Տրանսպորտի նորմալ համակարգ չներդրեցին. 40 տարի հետ գնացին, սոցիալական խնդիրները լուծելու փոխարեն՝ խորացնում են. Կարեն Չիլինգարյան
Հանրային տրանսպորտից օգտվելիս՝ քաղաքացիները շարունակում են բախվել մեծ խնդիրների։ Տրանսպորտից օգտվելու համար ուղևորների կողմից գնվող կտրոնների 7 օրվա վավերականության ժամկետը փոխվել է՝ դառնալով 4 օր։ Իսկ արդեն փետրվարի 1-ից քաղաքացիները հանրային տրանսպորտով երթևեկելիս պետք է վճարեն բարձր գին։
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի բնորոշմամբ՝ այս թանկացումն անտրամաբանական է, հատկապես, որ քաղաքային իշխանությունը նորմալ համակարգ չի ներդրել։
«Հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին շատ ենք խոսել ու դեռ շատ ենք խոսելու, որովհետև դա անհեթեթ ձևով սկսեցին գործի դնել, սխալ մոտեցում եղավ։
Իբր կոպեկով աշխատող սարքավորումներ տեղադրեցին, սրանով մի 40 տարի հետ գնացին, քանի որ 30-40 տարի առաջ էր հանրային տրանսպորտը կոպեկով աշխատում։ Այս մարդիկ հանրային տրանսպորտի արժեքը, աշխատանքը կարգավորելու համար մինչև հիմա մի նորմալ համակարգ չներդրեցին։ Ինչ-որ անհասկանալի բարդ համակարգ տեղադրեցին, որը նորմալ չի էլ աշխատում, մարդը պետք է ինչ-որ համակարգում գրանցվի, իր տվյալները փոխանցի, ID-ին պետք է կցի, և այլն։
Սա ուղղակի անհեթեթություն է. մեռանք առաջարկելով, որ կարող են գոնե հարևան Վրաստանի օրինակով առաջ գնալ, անիմաստ բաների հետևից ընկնելով՝ մեր ժողովրդի կյանքը բարդացնում են։ 2010 թվականին Վրաստանում ներդրեցին քարտային համակարգ, պլաստիկ քարտերը լիցքավորում են ու եթե անգամ չեն օգտագործում, մարդկանց գումարը մնում է այդ քարտերի մեջ։ Իսկ մեզ մոտ մի համակարգ են ներդրել, որ կտրոն է տալիս «ԹելՍելլ»-ը, որը ժամկետ ունի, չօգտագործեցիր, քո գումարը կորցնում ես։ Ինչո՞ւ մարդկանց գումարը պետք է կորի, ինքնաթիռի տո՞մս է, ի՞նչ է։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Վրաստանում այսքան ժամանակ 100 դրամ էր, մեր գումարով՝ նույնիսկ 70 դրամ, նախորդ տարի դարձավ մոտ 140 դրամ, բայց Հայաստանում պետք է դարձնեն 300 դրամ։ Շատ խնդիրներ կան, որոնք նորմալ չեն կարողացել լուծել, բայց ներդրել են այս համակարգը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Չիլինգարյանը։
Նա ընդգծեց, որ նման որոշում ընդունելիս ոլորտի փարձագետների կարծիքը որևէ կերպ հաշվի չեն առել, որևէ քննարկում քաղաքային իշխանությունը չի կազմակերպում, որպեսզի լսի իրենց կարծիքները, դիտարկումները։
«Իրենք իրենց որոշում են ու իրենք իրենց անում, մտածում են, թե ամենագիտուններն են, իրենց որոշումները ճիշտ են։ Լավ, նույնիսկ, եթե սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ չեն քննարկում, գոնե թող հարցումներ անցկացնեն, հանրության կարծիքն իմանան։
Հանրային տրանսպորտի համար վճարում ենք 100 դրամ, բայց հիմա վճարում ենք 300 դրամ, ինչո՞ւ են միջինը հաշվել, քանի որ մարդիկ կան՝ ամեն օր են օգտվում հանրային տրանսպորտից, մարդիկ էլ կան՝ շաբաթական 1-2 անգամ։ Նորմալ երկրներում համակարգը ներդնում են, հետո նոր՝ արժեքը բարձրացնում, սրանք համակարգը դեռ չդրած, ուղեվարձն են բարձրացնում։ Համաձայն եմ, թող որոշ չափով բարձրացնեին, բայց համակարգը ներդնեին, որ քաղաքացին չբախվեր բազմաթիվ խնդիրների։
Խիստ կասկածում եմ, որ փետրվարի 1-ից կկարողանան ամբողջ համակարգը ներդնել։ Այսքան ժամանակ չարեցին, մեկ ամսում կկարողանա՞ն։ Իրենց դրած այդ սարքերը նույնիսկ նորմալ չեն աշխատում, կտրոնը մոտեցնում ես, համակարգը չի ընդունում։ Ինքս տարբեր երկրներում եմ եղել, բայց երբեք նման բան չեմ տեսել, կտրոնը մոտեցնում ես, մի աղմուկ է բարձրանում ավտոբուսում, տպավորություն է, որ շոգեքարշ է տեղից շարժվում։ Պատկերացրեք վարորդի վիճակը, որ օրը 150 անգամ այդ ձայները լսում է։
Սոցիալական խնդիրները լուծելու փոխարեն՝ խորացնում են»,- ընդգծեց նա։