Ռուստամ Բադասյանի ՊԵԿ-ի կադրերը կտեղափոխվեն Արդարադատության նախարարություն. ընկերական բարտեր՝ «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն արդեն կողմնորոշվում է իր կադրային քաղաքականության հարցում, կամ ավելի ճիշտ՝ նրան թերևս օգնում են կողմնորոշվել:

Այսպես՝ 168.am-ի հավաստի տեղեկություններով՝ նորանշանակ նախարարը որոշել է իր թիմը համալրել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կադրերով: Նախ Սրբուհի Գալյանը պատրաստվում է նախարարի խորհրդականի պաշտոնում նշանակել ՊԵԿ նախագահի ներկայիս խորհրդական Ներսես Զեյնալյանին:

Բացի Ներսես Զեյնալյանից, Սրբուհի Գալյանն իր տեղակալի պաշտոնում ցանկանում է Նիկոլ Փաշինյանին առաջարկել նաև ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալ Պետիկ Մկրտչյանի թեկնածությունը: Պետիկ Մկրտչյանն էլ իր հերթին, մեր տեղեկություններով, ՊԵԿ-ում հայտարարել է, որ շուտով համակարգելու է իր սիրելի և հոգեհարազատ քրեական դատավարության ոլորտը:

Կարդացեք նաև

Ուշագրավ է, որ, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Պետիկ Մկրտչյանը ոչ միայն Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի մտերիմն ու սիրելին է, այլև բավականին լարված հարաբերություններ ունի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանի և Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ: Գուցե հենց այդ պատճառով էլ Գալյանը դիտարկում է նրա թեկնածությունն իր տեղակալի պաշտոնում:

ՊԵԿ-ի հետ առնչվող փաստաբանները, ի դեպ, ասում են, որ Պետիկ Մկրտչյանը կամայականորեն է մեկնաբանում քրեադատավարական օրենսդրությունը և ՊԵԿ ղեկավարության քիմքին հաճո, հաճախ օրենքի տեսանկյունից խնդրահարույց լուծումներ գտնում: Այս հարցին կանդրադառնաք այլ առիթով:

Իսկ պատահակա՞ն է արդյոք ՊԵԿ-ի կադրերի տեղափոխումն Արդարադատության նախարարություն: Իհարկե, ոչ: Բանն այն է, որ Սրբուհի Գալյանի լոբբինգով «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչությունում զբաղվել է Տիգրան Ավինյանը՝ Ռուստամ Բադասյանի խնդրանքով: Իր կադրերին Արդարադատության նախարարությունում տեղավորելով՝ Ռուստամ Բադասյանը, բնականաբար, ցանկանում է ամրապնդել իր դիրքերն իրավական ոլորտում: Իսկ Սրբուհի Գալյանն էլ, իհարկե, չի կարող հրաժարվել իր պաշտոնեական առաջխաղացումն ապահովող մարդկանց առաջարկն ընդունելուց:

Հատկանշական է, որ արդարադատության փոխնախարարի պաշտոնում Գալյանը Բադասյանի հորդոր-պահանջով հենց Պետիկ Մկրտչյանի թեկնածությունն է առաջադրելու: Նա այն պաշտոնյան է, ով անձամբ ակտիվորեն զբաղվել է տնտեսական հանցագործությունների վերաբերյալ հանցակազմերից խրախուսական նորմերը հանելով՝ ՔՊ-ի համար անցանկալի գործարարներին անխուսափելիորեն քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Հետաքրքիր է՝ այս հանգամանքների առնչությամբ ի՞նչ են մտածում ՔՊ-ում, և ի՞նչ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով էլ հենց զբաղվում է փոխնախարարների հարցերով:

Հավելենք նաև, որ փոխնախարարների պաշտոնն արդեն իսկ քաղաքական պաշտոն է, և ուրեմն նրանց նշանակումները պետք է համաձայնեցվեն նաև Նիկոլ Փաշինյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս