի ավելացել, այլև զբաղվածներն են կրճատվել։ Մեկ տարի առաջ աշխատունակ բնակչության 54,2 տոկոսն էր զբաղված, անցած տարի զբաղված է եղել 52,2 տոկոսը։
Չնայած զբաղվածության կրճատմանն ու գործազրկության ավելացմանը, իշխանությունները հաճախ են խոսում Հայաստանում բազմաթիվ թափուր աշխատատեղերի առկայության մասին։ Իրականում Հայաստանում թափուր աշխատատեղեր կան, բայց այնքան չեն, ինչքան փորձ է արվում ներկայացնել։
Պաշտոնական տվյալներով, անցած տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում 9 հազարից մի փոքր ավել թափուր աշխատատեղեր են եղել։ Առնվազն 20 անգամ ավելի քիչ, քան գործազուրկներն են։ Ու այն, որ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե գործազրկության պատճառը մարդկանց աշխատել չուզենալն է, անհիմն է։ Եթե անգամ բոլոր թափուր աշխատանքները համալրված լինեին, միևնույն է, տասնյակ-հազարավոր քաղաքացիներ կշարունակեին գործազուրկ մնալ։ Թափուր աշխատատեղերի քանակն էապես ավելի քիչ է, քան գործազուրկներինը։
Թափուր աշխատատեղերը մեծամասամբ պետական կառավարման համակարգում են։ Մասնավորում ընդամենը 2,9 հազար ազատ աշխատատեղ է արձանագրվել։ Մնացած 6,5 հազարը եղել է պետական համակարգում։
Դրանք հիմնականում անորոշ ժամկետով աշխատատեղեր են։ Բացի այդ էլ՝ այդպիսի աշխատատեղերը սովորաբար շատ ավելի սպեցիֆիկ են կամ ցածր աշխատավարձով են։
Հիմնականում այս երկու գործոններն են պատճառ դառնում այսքան բարձր գործազրկության պայմաններում աշխատատեղերի թափուր մնալու համար։ Բայց այդ մասին իշխանությունները գերադասում են չխոսել և շահարկում են միայն թափուր աշխատատեղերի թեման՝ չնայած այդպիսի աշխատատեղեր Հայաստանում բոլոր ժամանակներում էլ եղել են։ Դա բոլորովին էլ չի նշանակում, թե այդ աշխատատեղերը համալրելու պարագայում Հայաստանում գործազրկություն չէր լինի։
Գործազուրկների քանակը շատ ավելին է, քան թափուր աշխատատեղերը, անհամեմատ ավելին է, քան ստեղծվող նոր աշխատատեղերը։ Հատկապես որ, աշխատատեղերի ստեղծումն այնքան էլ միանշանակ չէ։ Տարեկան նաև հազարավոր աշխատատեղեր են Հայաստանում փակվում։
Պաշտոնական տվյալներով, անցած տարվա երրորդ եռամսյակում 14 հազարից ավելի աշխատատեղ է կրճատվել։
Կրճատված աշխատատեղերի մեծ մասը եղել են մասնավոր ոլորտում՝ 14,1 հազարից 11,3 հազարը։
Աշխատատեղերի ամենամեծ կրճատումն արձանագրվել է ծառայությունների ոլորտում, որտեղ շուրջ 6,2 հազար աշխատատեղ է կրճատվել։
Աշխատատեղերի կրճատումը քիչ չի եղել նաև արդյունաբերության մեջ՝ շուրջ 2,4 հազար։ 1,3 հազար աշխատատեղ կրճատվել է շինարարության մեջ, 1,2 հազար՝ ֆինանսական, անշարժ գույքի, գիտական, տեխնիկական, վարչարարական և օժանդակ գործունեության ոլորտներում։
Պետական կառավարման, կթության, առողջապահության, բնակչության սոցիալական սպասարկման ոլորտներում կրճատվել է 2,8 հազար աշխատատեղ։
Պետական համակարգում 2,8 հազար աշխատատեղ է փակվել։ Բայց դա չի նշանակում, թե պետական բյուրոկրատական ապարատը թեթևացրել են, օպտիմալացրել են ու կրճատել հարկատուի վրա նստած ծախսերը։ Ընդհակառակը՝ պետական համակարգի ծանրաբեռնվածությունն ավելի է մեծացել։
Պետական հատվածում 2,8 հազար աշխատատեղ կրճատել են, 5,7 հազարով ավելացրել։
2,9 հազար նոր աշխատատեղով ծանրաբեռնել են պետական համակարգն ու ֆինանսական բեռ ավելացրել պետության վրա։ Սա բոլորովին էլ լավ աշխատանքի արդյունք չէ։ Պետական համակարգը շարունակել է ծանրանալ պետության վրա։ Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ու համակարգն օպտիմալացնելու փոխարեն՝ նոր բեռ են դրել։
Ի տարբերություն պետականի, այլ է նոր աշխատատեղերի ստեղծման նշանակությունը մասնավոր հատվածում։ Մասնավորում էլ նոր աշխատատեղեր ստեղծվել են, բայց ստեղծված ու փակված աշխատատեղերի տարբերությունն ավելի քիչ է, քան պետականում։
Պաշտոնական տվյալներով, տնտեսության մեջ անցած տարվա երրորդ եռամսյակում ստեղծվել է 13,3 հազար նոր աշխատատեղ, փակվել է 11,3 հազար աշխատատեղ։ Դրական տարբերությունը կազմել է ընդամենը 2 հազար։ Ավելի քիչ, քան պետական համակարգի պարագայում։
Աշխատատեղերի հետ կապված այս թվերը բացարձակ համատեղելի չեն ՊԵԿ-ի հայտարարագրած ցուցանիշների հետ, որոնք էլ շատ հաճախ դրանք իշխանություններն օգտագործում են՝ հայտարարելով, թե իբր Հայաստանում տարեկան տասնյակ-հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծում։ Նոր ստեղծվող աշխատատեղերն անհամեմատ ավելի քիչ են, քան ՊԵԿ-ի հայտարարագրածները։
Պատկերացնելու համար ասենք, որ անցած տարվա առաջին եռամսյակում, պաշտոնական վիճակագրության տվյալներով, Հայաստանում ստեղծվել է՝ 19,6 հազար, փակվել է՝ 15,2 հազար աշխատատեղ, երկրորդ եռամսյակում ստեղծվել է՝ 15,7 հազար, փակվել է՝ 16,9 հազար աշխատատեղ, ավելի շատ, քան ստեղծվել է, երրորդ եռամսյակում ստեղծվել է՝ 19 հազար, փակվել է՝ 14,1 հազար աշխատատեղ։
Նոր ստեղծված և փակված աշխատատեղերի տարբերությունը կազմել է ընդամենը 8,1 հազար։ Սա նշանակում է, որ ՊԵԿ-ի կողմից հայտարարագրվող աշխատատեղերի ավելացումները, ինչը տարիներ շարունակ շահարկում են իշխանությունները, գերազանցապես նախկինում ստեղծված աշխատատեղերն են։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