«Փաշինյանը պետք է ոչ թե նախկին նախագահների, այլ գործող քննիչների հետ խոսի». Էդգար Ղազարյան

Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին գրելուց հետո նա Հայաստանի նախկին նախագահներին բանավեճի հրավիրեց, որը մերժվեց նախագահների գրասենյակների կողմից:

Առաջին նախագահի խոսնակը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը թող բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ, որի արդյունքում երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը: Երկրորդ նախագահի գրասենյակից նշել են, որ Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի։ Երրորդ նախագահի գրասենյակից էլ պատասխանել են, թե եթե Փաշինյանը շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ են տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ:

Այս արձագանքներից հետո ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութով Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ևս մեկ անգամ մտածել և օգտվել առերես բանավիճելու «բացառիկ» հնարավորությունից և շեշտեց՝ չի կարող թույլ տալ, որ 4+2 տարի շարունակվող խոսակցությունը կիսատ մնա, վճռական է և այդ խոսակցությունը տանելու է մինչև վերջ և ժողովրդին կօգնի հետևություններ անել:

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը չի կարծում, թե մեր հասարակության մեջ գիտակցություն ունեցող որևէ մարդ Նիկոլ Փաշինյանի վարքագծին լուրջ կվերաբերվի:

Կարդացեք նաև

«Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ 1994թ. ի վեր ՀՀ երեք նախագահներն ուզել են Արցախը հանձնել Ադրբեջանին, չի ստացվե՞լ: Ադրբեջանն է դեմ եղե՞լ, ոչ մի կերպ չի հաջողվել դրանց համոզել, որ Ղարաբաղը վերցնեն՝ հանգիստ ապրե՞նք: Ու վերջապես, ինքը կարողացավ իր դիվանագիտական հմտություններով մի կերպ համոզել Ալիևին, որ ԼՂ-ն վերցնի՞: Իր ասելուց այդպես է ստացվում, որովհետև եթե բանակցել են ու չի հաջողվել Արցախը հանձնել Ադրբեջանին, նշանակում է՝ ձախողել են մեր երեք նախագահները, այսինքն՝ նպատակ են ունեցել հանձնելու, բայց ոչ մի կերպ չի ստացվել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը ծաղրում է, գժի տեղ դնում. «Ասում է՝ թող Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը գան, բանավիճենք, թող ժողովուրդը տեսնի, որ այս մարդիկ են ուզել Արցախը հանձնել Ադրբեջանին, չեն կարողացել: Երեք նախագահների հայտարարությունները, որոշումները մենք լսել ենք, նրանք ինչ հայտարարություն որ արել են, դա էլ պաշտպանել են»:

Նա նկատեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին գիտեր, որ Արցախն Ադրբեջանինն է, ապա ինչպե՞ս էր 2020 թվականին ազգային անվտանգության հայեցակարգ ստորագրում:

Էդգար Ղազարյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցությունները սկսում է իր զրոյական կետից, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»:

«Դրա համար, Նիկոլ Փաշինյանը պետք է ոչ թե նախկին նախագահների, այլ գործող քննիչների հետ խոսի, որպեսզի իր խոստովանական ցուցմունքներով մանրամասն պատմի այն պետական դավաճանության մասին, որն իրականացրել է մեր պետության, մեր ժողովրդի դեմ»,- շեշտեց Էդգար Ղազարյանը՝ ընդգծելով՝ հասարակությունը նախկին նախագահների և Նիկոլ Փաշինյանի բանավեճի կարիքը չունի:

«Հիմա, պետք է Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճի՝ նոր ես իմանամ, թե ինչ տեսակետ ունի Սերժ Սարգսյանը, ինչ տեսակետ է ունեցել իր պաշտոնավարման շրջանո՞ւմ: Թե ինչ տեսակետ է ունեցել Սերժ Սարգսյանը՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ, արտահայտել է իր պաշտոնավարման շրջանում: Դրանք բոլորը հրապարակային են: Թե ինչ տեսակետ է ունեցել Ռոբերտ Քոչարյանը, դրանք նույնպես հրապարակային են: Ես կարիք չունեմ նորից լսելու Նիկոլ Փաշինյանի բանավեճի ընթացքում:

Ի տարբերություն Փաշինյանի՝ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանն ադրբեջանական կողմի հետ բանակցությունները վարել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ: Առանց համանախագահների մասնակցության՝ նրանք բանակցություններ Ադրբեջանի հետ չեն վարել: Համանախագահ երկրներից ոչ մեկը երբեք չի ասել, որ հայկական կողմի դիրքորոշումն Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին է: Իսկ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել բանակցային գործընթացից և ուղիղ շփումներ է ունեցել Ալիևի հետ»,- ասաց Էդգար Ղազարյանը:

2020 թվականի պատերազմից հետո Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները հերքվել են անգամ միջազգային մակարդակով:

Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին «44-օրյա պատերազմի ծագումը» վերնագրով հոդված էր հրապարակել, որին արձագանքել էր ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ նշելով, որ կարգավորման ծրագրի վերջին խմբագրությունը կողմերին փոխանցվել է 2019-ի հունիսին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից.

«Այդ պլանի հիմքում, որը հիմնականում համընկնում է Կազանի փաստաթղթի հետ, ընկած են Ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց թվում են առաջին փուլում Ադրբեջանին հինգ շրջանների վերադարձը, իսկ երկրորդում ՝ երկուսի վերադարձը, ընդ որում, ընդգծեմ հատուկ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հետ կապելով։

Երևանի շահերն արտացոլող առաջին փուլի մյուս տարրերի թվում էին Լեռնային Ղարաբաղի իրավունքի ճանաչումը, որը կապահովեր նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը և այլն: Ուստի պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ ակտիվությանը՝ նա նշեց. «Անգրագետների ընտանիքը կրթում է մեր հասարակությանը՝ տգետների դպրոց բացելով»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս