Ալիևն աշխարհաքաղաքական ազդանշաններն է փորձում ստուգել․ վերլուծաբան
Մինչ Հարավային Կովկասում անորոշ տրամադրություններ են՝ պայմանավորված ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտով և աղմկահարույց որոշումներով, դրա հետևանքով աշխարհաքաղաքական փոփոխությունների սպասումով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի շեղվում քաղաքական իր օրակարգերից՝ հիշեցնելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Բաքվում կայացած խորհրդակցության ժամանակ Իլհամ Ալիևը մի քանի րոպեի ընթացքում մի քանի անգամ արտաբերել է այդ արտահայտությունը՝ հայտարարելով. «Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները և ապահովի կապն Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև»։
«Մեր կողմից իրականացվող նոր նախագծերի թվում ես ցանկանում եմ հիշատակել «Զանգեզուրի միջանցքը»։ «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի նախաձեռնությունն է։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակից հետո այս հարցը մուտք գործեց միջազգային օրակարգ։ «Զանգեզուրի միջանցքը» միջազգային բառապաշարում այսօր ընդունված տերմին է։ Մենք, իհարկե, գործնական քայլեր ենք ձեռնարկում այդ միջանցքի բացման ուղղությամբ։ Ճիշտ է նաև, որ Հայաստանն այս հարցում ոչ կառուցողական մոտեցում է դրսևորում և չի կատարում այն պարտավորությունները, որ ստանձնել է նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն ակտով։ Այդ փաստաթղթում հստակորեն գրված է, որ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է տրանսպորտային կապ ապահովվի»,- հայտարարել է Ալիևը։
Նա նաև անդրադարձել է Փաշինյանի կողմից առաջ քաշվող նախագծերին՝ պնդելով, թե դրանք առանց Ադրբեջանի «թղթի կտոր» են։
«Իսկ մեր առաջ քաշած պայմաններն արդար են, հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և այն պարտավորությունների վրա, որ Հայաստանն է ստանձնել»,- հայտարարել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, քանի դեռ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» չի բացվել, Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Հայաստանը շրջանցող, Իրանի տարածքով անցնող ճանապարհի շինարարության ուղղությամբ։
Վերջերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել էր այս թեմային՝ ասելով, թե հայկական կողմը տեղյակ է ՌԴ պաշտոնական դիրքորոշման մասին։ Նա ընդգծել էր, թե ռուսական կողմը հետևողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի համապարփակ ապաշրջափակման օգտին՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա։ «Առաջին հերթին խոսքը գնում է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների մասին»,- պարզաբանել էր դիվանագետը։
Նրա խոսքով, այնտեղ ամեն ինչ շատ հստակ նշված է՝ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվելու են։ Զախարովան մեջբերել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետն ամբողջությամբ, այդ թվում՝ և այն, որ «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:
«Հենց այս տրամաբանությունն է ընկած եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հիմքում, որը համանախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները։ Խմբի շրջանակներում հաջողվել է հասնել զգալի գործնական արդյունքների և մոտենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության կազմակերպման վերականգնմանը»,- նշել էր ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ ընդգծելով՝ եռակողմ աշխատանքային խումբը երբեք չի քննարկել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարցը։ «Ընդհակառակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկրներն ունեն ինքնիշխանություն և իրավասություն իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ»,- նշել էր Զախարովան։
