«3 տարի օրենքը չի գործել, գցեք Հովիկ Աղազարյանի վրա՝ կանցնի». Գեղամ Մանուկյան

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացրեց օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադառնալով այդ նախագծին, ասաց՝ 2020 թվականի հոկտեմբերի 28-ին ընդունվել է օրենքը, իսկ 2021 թվականին աշխարհազորի պատասխանատու են եղել փոխմարզպետները, իսկ հետո չեն եղել։

«2021 թվականի խորհրդարանական ընտրություններում Կառավարությունը եկել ու ծրագրում ասել է, որ Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստությունը, կյանքի են կոչվելու տարածքային պաշտպանության համակարգի, ակտիվ պահեստազորի և աշխարհազորայինների պատրաստման ծրագրերը։

Եկել ենք 2024 թվական, Պաշտպանության փոխնախարարին ասում եմ՝ Կառավարության պարտականությունը 2020 թվականից մինչև 2024 թվական, աշխարհազորի ձևավորման համար օրենքով նախատեսված պաշտոնյաներ՝ փոխքաղաքապետներ, մարզպետներ, նշանակվա՞ծ են, ասում է՝ չէ։

Կարդացեք նաև

Կառավարությունը 2024 թվականին եկել ու ասում է՝ ժողովուրդ, այս մեխանիզմը չի գործում, կարո՞ղ է Անահիտ Ավանեսյանն է մեղավոր, կամ էլ՝ ընդդիմությունը։ Բայց չէ, հիմա Հովիկ Աղազարյանի վրա գցեք՝ կանցնի։

Արձանագրում ենք մեկ բան՝ 2020 թվականին օրենքն ընդունված, 2021 թվականին Կառավարության ծրագրում հաստատված  ուղղղությունը՝ որպես այդպիսին, Կառավարությունը 2024 թվականին արձանագրում է, որ չի ստացվել, տապալվել է, թերացել է»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ եղել է օրենք, օրենքի պահանջ, և Կառավարությունը պարտավոր էր առաջնորդվել օրենքի պահանջով։

«Եթե օրենքը 3 տարի Կառավարության համար չի գործել, այն քանի՞ կոպեկի արժեք ուներ»,- շեշտեց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս