««Ազգային» բառից խրտնում են՝ այդ բառի տակ այլ բաներ են հասկանում». Ազգային գրադարանի նախկին տնօրեն
Արվեստի գործիչներից շատերին զարմացրել է, թե ինչո՞ւ է իշխանությունը որոշել մշակութային, կրթական օջախների անվանումներից հանել «ազգային» բառը և այն փոխարինել «համապետական» բառով։
Օրինակ, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այսուհետև կոչվելու է՝ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի համապետական ակադեմիական թատրոն։
Հայաստանի ազգային, այսուհետև համապետական գրադարանի նախկին տնօրեն Տիգրան Զարգարյանի համար ևս անհասկանալի է իշխանությունների նման որոշումը, նրանց տված բացատրությունները՝ նույնպես։
«Այսօր ես չգիտեմ մի երկիր, որի գրադարանը կամ օպերային թատրոնն ազգային չկոչվի։ Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ ազգային գրադարան չկա, հենց «ազգային» բառով, ԱՄՆ-ում կա Կոնգրեսի գրադարան, որը համարվում է ազգային գրադարան, այն սպեցիֆիկ կառույց է, ոչ համապետական։ Բրիտանիայում էլ կա, որը կրկին ազգային գրադարան է։ Հիմա աշխարհի բոլոր երկրներում էլ կան գրադարաններ, որոնք կոչվում են ազգային, այդ թվում՝ խորհրդային նախկին հանրապետություններում, այդ թվում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում։
Ինձ համար սա խորթ ու վրդովվեցուցիչ է։ Երկար եմ մտածել «պետական» ու «համապետական» բառերի շուրջ, ուզում էի հասկանալ՝ տարբերությունները ո՞րն է, եթե իրենք գտել են իրենց համար տարբերությունը, կարող են մեզ էլ ասել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տիգրան Զարգարյանը։
Նա ընդգծեց, որ Ազգային գրադարանը կոչվում է՝ Հայաստանի ազգային գրադարան ՊՈԱԿ՝ պետական ոչ առևտրային կազմակերպություն, իսկ այս փոփոխություններից հետո կլինի՝ Հայաստանի համապետական գրադարան պետական ոչ առևտրային կազմակերպություն։
«Դրսի աշխարհին պետք է բացատրեն «պետական» և «համապետական» բառերի նշանակությունը, ու թե ինչո՞ւ է փոխվել։ Չգիտեմ՝ ինչո՞ւ են նման որոշում ընդունել, դե, «ազգային» բառից խրտնում են, իրենց դուր չի գալիս, այդ բառի տակ այլ բաներ են հասկանում, ինձ համար անհասկանալի է, թե այդ բառի վատը որն է։ Փոխնախարարն ինչ-որ բացատրություններ է տալիս, բայց կրկին անհասկանալի է ինձ համար»,- շեշտեց մեր զրուցակիցը
Նա նաև ընդգծեց, որ իշխանություններն այս ամենն իրենց համար են որոշել, քանի որ խոսքը տարբեր մշակութային կենտրոնների է վերաբերում։
«Չգիտեմ՝ ում հետ են քննարկումներ արել, որ որոշում են ընդունել, կոնկրետ ես տեղեկություններ չունեմ։ Գոնե փոխելուց հետո անունը խորհրդային շրջանի «Հանրային» անվանումը դնեին, ինչ-որ տեղ դա կհասկացվեր»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի էին իշխանությունները քննարկում այս հարցը, Կառավարությունն էլ սեպտեմբերին էր առաջարկել, որպեսզի մշակութային տարբեր հաստատությունների անվանման մեջ «ազգային» բառը փոխարինվի «պետական» բառով։