«Սրանց մոտ ուղղակի «ստոպ» չի լինելու՝ արշավ է քաղաքացիների դեմ, հաջորդ քայլով տուգանելու են նաև շրջաններից եկողներին». Մեսրոպ Մանուկյան
Հուլիսի 3-ի Խորհրդարանն արտահերթ նիստում քաղաքացիներին տուգանելու նոր օրենք ընդունեց՝ այս անգամ հանրային տրանսպորտ նստելու և չվճարելու կանոնները խախտելու համար։
Ըստ ընդունած օրենքի, 10.000 դրամ կտուգանվեն այն ուղևորները, որոնք ուղեվարձը չեն վճարի։ 15.000 դրամով տուգանք է նախատեսված այն ուղևորների համար, որոնք կօգտվեն արտոնյալ անձանց քարտերից, օրինակ՝ թոշակառուի կամ ուսանողի։ Տոմս ունեցող, սակայն այն վալիդատորով չվավերացնող՝ չնույնականացնող ուղևորներն էլ 3000 դրամով կտուգանվեն։
Հանրային տրանսպորտում կգործի լիազոր մարմին, որն ըստ ընդունված օրենքի՝ իրավունք կունենա նույնականացնելու անձանց։ Եթե անձը կասկածվում է, որ չի մուծել ու չի պատրաստվում նույնականացվել, կարող է նաև վարչական ձերբակալության ենթարկվել։
Ի՞նչ նպատակով են հերթական անգամ տուգանք սահմանում քաղաքացիների համար, չէ՞ որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը խոսելով այս հարցի շուրջ, նախ ասաց՝ քաղաքային իշխանության ներդրած համակարգը նորմալ չի աշխատում։
«Այդ համակարգը՝ «Թել Սելը», որ բերել են, առհասարակ իրավունք չունեին պայմանագիր կապելու, բայց իրենք աչք են փակել ու պայմանագիր են կապել։ Սա՝ մեկ խախտում։ Երկրորդը՝ ժողովուրդը կոնկրետ քայլ է անում, ցույց տալով, որ չի ընդունում իր գրպան մտնելը։ Այսինքն՝ տեսեք, թե ինչ է տեղի ունեցել, իրենք տրանսպորտը չեն բարեփոխել, մոտ 300 շարժակազմի պակաս կա, կանգառները զինված չեն, որևէ համակարգ չի գործում, ավտոբուսների գծերը նորմալ չկա, բայց քաղաքացիներին պատրաստվում են տուգանել։ Այս ամբողջով հանդերձ՝ ժողովուրդը բոյկոտ է անում։
Նախ, ինչպե՞ս է իրենց օրենքն աշխատելու, և ո՞վ է տուգանելու մարդկանց։ Սրանք հասարակության մեջ մի նոր պատերազմի են բերելու, ինչպե՞ս են պատկերացնում, ո՞վ է դա իրականացնելու։ Հասարակական կարգի պահպանության վարչությունը որն ունեն, նույնիսկ չի կարողանում վերահսկել փողոցային առևտուրը, հանրային տրանսպորտում մարդկանց ինչպե՞ս են վերահսկելու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մեսրոպ Մանուկյանը։
Այս համատեքստում Մեսրոպ Մանուկյանը նաև ասաց՝ քաղաքային իշխանությունները պարզ բաներ չեն կարողանում կազմակերպել, բայց իրենց «գլխից դուրս» քայլեր են անում։
«Այստեղ գոյություն ունի 2 բան՝ իրենց անգրագիտությունն ու դիլետանտությունը և փաստ, որ չեն սիրում ո՛չ երևանցուն, ո՛չ էլ մեր քաղաքացիներին, սա կոնկրետ արշավ է մեր քաղաքացիների դեմ։ Հաջորդ քայլով սրանք սկսելու են տուգանել նաև շրջաններից եկող մեր քաղաքացիներին, սրանց մոտ ուղղակի «ստոպ» չի լինելու»,- հավելեց Երևանի ավագանու անդամը։
Մեսրոպ Մանուկյանի բնորոշմամբ՝ օրենքով սահմանված տուգանքի չափերը համահունչ չէ տրանսպորտի համար վճարվող գումարին։ Աշխարհում գործում է տրանսպորտային նորմալ համակարգ, որը գործում ու արժանապատիվ տեղափոխում է քաղաքացուն։ Օրինակ, Գերմանիայում նույնիսկ տոմսերը չեն ստուգում, մարդիկ տեսնում են, որ նորմալ տրանսպորտը կա, նորմալ վճարում են։
«Մեր երկրում բեռնափոխադրում են իրականացում ու մի հատ էլ ուզում են քաղաքացուն տուգանել։ Սա է սրանց իրական կերպարը։ Իրենք հետ չեն կանգնելու իրենց ընդունած օրենքից, հետևաբար՝ չեմ կարծում, որ կհրաժարվեն իրենց ներդրած համակարգից։ Իրենց համար մարդկանց տուգանելը գերնպատակ է, բա որ չտուգանեն՝ իրենց պարգևավճարները, «փող ուտելը» ինչպե՞ս են անելու։ Ուզում են վախի մթնոլորտով սա անեն, կառավարելը ի՞նչ է, հո աթոռի վրա նստել ու ճոճվե՞լը չէ։ Կառավարելու համար մի քիչ ուղեղ ու խելք պետք է ունենաս, սրանց մոտ բոլորը բացակայում են»,- ընդգծեց Մեսրոպ Մանուկյանը։



