Սրբուհի Գալյանի ամանորյա նվերը Քրեակատարողական ծառայությանը. Ռուստամ Բադասյանի մտերիմը նշանակվեց, նախարարի ընկերուհին՝ հաջորդիվ

Դեկտեմբերի 24-ին Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանը ՔԿԾ անձնակազմին ներկայացրեց ՔԿԾ պետի նորանշանակ տեղակալ Գուրգեն Սարգսյանին, և 168.am-ի տեղեկություններով՝ ինչպես Սահակ Գրիգորյանն իր խոսքում է նշել, այս նշանակումը արդարադատության նախարարի ամանորյա նվերն է Քրեակատարողական ծառայությանը։

Երեսնամյա նորանշանակ տեղակալը 2024թ. ազատվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից և համարվում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի մարդը։

Ուշագրավ է, որ մինչ ՔԿԾ-ում աշխատակիցները, շունչները պահած, սպասում էին ՔԿԾ պետի նշանակմանը, տեղակալն ավելի շուտ նշանակվեց։ Այսինքն՝ ՔԿԾ-ն պետ չունի, բայց նորանշանակ տեղակալ ունի:

Կարդացեք նաև

Իհարկե, ՔԿԾ-ում հուսով էին, որ քննիչ-դատախազներից հետո վերջապես համակարգից հաակացող մեկին կնշանակեն, բայց Սրբուհի Գալյանն ու հատկապես Ռուստամ Բադասյանը, փաստորեն, կարծում են, որ ՊԵԿ-ի աշխատակիցն ամենահարմար կադրն է ՔԿԾ պետի տեղակալի պաշտոնի համար:

Հետաքրքիր է, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի նորանշանակ տեղակալն այցելի և ծանոթանա հիմնարկներին, դրանց յուրահատկություններին և գործունեությանը։ Համակարգում արդեն կատակում են, թե այսուհետև արգելված իրերի հայտնաբերման դեպքում դրանք պետք է արձանագրեն՝ որպես մաքսանենգ ապրանք։

Եվ ընդհանրապես, հետաքրքիր է՝ նա ինչպես է պատկերացնում իր աշխատանքը ՔԿԾ փորձառու գնդապետների հետ, ինչ ցուցումներ է տալու վերջիններիս, որպեսզի չհայտնվի անհարմար իրավիճակներում։

Փաստորեն ՔԿԾ-ն նախարար Գալյանի թեթև ձեռքով վերածվում է Ռուստամ Բադասյանի կադրերի համալրման վայրի, ինչպես, ի դեպ, արվում է Արդարադատության նախարարությունում, և այս տեմպերով շարունակվելու դեպքում ՊԵԿ նախկին կադրերից մեկին էլ միգուցե նշանակեն ՔԿԾ պետ։ Փաստորեն իշխանական բուրգում ուղղահայացն աշխատում է անվրեպ. ինչպես Նիկոլ Փաշինյանն է քանդում պետական ինստիտուտները, իր նշանակած նախարարն էլ շարունակում է նույն տեմպով, և դրա համար շատ բան անել պետք չէ. համապատասխան պաշտոններում նշանակում ես համակարգից շատ հեռու մարդկանց, և վերջ։

Հատկանշական է, որ ՔԿԾ պետի պաշտոնի համար օրերս շրջանառվեցին անուններ, այդ թվում՝ պետի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Գրիգորյանի և ՔԿԾ օպերատիվ վարչության պետ Անդրանիկ Մելոյանի, որից պարզ դարձավ, որ դա պարզապես ՔԿԾ-ից ցանկալի պաշտոնական արտահոսք էր։ Հին հնարք է. երբ ցանկանում են նշանակողի ականջին հասցնել իրենց անունը, նման «սլիվները» սովորական բան են։

Դժվար է պատկերացնել ՔԿԾ պետի պաշտոնում մեկին, ում ղեկավարած ոլորտը՝ օպերատիվ ծառայությունը, ըստ մեր աղբյուրների, պարզապես գոյություն չունի: Այնպես որ, Անդրանիկ Մելոյանը զուր հույսեր է փայփայում:

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Մելոյանը օրեր առաջ հայտնվել է տհաճ իրավիճակում և մասնակից է եղել ծեծկռտուքի։ 168.am-ը հետագայում մանրամասներ կներկայացնի այդ միջադեպից: Պարզապես հետաքրքիր է, Սրբուհի Գալյանն իր գործընկեր ՆԳՆ նախարարից հետաքրքրվե՞լ է՝ արդյոք ի՞նչ ընթացք է տրվել միջադեպին, եթե, իհարկե, տրվել է։

Հաջորդիվ, ըստ մեր տեղեկությունների՝ նախարարը կնշանակի ՔԿԾ պետի մյուս տեղակալին՝ ՔԿԾ սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ Ծովինար Թադևոսյանին, ով Սրբուհի Գալյանի մոտ ընկերուհին, ինչպես նաև նախարարի աչքն ու ականջն է համակարգում։ Նա և Սահակ Գրիգորյանը, ըստ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրների, ակտիվորեն լծվել են գործի՝ իրենց պաշտոնների հարցը լուծելու համար և վերասոցիալականացման միջոցառումների անվան տակ ակտիվ հրապարակային գործունեություն են ծավալում։

Հետևելով ՔԿԾ պաշտոնական կայքէջին՝ հասկանում ես, որ վերջին ամիսների ընթացքում ծառայությունում ոչինչ չի կատարվում, բացի մշակութային միջոցառումներից, որոնք կա՛մ իրականացնում են տարբեր ՀԿ-ներ, կա՛մ համագործակցում են թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների հետ, կա՛մ էլ նվազագույնը` համերգ։

Դրա վառ օրինակը «Արթիկ» ՔԿՀ-ում տեղի ունեցած համերգն էր, որտեղ Սահակ Գրիգորյանին բեմից ներկայացրեցին՝ որպես ՔԿԾ պետ. թերևս, ոնց ասել են, հաղորդավարն այդպես էլ կրկնել է։

Օրերս էլ Սահակ Գրիգորյանը ինքնամոռաց «Աբովյան» ՔԿՀ-ում դիմավորում էր Աննա Հակոբյանին: Հետաքրքիր է՝ Սրբուհի Գալյանը հետաքրքրվե՞լ է՝ ՔԿ հիմնարկներում ինչ իրավիճակ է, կամ երբ է վերջին անգամ Գրիգորյանն անցկացրել ժողովներ ՔԿԾ-ում կամ հիմնարկներում անվտանգության, պահպանության, օպերատիվ իրավիճակներին առնչվող թեմաներով։ Եվ առհասարակ, բացի մշակութային միջոցառումներ ապահովող ստորաբաժանումներից՝ ՔԿԾ-ում այլ ոլորտներ ու դրանց պատասխանատուներ կա՞ն:

ՔԿԾ պաշտոնական լրահոսին հետևելիս կարող ես մեկ եզրակացություն անել, որ ՔԿԾ-ում երկու անձ է աշխատում, և համակարգը, բացի վերասոցիալականացումից, այլ գործառույթ չունի, միայն այդ երկուսն են այցելում հիմնարկներ, այլ տեղակալներ, ստորաբաժանման ղեկավարներ չկան։

Աննա Հակոբյանի՝ «Աբովյան» ՔԿ հիմնարկ այցելելու առթիվ նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրված նյութից պարզ է դառնում, որ Գալյանը շրջայց է կատարել հիմնարկում։ Իսկ տեղյա՞կ է արդյոք նախարարը, թե նորանշանակ տեղակալն ինչո՞ւ չի եկել, և ի՞նչ են իրեն պատասխանել։ Այնպես չէ, որ Գուրգեն Սարգսյանը հրաշալի տիրապետում է համակարգին և ինչ-որ բան պետք է խոսեր, ուղղակի Սահակ Գրիգորյանը ցանկացավ միայն ինքը լինել  նախարարի ուշադրության կենտրոնում և կատարեց, ինչպես ասում են, ձիով քայլ՝ միայնակ մնալով նախարարի հետ, և ամեն ինչ ներկայացնելով հավուր պատշաճի, գեղեցիկ, մաքուր և կոկիկ. Ոչինչ, որ հիմնարկն այդ այցին օրերով էր պատրաստվում։ Այնպես որ, նախարարը կարող է չվարանել և Սահակ Գրիգորյանին նշանակել ՔԿԾ պետ, իսկ իր ընկերուհի Ծովինար Թադևոսյանին՝ տեղակալ, կամ հակառակը, միևնույնն է, ոչինչ չի փոխվի: Հիմնարկի պետերին էլ փոխարինի ՊԵԿ կադրերով. Բադասյանը հաստատ կհոգա այդ մասին։

Ծառայությունում կատակում են՝ իսկ միգուցե նախարարը նոր առաջարկությամբ հանդես գա և ՔԿԾ-ն միացնի ԿԳՄՍՆ-ին, կամ ստեղծեն առանձին մշակութային նոր ծառայություն, որովհետև Քրեակատարողական կոչված ծառայությունում, ավելի ճիշտ՝ հիմնարկներում, կա՛մ շինարարություն է ընթանում, կա՛մ համերգ:

Սահակ Գրիգորյան էլ, բացի նրանից, որ ՔԿԾ պետի պարտականությունները կատարողն է, մշտապես ներկա է բոլոր համերգներին, առավել ևս, որ նա անմիջական առնչություն ունի ռեստորանային բիզնեսի հետ։

Բնականաբար, ոչ մի խնդիր չկա, Սահակ Գրիգորյանը հանգիստ է, վերահսկողությունն իրենց ձեռքն է, դժվար թե ոմանք, առավել ևս՝ Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած կառույցը, ինչ-որ բան գտնի ստուգումների արդյունքում. չէ՞ որ Սահակ Գրիգորյանը ՔԿԾ է գործուղվել հենց Ռոմանոս Պետրոսյանի ցանկությամբ:

Կամ Սրբուհի Գալյանը տեղյա՞կ է, համեմատե՞լ է՝ ՀՀ արդարադատության նախարարությունում քանի՞ պետական ծառայողական մեքենա կա, իսկ քանի՞սը՝ ՔԿԾ-ում։

Փաշինյանի կացնային հարվածն՝ ընդդեմ իր ծաղկեցրած պադավատապետության՝ ՔԿԾ-ում զրո արդյունք ունի։ Հնամաշ մի քանի նիկոլի թվի մեքենա են հանձնել Պետգույքի կառավարման կոմիտե, և իրենք շարունակում են շրջել պետական մեքենաներով, նույնն էլ ՔԿ հիմնարկներում է։ Խոսքը ՔԿԾ պետի տեղակալների և հիմնարկների պետերի մասին է. նրանցից քանի՞սն են շրջում ծառայողական մեքենաներով։

Սրա մասին ոչինչ չեն ասի, փոխարենը կասեն՝ ամեն ինչ լավ է, սնունդը՝ իդեալական, քրեական ենթամշակույթ չկա, հեռախոսների և թմրանյութերի ներհոսքը գրեթե հավասարեցված է զրոյի և վերահսկելի է, հիմնարկները գերծանրաբեռնված չեն, և նախարարն էլ կհավատա, որովհետև վստահ է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։

Տեսանյութեր

Լրահոս