Հայաստանում տարածված է խոզի գրիպը. ի՞նչ անել
Աշնանը և ձմռանն ակտիվանում են սուր շնչառական վարակները։ Արդյոք հնարավո՞ր է այն շրջանցել։ Այս մասին զրուցել ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանի հետ։
– Բժշկուհի, թերևս մեր զրույցը սկսենք գրիպից։ Ո՞ր տեսակներն են տարածված։
– Այո, աշնան ու ձմռանը նկատվում է սուր շնչառական վարակների ակտիվացում, և այս տարին ևս բացառություն չէ։ Սուր շնչառական վարակները կարող են հարուցվել տարբեր հարուցիչներով, բայց նրանց ամբողջացնում է այն, որ ունեն նույն կլինիկական ախտանշանները։ Բուժառուները հիմնականում գանգատվում են բարձր ջերմությունից, հոդամկանացավից, կարող են ունենալ քթահոսություն, կոկորդի ցավ, հազ։ Երբեմն հիվանդությունները կարող են ունենալ որոշ բարդություններ, օրինակ, թոքաբորբ զարգանա, և այս դեպքում կարող է առաջանալ շնչարգելություն, դժվարաշնչություն։
Ինչ վերաբերում է գրիպին, ապա գրիպն ունի ենթատեսակներ, ու հիմնականում A և B տեսակն է, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր ենթատեսակները։ Այս պահի դրությամբ Հայաստանում շրջանառվում է գրիպի A տեսակը և H1N1 ենթատեսակը։
– Մարդիկ կան, զգում են, որ իրենց մոտ գրիպի նախանշաններ կան․ այդ պահից սկսած կարո՞ղ են կանխել։
– Կանխարգելումը պետք է սկսենք ոչ թե այն ժամանակ, երբ արդեն ունենք ախտանշաններ, այլ պետք է դրա մասին մտածենք աշնան առաջին ամիսներին՝ ստանալով գրիպի դեմ պատվաստում, որն ամենաճիշտ, անվնաս կանխարգելման տարբերակն է։
Բացի այդ՝ կանխարգելման լավագույն տարբերակներից է համարվում ձեռքերի հիգիենան, սենյակի օդափոխությունը, մակերեսների ախտահանումը։ Ու եթե կան ախտանշաններ, պետք է փորձենք կանխել շփումը, որպեսզի այլ մարդկանց չվարակենք։ Անհրաժեշտ է խուսափել մարդկային կուտակումներից, այնտեղ գտնվելուց։ Բավականին արդյունավետ մեթոդ է համարվում դիմակների կիրառումը՝ չվարակելու կամ վարակվելուց խուսափելու համար։
Խորհուրդ է տրվում օգտագործել առատ հեղուկներ, վիտամիններով հարուստ սնունդ։ Եթե ջերմությունը բարձր է՝ ընդունել որևէ ջերմիջեցնող։ Սակայն, եթե գանգատները պահպանվում են 5 օրից ավելի, ավելանում է խեղդող հազը, անհրաժեշտ է դիմել բժշկի։
– Դիմակ կրում են նրանք, ովքեր հիվա՞նդ են, թե՞ նրանք, ովքեր չեն ուզում հիվանդանալ։
– Դիմակ խորհուրդ է տրվում կրել հատկապես հիվանդ մարդկանց, որպեսզի կանխեն վարակի հետագա տարածումը, և, իհարկե, առողջ մարդկանց, եթե մարդաշատ վայրում են։
– Մարդաշատ վայր է հասարակական տրանսպորտը, բայց ուղևորների կեսը պատուհանը բացում է, որ մաքուր օդ լինի, մյուս կեսը՝ փակում է։ Որքանով գիտեմ՝ մեկին վարակելու դեպքում քրեական պատասխանատվության են ենթարկում։ Դա իրականությանը համապատասխանո՞ւմ է։
– Չեմ կարծում, որ օրենքը միայն գրիպին է վերաբերում։ Եթե մտադրված վարակում ենք որևէ մեկին, որևէ հիվանդությամբ, այո՛, կարող են քրեական պատասխանատվության ենթարկել։ Իսկ գրիպի դեպքում իրականում ոչ ոք չի կարող ասել, թե մարդաշատ վայրում ո՞վ է վարակի աղբյուրը։ Պարզապես մեզանից յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի՝ վարակի տարածումը կանխելու համար։ Անհրաժեշտ է պահպանել հազալու, փռշտալու կանոնները։ Հիվանդ վիճակում աշխատանքի կամ դպրոց գնալը հերոսություն չէ։ Պետք է փորձենք 2-3 օր սահմանափակել շփումը՝ դրանով իսկ օգնելով և՛ մեզ, և՛ մյուսներին։
– Գրիպի դեպքում դեղատներում տարբեր թեյեր են առաջարկվում՝ նարնջի, մորու և այլ համերով, որոնք նաև պարացետամոլ են պարունակում։ Կողմնակի էֆեկտներ չկա՞ն։
– Այո, դեղորայքներ կան՝ տարբեր հավելումներով ու պարացետամոլի հետ զուգահեռ։ Պարացետամոլի ճիշտ դեղաչափի օգտագործումը չի վնասի, սակայն չպետք է չարաշահել։
Կարող են օգնել աղով, սոդայի լուծույթով ողողումները, սոխը, սխտորը, սակայն, եթե 5-7 օրում չեն լավանում՝ բացի տատիկի խորհուրդները, պետք է դիմել մասնագետի։
Խոսենք ցավալի թերապիայի՝ հակաբիոտիկների մասին։ Այն սուր շնչառական վարակների դեպքում ոչ միայն չի օգնում, այլև կարող է երբեմն նաև վնասել՝ հանգեցնելով լրջագույն խնդիրների։ Հակաբիոտիկները պետք է նշանակվեն մասնագետի կողմից, երբ կա ցուցում՝ հակաբակտերիալ բուժում նշանակելու համար։
– Գրիպի բարդացման հետևանքով ի՞նչ հիվանդություններ կարող են առաջանալ։
– Թոքաբորբ, ականջի բորբոքում, հարքթային խոռոչների բորբոքում և այլն։
– Ո՞ւմ մոտ է հիվանդությունը ծանր ընթացք ունենում։
– Լինի գրիպ, կորոնավիրուս, թե սուր շնչառական այլ վարակ, խոցելի խումբ են համարվում մինչև 5 տարեկան երեխաները, հղիները, 65 տարեկանից բարձր տարեցները և ուղեկցող քրոնիկ հիվանդություն ունեցողները. սիրտ-անոթային, շնչառական համակարգի, երիկամային խնդիր ունեցողները, շաքարային դիաբետ, հիպերտոնիա, ուռուցքային հիվանդություն ունեցողները։
– Հարևան Վրաստանում տարածված է «խոզի գրիպը», անգամ մահվան դեպքեր են գրանցվել։ Ի՞նչ վիճակ է Հայստանում։
– Հանրապետությունում այս պահին տարածված է գրիպ A-ի H1N1 ենթատեսակը։ Չեմ ուզում կենդանիների անունով կոչել, բայց այո, խոսքն այդ նույն «խոզի գրիպի» մասին է։
– Վերջերս շատ խոսվեց մետապնևմավիրուսի մասին։ Սա ի՞նչ վիրուս է։
– Թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում պարբերաբար գրանցվել են սուր շնչառական վարակներ՝ պայմանավորված տվյալ վիրուսով։ Այս վիրուսի դեպքում լինում է ջերմություն, գլխացավ, հազ, մկանացավ, կոկորդի ցավ։
– Հիմա ավելի շատ կորոնավիրուսով են վարակվո՞ւմ, թե՞ գրիպով։
– Կարող եմ նշել, որ կորոնավիրուսային վարակը դասվում է մյուս սուր շնչառական վարակների դասին։ Կան դեպքեր՝ հարուցված հենց կորոնավիրուսային վարակով։ Այն նույնն է, ինչ այլ հարուցիչներով հարուցված սուր շնչառական հիվանդությունները։
– Խոսեցիք գրիպի դեմ պատվաստանյութից։ Շատերը խուսափում են պատվաստվել՝ նշելով, որ իմունիտետն է թուլանում, կամ լսել են, որ մեկի մոտ առողջական խնդիր է ի հայտ եկել։ Որքանո՞վ է այն անվտանգ։
– Չեմ կարող չկարևորել պատվաստանյութի դերը՝ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում, որովհետև պատվաստանյութի շնորհիվ կարողացել ենք վերացված համարել բնական ծաղիկ հիվանդությունը։ Ինչ վերաբերում է գրիպի պատվաստանյութին՝ նշեմ, որ եթե մի դեղորայք կիրառելի է երեխաների ու հղիների դեպքում, միանշանակ խոսում է պատվաստանյութի անվտանգ լինելու մասին։ Այսպիսին գրիպի պատվաստանյութն է։ Պատվաստվելով կամ խուսափում ենք վարակվել, կամ վարակվելու դեպքում ավելի հեշտ ենք տանում հիվանդությունը։ Ինչ վերաբերում է իմունիտետի թուլացմանը, իհարկե, դա այդպես չէ։ Ցանկալի չէ պատվաստում ստանալ առողջական որոշակի խնդիրներ ունենալու դեպքում, և երբ զննում է բժիշկը ու պարզվում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում երեխան կամ մեծահասակն ունեցել է որոշակի առողջական խնդիրներ, այդ փուլում խորհուրդ է տրվում սպասել և որոշ ժամանակ անց պատվաստվել։
– Իսկ ինչո՞ւ է անհրաժեշտ ամեն տարի գրիպի դեմ պատվաստվել։
– Պատվաստվելուց հետո ձևավորված իմունիտետի պաշտպանությունը մեկ տարի է, և հետո ամեն տարի հաշվի են առնում, թե նախորդ տարի ո՞ր շտամերն են շրջանառվել, և պատվաստանյութը հաջորդ տարվա համար պլանավորվում է՝ ըստ շրջանառվող շտամերի։