Բաժիններ՝

«Ում ի՞նչ գործն է, թե ես ում քարտից եմ օգտվում, որքա՞ն են ստուգելու. տեռորի են ենթարկում՝ ինչ-որ թեմա «սղացնելու» համար». Վահագն Սահակյան

Հուլիսի 3-ին Խորհրդարանն արտահերթ նիստում քաղաքացիներին տուգանելու նոր օրենք ընդունեց՝ այս անգամ հանրային տրանսպորտ նստելու և չվճարելու կանոնները խախտելու համար։

Ըստ ընդունած օրենքի, 10.000 դրամ կտուգանվեն այն ուղևորները, որոնք ուղեվարձը չեն վճարի։ 15.000 դրամով տուգանք է նախատեսված այն ուղևորների համար, որոնք կօգտվեն արտոնյալ անձանց քարտերից, օրինակ՝ թոշակառուի կամ ուսանողի։ Տոմս ունեցող, սակայն այն վալիդատորով չվավերացնող՝ չնույնականացնող ուղևորներն էլ կտուգանվեն 3000 դրամով։

Հանրային տրանսպորտում կգործի լիազոր մարմին, որը, ըստ ընդունված օրենքի՝ իրավունք կունենա նույնականացնելու անձանց։ Եթե անձը կասկածվում է, որ չի մուծել ու չի պատրաստվում նույնականացվել, կարող է նաև վարչական ձերբակալության ենթարկվել։

Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի բնորոշմամբ՝ իրավականության տեսանկյունից այս քայլը ճիշտ է, սակայն այդ գործընթացը մեծ խնդիրներ է առաջացնելու հենց քաղաքացիների համար, քանի որ հանրային տրանսպորտ մտնելուց հետո հնարավոր է՝ 10-ից 8-ին ստուգեն։

Կարդացեք նաև

«Այս մարդիկ մեր տեղաշարժն են վերահսկում, մենք ուր գնացինք, ինչ արեցինք, և այլն։

Ամեն օր ստեղծել նոր ստուգող մարմին ու մարդկանց դնել ու տեռորի ենթարկել՝ օրենքից դուրս է։ Մարդը սովորական իր կյանքով ապրում է, որևէ բան չի անում, որևէ օրենք չի խախտում, բայց ամեն րոպե նրան կանգնեցնեն ու ստուգեն, հասկանո՞ւմ եք՝ ինչ հոգեբանական ծանր պահ է իրենց համար։ Անձամբ ես նման բաներից ուղղակի հունից դուրս եմ գալիս»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահագն Սահակյանը։

Այս համատեքստում մեր զրուցակիցն իրավիճակը համեմատեց այն բանի հետ, որ, օրինակ, իրավապահները հայտարարեն, թե Հայաստանում թմրամոլությունը տարածված է, հետևաբար՝ ամեն քայլափոխի բոլորին պետք է ստուգեն ու ամեն րոպե մարդուն կանգնեցնեն ու ստուգեն։

«Ում ի՞նչ գործն է՝ ամեն րոպե ստուգեն, ես իմ քարտի՞ց օգտվեցի, թե՞, օրինակ, իմ թոշակառու տատիկի քարտից։ Կամ՝ լավ, որքա՞ն են ստուգելու, նայեք ուղևորահոսքերը, քարտերի քանակը, և ի՞նչ ռեսուրս են նախատեսում այդ ամենը ստուգելու համար։

Եթե մի երկու հոգու բռնեն, մեկը մի քանի կոպեկ դնի բռնողի գրպանը, որովհետև այդպես է լինելու, նշանակում է՝ սա նոր կոռուպցիոն սխեմա է։ Հիշում եք, չէ՞, որ օդանավակաանյում աշխատող 20 տաքսիների համար օրենք էին ընդունում, ուրեմն՝ 60.000 մեքենա առանց լիցենզիայի քաղաքում տաքսի է քշում՝ դա հե՞չ, 20 մեքենան՝ մե՞ջ։ Պարզ չէ՞, որ սա «ծածկադմբոց» էր՝ ինչ-որ թեմա «սղացնելու» համար։

Տեսաք, այլ հարցեր օրակարգ նետեցին, շեղեցին ու սկսեցին «միջանցքի» հարցն առաջ բերել։ Օրը մի բան մոգոնում են՝ սկսեցին աղամաններից, գազի բալոններից, վարորդականներից ու հասան այս ստուգումներին»,- շեշտեց նա։

Վահագն Սահակյանը նաև ասաց, որ տարիներ շարունակ բարձրաձայնում էին, որ գույքահարկը կապ չունի մեքենայի տեխնիկական սպասարկման կամ տեխնիկական վիճակը ստուգելու հետ։

«Լավ է, գոնե մի բան փոխվեց, եկան նրան, որ այս տարվա փողը, այսինքն՝ կանխավճարով գույքահարկը չեն պահանջում, նոր մեքենան տեխզննում իրականացնեն։ Օրինակ, հունվար ամսին գնում ես, որ մեքենադ տեխզննում անցկացնեն, ասում է՝ այս տարվա ամբողջ գույքահարկը պետք է վճարես։ Եթե իմ մեքենան տեխզննում պետք է անցնի հիմա, ես հաշվում եմ՝ մինչև այս պահը որքան է գույքահարկը, այդքանն եմ վճարում, ոչ թե ամբողջ տարվա։ Սա օրով արվող վճար է, իսկ իրենք մեզ ստիպում էին, որպեսզի մենք նախապես վճարեինք այդ գումարը, այնուհետև տեխզննում անեինք»,- ընդգծեց Վահագն Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս