Վճարե՛ք՝ ծախսենք․ 3 տարում Երևանի քաղաքապետարանի պարգևավճարների ֆոնդն ավելացել է 4,1 անգամ

Հայաստանի հպարտ քաղաքացուն նոր տարում բազում անակնկալներ են սպասվում։ Իշխանությունները բացահայտ լծվել են ժողովրդին հարստահարելու գործին։ Պետական մակարդակով կողոպտում են մարդկանց, մտնում են գրպանները։ Որտեղ պատահի՝ հարկերն ու տուրքերն ավելացնում են, բարձրացնում եղած ու չեղած ծառայությունների վճարները։

Մարդիկ թանկացումներից աչք չեն փակում, մի կերպ գոյություն են պահպանում՝ դա էլ են շատ համարում։ Ֆինանսապես ճնշում են ու խեղճացնում, ուզում են վերջին կոպեկն էլ պոկել, միայն թե իրենց չզրկեն ճոխություններից։

Կառավարությունը քիչ է հարկերն ավելացնում, ֆինանսական նոր բեռ դնում քաղաքացու վրա, քաղաքային քպ-ական իշխանությունն էլ իր հերթին է ժողովրդին քերթում։ Չեն ուզում կառավարությունից ոչնչով հետ մնալ։ Քաղաքացուն դարձրել են տուգանքի ու հարկման «մատերիալ»՝ մեկը մեկին պաս է տալիս։

Նոր տարվա շեմին մարդիկ բազում խնդիրների ու փորձությունների առաջ են կանգնած։ Սպասվում է գույքահարկի կտրուկ ավելացում, տրանսպորտի սակագների նույնքան կտրուկ բարձրացում, աղբահանության վճարների դարձյալ կտրուկ ավելացում, նոտարական, փաստաբանական ծառայությունների կտրուկ թանկացում, հարկային բեռի ծանրացումների հետևանքով՝ համատարած գնաճ։ Ու այս ամենի ֆոնին՝ մարդկանց եկամուտների ավելացման մասին խոսք չկա։ Եկամուտները մնում են նույնը, ծախսերը՝ մի գլուխ ավելանում։

Կարդացեք նաև

Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը քիչ էր, քաղաքային քպ-ական իշխանությունն իր կոալիցիոն ու ոչ կոալիցիոն գործընկերների հետ Նոր տարվա շեմին հերթական անակնկալն է մատուցել երևանցիներին։ Որոշեցին բարձրացնել աղբահանության վճարները։ Այնքան են տարվել թանկացումների մոլուցքով, որ կորցրել են ադեկվատությունը։

Տրամաբանությունից դուրս որոշումներ են ընդունում ու հիմնավորումներ ներկայացնում։ Արդեն տրամաբանությանը չեն էլ նայում, միայն թե մի պատճառ գտնեն՝ ժողովրդից ավել փող պոկելու համար։

Եթե նախկինում մարդիկ աղբահանության համար վճարում էին անձի հաշվով, որոշել են, որ պիտի վճարեն բնակմակերեսով։ ՔՊ-ականների տրամաբանությամբ, որքան բնակարանի մակերեսը մեծ է, այնքան աղբի կուտակումն ավելի շատ է, ու դրա համար ավելի շատ պետք է վճարեն։

Թե ի՞նչ կապ ունի բնակմակերեսն աղբահանության հետ, միայն իրենց ուղեղներին է հասու։

Քաղաքային իշխանության այս «հանճարեղ» նորամուծության հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ ստիպված կլինեն աղբահանության համար անհամեմատ ավելի շատ վճարել, քան վճարում էին նախկինում։ Շատերը կրկնակի-եռակի, անգամ հնգակի ավել կվճարեն նույն ծառայության դիմաց։ Փաստացի, կարող է այնպես ստացվել, որ բնակարանում որևէ մեկը չի բնակվում, նույնիսկ Հայաստանում չի ապրում, բայց պետք է աղբահանության վճար վճարի, որովհետև իշխանություններին փող է պետք, շատ փող։

Եվ այս տրամաբանությունից դուրս որոշումը քաղաքային իշխանության բարձրաստիճան պաշտոնյան դրական քայլ է համարում։ Ժողովրդին ուղղակի ձեռ են առնում։ Ոնց որ տրանսպորտի ուղեվարձն են կրկնապատկում ու եռապատկում՝ ասում են՝ տրանսպորտն էժանանում է, նույնն էլ աղբահանության դեպքում է. աղբահանությունը թանկացնում են՝ ասում են՝ ժողովրդի համար դրական քայլ ենք անում։

Հաջորդ տարի, իհարկե, երևանցիների հոգսերը միայն տրանսպորտի ու աղբահանության թանկացումներով չեն սահմանափակվելու։ 50 տոկոսով էլ կբարձրանա գույքահարկը։

Ու եթե այս տարի վճարել է, ասենք՝ 10 հազար դրամ, հաջորդ տարի 15 հազար կվճարի։

Բայց սա այն ամբողջը չէ, որ վերջին տարիներին տեղի է ունեցել գույքահարկի բեռի ավելացման տեսքով։

Գույքահարկը թանկացնելուց հետո այդ հարկատեսակի մուտքերը 3 տարում 4 անգամով ավելացել են։

Ավելացել են քաղաքացիների վճարների հաշվին։ Դա նշանակում է, որ քաղաքացիների գույքահարկի բեռը 4 անգամ մեծացել է։

Արդեն 2026թ. 20 մլրդ դրամով ավել գույքահարկ են պատրաստվում հավաքել քաղաքացիներից։ Իսկ թե ո՞ւր են գնում այս գումարները, երևում է քաղաքային բյուջեի այն ծախսերում, որոնք ուղղված են քաղաքային իշխանության պաշտոնյաների կյանքը, հաճույքները բավարարելուն։

Գույքահարկը բարձրացնում են, աղբահանության վճարներն ավելացնում են, տրանսպորտը թանկացնում են, որպեսզի իրենց ավելի շատ պարգևավճար տան։

Հաջորդ տարի պատրաստվում են ավելի քան 46 տոկոսով ավելացնել պարգևավճարների ու դրամական խրախուսումների գումարները։ Չնայած նախորդ երկու տարիներին արդեն հասցրել են նույնքան կտրուկ ավելացնել։

Վերջին երեք տարվա ընթացքում քաղաքային բյուջեի պարգևավճարների ֆոնդը 4,1 անգամով ավելացել է։

Գումարների մի մասն էլ զվարճությունների վրա են ծախսում։ Չնայած 2024թ. զվարճությունների համար ծախսերը կտրուկ ավելացրել էին, գրեթե 45 տոկոսով, 2025թ. էլ կշարունակեն ավելացնել։ Արդեն հաջորդ տարի մշակութային միջոցառումների անվան տակ կատարվող ծախսերը 2,6 անգամով կգերազանցեն 2023թ. ցուցանիշը։

Շեշտակի կավելանան տոնական արտաքին ձևավորման համար ծախսվող գումարները։ Դրանք կգերազանցեն նույնիսկ այս տարվա ռեկորդը։

2025թ. պատրաստվում են այդ նպատակով 6 անգամ ավելի շատ միջոցներ ծախսել, քան ծախսել էին այս տարի։

Հիշեցնենք, որ այդ ծախսերը պակաս շեշտակի չէին ավելացել նաև 2024թ.՝ գրեթե 3,1 անգամ։

Արդյունքում՝ ստացվելու է այնպես, որ երկու տարվա ընթացքում տոնական արտաքին ձևավորման համար քաղաքային իշխանությունը երևանցիների հարկերի հաշվին քաղաքային բյուջեից 18-19 անգամ ավելի շատ գումար է ծախսելու։

Զարմանալի չէ, որ Տիգրան Ավինյանը կարող է իրեն թույլ տալ գրեթե 20 հազար դոլար վճարել քաղաքային բյուջեից՝ բիզնես դասով Միացյալ Նահանգներ մեկնելու համար։ Այնպես էլ մի չքմեղանում է, թե ինքը տեղյակ չի եղել, որ այդքան են վճարել իր տոմսի համար։ Ու երբ իմացել է, մի փոքր նույնիսկ զարմացել է։ Զարմացել է, բայց ոչինչ չի արել։ Միայն այն բանից հետո, երբ աղմուկ բարձրացավ՝ որոշեց «անձնազոհություն» անել ու սեփական գրպանից վերադարձնել այդ գումարը։

Հարցնող լինի, եթե այս աղմուկը չբարձրանար, նույնը կանե՞ր, թե՞ հաճույքով մոռացության կտար, կանցներ-կգնար։

Ժամանակն է նման մի «անձնազոհության» էլ գնա ու վերադարձնի  ԱՆԻՖ-ի մսխված միլիարդները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս