Հերթական խոշոր պարտքերը, որ պատրաստվում են փաթաթել ժողովրդի վզին

Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին բերած սարսափելի աղետները Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը շատ հաճախ փորձում է քողարկել կենցաղային խնդիրների տակ։ Պարբերաբար հայտարարում են, թե այսքան ճանապարհ են ասֆալտապատել, այսքան դպրոց ու մանկապարտեզ են կառուցել-վերակառուցել, այսքան ջրագիծ են անցկացրել, գյուղական ճանապարհների լուսավորության հարց են լուծել։

Կառավարության նիստերին Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ գյուղերի ու քաղաքների անուններն է հնչեցնում։ Բայց երբեք չի ասում, որ այդ ասֆալտը, որն արել են, դպրոցն ու մանկապարտեզը կառուցել կամ վերակառուցել են, ջրագիծն ու լուսավորությունն անցկացրել են պետության կամ այլ կերպ՝ ժողովրդի վրա ահռելի ֆինանսական բեռ ավելացնելով։ Ժողովրդի հաշվին՝ ժողովրդին լավություն են արել։ Հսկայական պարտքեր են վերցրել՝ դրանց հաշվին ասֆալտ են արել, դպրոց ու մանկապարտեզ են կառուցել-վերակառուցել, ջրագիծ ու լուսավորություն են անցկացրել։

Ինչ էլ արել են, պարտքերով են արել։ ժամանակին դեմ լինելով պարտքերին, իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական անկարողների խմբակն անշեղորեն ավելացրել են պետական պարտքի բեռը։ Նախկին որևէ իշխանություն պետական պարտքն այդպիսի ագահությամբ չի ավելացրել, ինչպես վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբն է ավելացրել։ Միջինը տարեկան 1 մլրդ դոլար պարտք են փաթեթել ժողովրդի վզին։ Վերջին տվյալներով, Հայաստանի պետական պարտքը հասել է շուրջ 12,6 մլրդ դոլարի։

Բայց դրանով էլ չեն պատրաստվում սահմանափակվել։ 2025թ. էլ կշարունակեն խոշոր պարտքեր վերցնել։ Պարտքերով մի քանի դպրոց ու մանկապարտեզ կկառուցեն-կվերակառուցեն, ջրագիծ կանցկացնեն, ճանապարհ կասֆալտապատեն ու կփորձեն ժողովրդին սիրաշահել։ Ոչինչ, որ արդեն պետությանը հասցրել են կանգնեցնել պարտքային ճգնաժամի առաջ։

Կարդացեք նաև

Որոշ ցուցանիշների «կարմիր լույսն» արդեն վառվում է, հասել է վտանգավոր գոտուն։

Խոսքը հատկապես պարտքի ժամկետայնության մասին է։ Մեկ-երկու ամիս առաջ պարտքի ժամկետայնությունը ցածր էր նվազագույնից։ Այնպես չէ, որ հիմա ավելի լավ վիճակում է՝ նվազագույն շեմի վրա է։

Պարտքի գինն է չտեսնված բարձր։ Այնքան թանկ պարտքեր են վերցրել, որ միջին տոկոսադրույքը 3-4 տարում գրեթե կրկնապատկել են. հասցրել են 7,2-7,3 տոկոսի։

Վերջին տվյալներով, կառավարության պարտքը 4 տրիլիոն 765 մլրդ դրամ է, ինչը համարժեք է 12,1 մլրդ դոլարի։

2025թ. վերջին, կառավարության կանխատեսումներով, կհասնի 13 մլրդ 972 մլն դոլարի։

Սա նշանակում է, որ այս տարի էլ վարչախումբը մտադիր է շարունակել պարտքերի ագրեսիվ ներգրավման՝ նախորդ տարիների արատավոր քաղաքականությունը։ Թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ՝ չի էլ մտահոգում։ Կարևորը՝ ցույց տան, որ ասֆալտ են անում, ճանապարհ ու դպրոց են կառուցում, մանկապարտեզ վերակառուցում, ջրագիծ ու լուսավորություն անցկացնում։ Ոչինչ, որ դա շատ ծանր է նստում պետության ու պետական բյուջեի վրա։ Հերոս հարկատուների վճարած հարկերից ահռելի գումար են վճարում պարտքը փակելու  համար։