ՀՀ իշխանությունները մշտապես հայտարարել են, որ դեմ են միջանցքային տրամաբանությանը, նման համաձայնություն չեն տվել երբեք, և եռակողմ հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում միջանցք։ Ավելին, այդ հայտարարության 9-րդ կետում ներառված ռուսական վերահսկողական մեխանիզմներին ևս ՀՀ իշխանությունները կարծես դեմ են։ Փաշինյանի իշխանությունը ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, բացի այդ, հայտարարվել էր ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը դրսից պահնորդական կազմակերպությանը հանձնելու մասին։ Սա, թերևս, այն դեպքում, երբ ռեգիոնալ ճանապարհների բացումը տեղի ունենար ոչ թե ռուսական, այլ արևմտյան հովանու ներքո, երբ կար արևմտյան միջնորդության ակտիվացում ռեգիոնում։ Այդ շրջանում թե պետքարտուղար Բլինքենը, թե պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենն անդրադառնում էին այս ճանապարհին ու Միջին միջանցքի գաղափարին։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Ադրբեջանը տարբեր սցենարներ է մշակում ռեգիոնալ զարգացումների կառավարման համար։
Նրա խոսքով, ակնհայտորեն Ադրբեջանը չի հրաժարվում իր ու Թուրքիայի վաղեմի երազանքից, դա համատեղ պրոյեկտ է, դրանից խոսում են նաև Թուրքիայում, թուրք պաշտոնյաները, սակայն աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ այս հարցի ակտիվ քննարկումը ժամանակ առ ժամանակ «սառեցնում են»։
Վերլուծաբանի կարծիքով, ամեն անգամ այս թեմայից խոսելով՝ ադրբեջանական կողմն աշխարհաքաղաքական ազդանշաններն է փորձում ստուգել, հասկանալ, թե ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական կենտրոններն ինչպես են դիրքավորված։
«Այս ստուգումները թույլ են տալիս կողմնորոշվել հետագա քայլերի և կոնկրետ այս հարցը ակտիվ օրակարգ բերելու որոշում կայացնելու հարցում։ Ներկայումս, ըստ իս, Ադրբեջանը հերթական անգամ անդրադառնում է այս թեմային մի փոքր անորոշության շղարշով, իրանական տարբերակից խոսելով, քանի որ աշխարհի ուշադրության կենտրոնում ԱՄՆ նոր վարչակազմն է և սպասվելիք Թրամփ-Պուտին բանակցությունները կամ հեռախոսազրույցը։ Մեծ անորոշությունը կապված է այն հանգամանքի հետ, որ որևէ մեկին հայտնի չէ, թե այս նոր աշխարհակարգում, որում Թրամփն իր աշխատակազմով նոր է հայտնվել, ինչպես կարձագանքի այս կամ այն կարևոր իրադարձության:
Դա վերաբերում է նաև Հարավային Կովկասի իրավիճակին, թեև շատ են մեկնաբանությունները, որ նոր վարչակազմը չի աջակցի Երևանին այնպես, ինչպես Բլինքենը, և չի լինի այնքան զգայուն ռեգիոնալ զարգացումների նկատմամբ, որքան նույն այդ Պետքարտուղարությունը։ Ի վերջո, կա նոր Պետքարտուղարություն, որը հիմք ընդունելով Թրամփի ընդհանուր մոտեցումները, իրականացնելու է քաղաքականությունը տեղում՝ ռեգիոններում, և դա կարող է չարդարացնել սպասումները։ Չի բացառվում, որ հիմնական ակնկալիքները՝ Թրամփի արտաքին քաղաքականությունից, չբավարարվեն»,- ասաց վերլուծաբանը։
Ուստի, նրա խոսքով, թեև ադրբեջանական կողմը ներկայումս հարցին անդրադարձել է, չի հրաժարվում այդ ցանկությունից, սակայն այն դեռևս ակտիվ օրակարգի մաս չի դառնալու և բանակցություններ ներկայումս կարծես չեն սպասվում։
«Այստեղ առանցքային են նաև Թուրքիայի մոտեցումները և համաձայնությունը, իսկ Թուրքիան դեռ խնդիրներ ունի լուծելու Սիրիայում և այդ ամենի շուրջ ակնկալում է համագործակցել Ռուբիոյի վարչակազմի հետ»,- նկատեց նա։
Վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին մեզ հետ զրույցում ասաց, որ ճանապարհների հարցը կողմերի միջև առկա ամենածանր հարցերից է ներկայումս, որն ակնհայտորեն պահանջում է միջնորդություն։
Նրա կարծիքով, եթե ԱՄՆ վարչակազմը չցուցաբերի նախկին նախաձեռնողականությունը կողմերի միջև հանդիպումներ, բանակցություններ կազմակերպելու հարցում, ապա բարդ կլինի պատկերացնել բանակցությունների ապագան, քանի որ կողմերը պետք է բանակցեն կամ առանց միջնորդների, կամ Ռուսաստանի միջնորդությամբ։
«Թրամփի հետ բանակցություններից հետո վստահաբար ՌԴ-ն ուշադրությունը կուղղի նաև Հարավային Կովկասին, կփորձի համակարգել բանակցությունները, մեծացնելով Ուկրաինայի պատերազմի ֆոնին կորցրած ազդեցությունը Հարավային Կովկասում։ Ուկրաինայում պատերազմի ավարտը կամ Ռուսաստան-Արևմուտք բանակցությունների արդյունքներն ուղիղ կապ կունենան Ռուսաստանի հարավկովկասյան ուղղությամբ քայլերի արդյունավետության և ինտենսիվության հետ։ Եթե Արևմուտքն ավելի հետքաշված քաղաքականություն վարի այս ռեգիոնում և չհետաքրքրվի բանակցություններով, ապա Երևանի համար ավելի բարդ է լինելու»,- ասաց նա։
Ուստի, նրա խոսքով, իր դերակատարությունը կարող է ունենալ նաև Վրաստանը, որը բազմիցս առաջարկել է աջակցել կողմերի միջև շփումներին։
«Կարծում եմ՝ Կոբախիձեի երևանյան այցի ժամանակ այդ առաջարկը կվերահաստատվի»,- նկատեց նա։