Համակարգային աճ կա բոլոր ուղղություններով. Գրիգորյանը՝ Հայաստանի և ՌԴ-ի միջև առևտրի մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ գոհ է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների արդյունքներից: Փետրվարի 20-ին Մոսկվայում կայացել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Իսկապես, քննարկել ենք հարցերի լայն շրջանակ, որոնք կարևոր են և’ մեր երկրի, և’, ընդհանրապես, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար։ Դրանք կապված են տնտեսության և առևտրի, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների հետ։ Տարվա արդյունքներով արձանագրել ենք շատ լավ ցուցանիշներ, բոլոր ուղղություններով՝ համակարգային աճ», – նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ առևտրի գրեթե կրկնակի աճը տպավորիչ է։

«Իհարկե, ի նպաստ այդ համագործակցության զարգացման, անելիքները ևս շատ են։ Բայց առևտրի՝ գրեթե երկու անգամ աճը տպավորիչ է: Մենք հույս ունենք, որ հանձնաժողովի հաջորդ նիստում ևս երկնիշ աճ կարձանագրվի»,-ասել է ՀՀ փոխվարչապետը:

Գրիգորյանը հիշեցրել է նաև կրթության ոլորտում ստորագրված համաձայնագիրը:

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են նաև հումանիտար ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:

Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն այս տարվա 10 ամիսների ընթացքում հասել է 10,2 մլրդ դոլարի, ինչը երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Բացի այդ, Հայաստանն ու Ռուսաստանը երկկողմ առևտրում գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկների, իսկ ռուսական ռուբլու մասնաբաժինը փոխադարձ հաշվարկներում հասել է 96,3 %-ի։

Տեսանյութեր

Լրահոս