2025 թվականին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 1 տրիլիոն 117 մլրդ դրամ. 723 մլրդ դրամը կտան պարտքը մարելու, 394,1 մլրդ դրամը՝ տոկոսավճարները վճարելու համար։

Պարտքի միայն տոկոսներով կարելի էր կրկնապատկել թոշակները։ Բայց թոշակները չեն բարձրացնի, որպեսզի իրենց կուտակած թանկարժեք պարտքերը կարողանան մարել։

Պատկերավոր ասած՝ գյուղական բնակավայրերի այն մի քանի հարյուր մետր ճանապարհը, որն ասֆալտապատել են ու մտցրել ժողովրդի աչքը, արել են պարտքերի հաշվին, ու այդ պարտքերը թույլ չեն տալիս, որպեսզի թոշակ բարձրանա։ Թոշակ բարձրացնելու փոխարեն, հազիվ պարտքերն են փակում, այն էլ՝ նոր պարտքեր կուտակելով։ Արված ասֆալտը, որով խաբել ու շարունակում են խաբել ժողովրդին, այսօր դուրս է գալիս այդ նույն թոշակառուի ջանից, որի թոշակը չի բարձրանում, իսկ ծախսերը մի գլուխ ավելանում են։

Միայն կառավարության պարտքի տոկոսները փակելու համար 2025թ. կպահանջվի 394 մլրդ դրամ կամ 1 մլրդ դոլար՝ 49 մլրդ դրամով կամ 120 մլն դոլարով ավելի շատ, քան անցած տարի։

Վեց-յոթ տարում պարտքի միայն տոկոսավճարների սպասարկումը 2,8 անգամով ավելացրել են։ Մի քանի տարում այնքան պարտքեր են վերցրել, որ պարտքերի սպասարկումը հասել է ահռելի չափերի։ 2025թ. պարտքի տոկոսավճարները կկազմեն ՀՆԱ 3,6 տոկոսը։ Այն կխլի բյուջեի ակնկալվող եկամուտների 13,8 տոկոսը։

Պատկերացնո՞ւմ եք, հերոս հարկատուների վճարած հարկերի գրեթե 14 տոկոսը գնում է միայն պարտքերի տոկոսների վճարմանը։ 253 մլրդ դրամ անհրաժեշտ կլինի պետական գանձապետական պարտատոմսերի սպասարկման համար, ինչը 4 անգամով ավելի կլինի, քան 2018թ. էր։ Զուտ այն պատճառով, որ փոխել են պարտքի ռազմավարությունը, ներքին պարտքի կշիռը կտրուկ մեծացրել են՝ թանկ գանձապետական պարտատոմսեր թողարկելու միջոցով, ու սարսափելի ծանրաբեռնել պետական բյուջեն։

108 մլրդ դրամից ավելի էլ անհրաժեշտ կլինի արտաքին պարտքի տոկոսները փակելու համար։

Բայց պարտքի սպասարկումը միայն տոկոսներով չի սահմանափակվի։ Շատ ավելի մեծ կլինի պարտքը մարելու ֆինանսական պահանջը։

Պարտքի մարման համար, 2025թ. կպահանջվի 723 մլրդ դրամ. 408,5 մլրդ դրամ՝ պետական գանձապետական պարտատոմսերի, 132,3 մլրդ դրամ՝ արտարժութային պետական պարտատոմսերի, և 182,1 մլրդ դրամ՝ արտաքին վարկերի մարման համար։ Ու քանի որ բյուջեում այսպիսի գումարներ չկան, դրանք կմարվեն նոր պարտքերի, այդ թվում՝ արտարժութային պարտատոմսերի թողարկման հաշվին։ Պատրաստվում են հերթական եվրոպարտատոմսերը թողարկել, որպեսզի փակեն նախկին թողարկման պարտքը։

Ու քանի որ այլ պարտքերի մարման համար էլ գումար չկա, ավելի շատ կթողարկենք, քան անհրաժեշտ է միայն պարտատոմսերի մարման համար։

Այս տարի էլ ագահորեն պարտքեր կվերցնեն, մի քանի տեղ ասֆալտ կանեն, մի քանի դպրոց ու մանկապարտեզ կկառուցեն-կվերակառուցեն՝ ժողովրդի աչքին թոզ փչելու համար։ Տարեվերջին կունենանք այն, որ պարտքը ևս 872 միլիարդ դրամով ավելացել է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս