Ռուստամ Բադասյանն ու «Badasyan consulting»-ը. կթռչի՞ արդյոք Սրբուհի Գալյանը Արայիկ Հարությունյանի գլխից
Արդարադատության նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Ռուստամ Բադասյանն sms-ով իր պաշտոնանկությունից հետո այժմ գործունեություն է ծավալում մասնավոր ոլորտում:
Բադասյանը հիմնել է իրավախորհրդատվական կազմակերպություն՝ «Badasyan consulting» անվանմամբ, որտեղ աշխատանքի է վերցրել ՊԵԿ-ից իր հետ դուրս եկած մի քանի աշխատակցի իրավաբանական վարչությունից, այդ թվում՝ դատական բաժնից:
Ստացվելու է, որ ՊԵԿ-ում անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերած անձանց Բադասյանն օգտագործելու է մասնավորի շահերը պետական կառույցներից, այդ թվում՝ ՊԵԿ-ից պաշտպանելու համար: Ընդ որում, Բադասյանի հետ տեղափոխված կադրերը բավականին քաջատեղյակ են ՊԵԿ-ի անցուդարձին ու փաստաթղթաշրջանառությանը:
Բայց սա դեռ ամենը չէ: Ռուստամ Բադասյանը դժվար է համակերպվում այլևս բարձրաստիճան պաշտոնյա չլինելու փաստին և իր ազդեցության լծակները գործադրում է իր այս խորհրդատվական կազմակերպությամբ՝ ըստ էության «խորհրդատվություն» մատուցելով նաև պետական սեկտորի իր գործընկերներին՝ կադրային քաղաքականության մասով:
Այսպես, Բադասյանը քողարկված կերպով փորձում է իր մարդկանց տեղավորել պետական ապարատում: Սրա մասին 168.am-ն առիթ ունեցել է գրել:
Ու հիմա, փաստորեն, նաև այս տարբերակով է Բադասյանը փորձում իր համար ցանկալի անձանց աշխատանքի հարցը լուծել ու նրանց տեղավորել, օրինակ՝ Երևանի քաղաքապետարանում և Արդարադատության նախարարությունում, քանի որ թե՛ քաղաքապետ Տիգրան Ավինյանը, և թե՛ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իր ընկերներն են:
Մասնավորապես, 168.am-ի տեղեկություններով՝ Ռուստամ Բադասյանը «խորհրդատվություն» է տալիս արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանին առ այն, որ վերջինս Բադասյանի նախկին խորհրդական, բոլոր կառույցներում իրեն ուղեկցած, իր մտերիմ Պետիկ Մկրտչյանին արդարադատության նախարարի տեղակալի քաղաքական պաշտոնում ներկայացնի անմիջապես Նիկոլ Փաշինյանին՝ շրջանցելով վերջինիս աշխատակազմին և դրա ղեկավար Արայիկ Հարությունյանին:
Թե ինչ նպատակ ունի Բադասյանի այս քայլը, պարզ չէ, քանի որ ինքը չի կարող չիմանալ, որ դրանով վնասելու է հենց Գալյանին՝ սրելով նրա հարաբերություններն Արայիկ Հարությունյանի հետ:
Հավանաբար Պետիկ Մկրտչյանը շատ կարևոր անձ է Ռուստամ Բադասյանի համար, որ վերջինս ամեն կերպ փորձում է գլուխ բերել վերջինիս՝ արդարադատության փոխնախարար դարձնելու գործը:
Ինքը՝ Պետիկ Մկրտչյանը, վստահ է, որ, ի վերջո, կդառնա փոխնախարար, չնայած իր անձի ու այդ պաշտոնում իր համատեղելիության վերաբերյալ ձևավորված կառավարության բացասական կարծիքին, քանի որ իրեն այդ պաշտոնը, այնուամենայնիվ, խոստացվել է: