![](/banners/BeFunky-design.jpg)
Վիրուսային ծանր պիկ է. հիվանդանոցների միջանցքներում են բուժօգնություն ցույց տալիս. Անուշ Պողոսյան
Հայաստանում առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը տարիների շարունակ չի ներդրվում, որովհետև առողջապահության ոլորտը ղեկավարում են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ. ավելին՝ գրեթե բոլոր պրոֆեսիոնալները լքել են համակարգը, ինչի հետևանքով է նաև, որ առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգ ներդնելու համար անհրաժեշտ 1500 չափորոշիչից մշակվել է ընդամենը 300-ը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով առողջապահական համակարգում տիրող վիճակի մասին, նման տեսակետ հայտնեց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը՝ ընդգծելով՝ ոլորտում ամեն օր են կուտակվում խնդիրներ, որոնք ոչ թե լուծվում են, այլ՝ խորացվում դրանց չտրված լուծումների բացակայության պատճառով։
«Արդեն մեկ ամիս է՝ ամեն օր ահազանգում եմ՝ երկրում վիրուսային ծանր պիկ է։ Ծնողները երեխաներին գրկած՝ հայտնվել են հիվանդանոցների միջանցքներում, մարդկանց միջանցքներում են բուժօգնություն ցույց տալիս, իսկ այս ֆոնին առողջապահության ոլորտը ղեկավարողը կարծում է, թե վիճակը վերահսկելի է»,- ասաց Անուշ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ խնդիրները, սակայն, այսքանով չեն ավարտվում, որովհետև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունում է որոշումներ, որոնք «նպաստում են» խնդիրների խորացմանը. օրինակ՝ որոշում է կայացվում կրճատել հիվանդանոցներում հերթապահություն իրականացնող բժիշկների թիվը։
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահը նշեց, որ այդ կրճատումները կատարվել են Ավանեսյանի՝ 30.01.2025 թվականի հրամանով, որով դադարեցվել են առողջության առաջնային պահպանման հիմնարկներում բժշկական հերթապահությունները։ Այսինքն՝ այն մասնագետները, որոնք շաբաթ և կիրակի օրերին հիվանդանոցներում հերթապահում էին, այլևս չեն հերթապահի։
Ըստ Անուշ Պողոսյանի՝ շուրջ 4 տարի հերթապահություն կատարած բուժանձնակազմին, հավանաբար, չեն վճարել հերթապահություններ անցկացնելու համար, ուստի որոշվել է նրանց վճարելու փոխարեն՝ ուղղակի կրճատել։
«Հաջորդ մեծ խնդիրը կապված է էլեկտրոնային դեղատոմսերի հետ։ Առողջապահության նախարարն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ դուրս է գրվել 110.000 դեղատոմս, սակայն օգտվել են 34.000-ը։ 1 տարվա ընթացքում՝ 110.000 դեղատոմս, այսինքն՝ 1 օրում` 306 դեղատոմս, Հայաստանում գրանցված է 14.600 բժիշկ, այսինքն՝ օրվա կտրվածքով 1 բժշկին ընկնում է 0,02 դեղատոմս, իրական հիվանդներին գրվել է ընդամենը 34.000 դեղատոմս, իսկ մնացած թիվը պայմանավորված է նրանով, որ բժիշկները գրել են դեղատոմսեր, որ սովորեն, իսկ այս ընթացքում տուգանել են 600 տնտեսվարողի այդ էլեկտրոնային դեղատոմսերի պատճառով»,- ասաց Անուշ Պողոսյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։