Տարվա 2-րդ կեսին հնարավոր է, որ դրամն արժեզրկվի․ տնտեսագետ
Կառավարությունը 2024թ․ վերջում կանխատեսում է 5.8 տոկոս տնտեսական աճ, իսկ 2025թ․՝ 5.6 տոկոս։ Այս միջակայքում աճեր են կանխատեսվել նաև 2026-2027թթ․ համար։
2024 թվականի սոցիալ-տնտեսական զարգացումներն էլ՝ առնվազն հունվար-նոյեմբեր ամիսների համար, ըստ վիճակագրության ու ժամանակագրության, բացասական միտումներ են արձանագրել․ դանդաղել է տնտեսական ակտիվության աճի տեմպը, անկումային են արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները և այլն։
168․am-ը տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ զրուցել է 2024 թվականի տնտեսական հիմնական իրողությունների ու 2025 թվականի կանխատեսվող միտումների մասին։
«2024 թվականին տարվա առաջին կեսին արձանագրվել է բարձր տնտեսական աճ, մոտավորապես՝ 6,5 տոկոս, ինչը մասամբ պայմանավորված էր դեպի Ռուսաստան վերարտահանումներով՝ հատկապես ոսկու, ադամանդի,- նշեց տնտեսագետը՝ արձանագրելով, որ այս վերարտահանումները, որոնք սկսվել էինք 2022-23թթ., աստիճանաբար մարում են,- Կա՛մ ՌԴ-ն է այլ երթուղիներ գտնում, կա՛մ իրավիճակը գնում է նրան, որ ուկրաինական հակամարտությունն ավարտվի, և ըստ այդմ՝ ՀՀ-ն այս հարցում իր առավելությունը կորցնելու է»։
Հրանտ Միքայելյանը նաև անդրադարձավ անցնող տարում ստաբիլ ոլորտներում արձանագրված ճգնաժամերին։
«Գյուղատնտեսության ոլորտում վաղուց կա այդ ճգնաժամը, այժմ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ու զբոսաշրջության ոլորտներում է այսպիսի իրավիճակ։ Արդյունաբերությունը շատ դանդաղ է զարգանում, ակտիվ է միայն ծառայությունների հատվածն ու շինարարությունը։ Շինարարական բումը կարող է շարունակվել նաև հաջորդ տարի, բայց ոչ նախկին տեմպով։
Այսպիսով, տնտեսությունն այն իմպուլսը, որը ստացել է 2021 թվականին քովիդից վերականգնումով, ՌԴ-ից եկող գումարների օգտագործումով, մարում է, և վերջնականապես կմարի շատ տեսանելի հեռանկարում։ Մենք գալիս ենք իրավիճակի, երբ ՀՀ-ում տնտեսական աճը կլինի դանդաղ, կամ ինչ-որ պահի նույնիսկ զրոյանա։ Մեծ հաշվով, արդեն նոյեմբերի վիճակագրությունն արձանագրել է այս միտումները»։
Ըստ նրա՝ այս բացասական իրողությունները տրամաբանական շարունակությունն են նաև Արցախի Հանրապետության կորստի․ Արցախից ստացվող լրացուցիչ տնտեսական աճը, որը կարող էինք ունենալ, կորցրինք։
2025 թվականի սպասումների մասին իր դիտարկումներում տնտեսագետը ներկայացրեց կանխատեսումներ, սակայն շեշտեց՝ արտաքին ու ներքին տարբեր գործոնների ազդեցությամբ տարբեր սցենարներ են հնարավոր։
«Տարվա 2-րդ կեսին, հավանաբար, դրամը ինչ-որ պահի, հնարավոր է՝ արժեզրկվի՝ վերադառնալով դեպի նախկին կայուն ցուցանիշը՝ 480 դրամը։ Սա մի կողմից՝ կբերի լրացուցիչ տնտեսական աճի, մյուս կողմից՝ սպառողական գնաճի բարձրացման։
Տնտեսական աճը լինելու է դանդաղ 2025 թվականի ընթացքում, բայց է՛լ ավելի էական է, որ կան նաև ռազմական ռիսկեր․ եթե նման բան լինի, դրա հետևանքով ՀՀ տնտեսական վիճակն առավել կվատթարանա։
Այդ ֆոնին բազմաթիվ ֆեստիվալներ են անցկացվելու, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն, սակայն այս իրողություններից էականորեն շեղել չի հաջողվի, քանի որ լայնորեն տարածված պատկերացում կա՝ տնտեսական վիճակը վատ է, բայց հրապարակվում են դրական ցուցանիշներ։
Կա նաև այն հանգամանքը, որ քանի դեռ ՀՀ-ն ունի անվտանգային ռիսկեր, մարդիկ խուսափում են ներդրումներից, ինչը ևս բացասաբար է ազդում տնտեսական ակտիվության վրա, ու նաև՝ այն անգրագետ տնտեսական կառավարումը, որը կա»,- մանրամասնեց Հրանտ Միքայելյանը։