Պատերազմին անձնական թշնամի հայտարարած կինը՝ «Ես անուն չունեմ» մոնոներկայացմամբ՝ Կամերային թատրոնի բեմում

Երբ միավորվում են ստեղծագործող 4 կանայք, արդյունքում ստեղծվում է յուրօրինակ ձևաչափով մոնոներկայացում՝ արդիական, ինչ-որ առումով էլ ցավալի մի թեմայով՝ պատերազմի և այդ պատերազմում իր սիրելի տղամարդկանց կորցրած մի կնոջ մասին։

Օրերս Երևանի պետական կամերային թատրոնում բեմ բարձրացավ բանաստեղծուհի Սոնա Վանի ստեղծագործությունների հիման վրա Լուսինե Երնջակյանի բերմադրած «Ես անուն չունեմ» մոնոներկայացումը՝ սիրված դերասանուհի Քեթրին Մանասյանի կատարմամբ. պիեսը գրել է դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանը։

Այս անգամ ևս կամերային թատրոնը որոշել էր սովորական ձևաչափից մի քիչ «շեղվել»՝ հանդիսատեսը ոչ թե դահլիճում էր, այլ ուղիղ բեմի վրա՝ դերասանուհու հետ միասին՝ նստած սեղանների շուրջ։ Այս մթնոլորտում էլ Քեթրին Մանասյանը ներկայացնում էր պատերազմի ամբողջ ողբերգությունով անցած կնոջը, մենախոսելով Աստծո հետ, հետո դիմելով հենց պատերազմին՝ հայտարարում է. «Ես կին եմ և այսօրվանից հայտարարում եմ քեզ անձնական թշնամի»։

Քեթրին Մանասյանի խոսքով՝ սա կնոջ հավաքական կերպար է, մեկ կնոջ վիշտ չէ։

Կարդացեք նաև

«Տարբեր ժամանակներում Սոնա Վանի ստեղծագործություններն ընթերցելով՝  հասունացավ այս կերպարը՝ օդից չի ծնվել: Պիեսն արդիական է. աշխարհն ամբողջությամբ տոգորված է պատերազմի շնչով, բայց դա չի նշանակում, որ մենք վատ առումով ցանկացանք ժամանակակից լինել և այս թեմային անդրադառնալ: Դա բացարձակ ինքնանպատակ չէր. ներկայացման գաղափարը վաղուց կար, ուղղակի թեմայի ընտրության շուրջ էինք մտածում և կանգ առանք այս թեմայի շուրջ։

Ցավոք, շատ կանանց համար սա ծանոթ վիշտ է, կորուստ, որից հետո կինն ընդդիմանում է աշխարհին, բարքերին, որը շատ է հեռացել բնականոն իր առաքելությունից։ Կնոջ ուղերձ է, որը սկզբում, հնարավոր է՝ մի փոքր ուտոպիստական հնչի, բայց շատ ռեալիստական է»,- 168.am հետ զրույցում ներկայացումից առաջ նշեց Քեթրին Մանասյանը։

Ըստ դերասանուհու՝ Սոնա Վանն իր ստեղծագործություններում շատ է խոսում մարդկային եջանկության և հենց կնոջ երջանկության մասին, համարձակորեն հայտարարելով՝ երջանիկ լինելը կնոջ պարտականությունն է, և նա պետք է հասկանա, որ ծնվել է երջանիկ լինելու համար, քանի որ Աստծո ստեղծած կինը  խորհրդանշում է գոյաբանական սկիզբը։

«Սա ամբողջ աշխարհին ուղղված խոսք է, շատ կցանկանայի, որ այս մոնոներկայացումը ներկայացվեր շատ երկրներում, որպեսզի բոլորը հասկանային, թե այն ինչի մասին է։

Իսկ Սոնայի Վանի ստեղծագործություններին ծանոթ եմ շատ վաղուց, դրանք ներկայացրել եմ տարբեր վայրերում։

Նրա գրելաոճը շատ հոգեհարազատ է, մտածում ես, թե նա՝ որպես կին, ինչ ուղերձ ունի, և առհասարակ ինչ է ցանկանում ասել իր պոեզիայով: Լույսի բաժինն ինձ դուր է գալիս, յուրաքանչյուր իրավիճակում ինչ-որ ելք գտնելու գաղափարը, ինչը կարող է շատ մարդկանց համար ուղերձ լինել։ Սա հոգեհարազատ է, քանի որ ինքս էլ շատ եմ սիրում աջակցել մարդկանց: Կերպարս լացկան կին չէ, ուժեղ կին է, ինչն ինձ ևս բնորոշ է, որքան էլ արցունքը գալիս է, կարողանում ես այն զսպել»,- նշեց Քեթրին Մանասյանը։

Բեմադրության ռեժիսոր Լուսինե Երնջակյանն էլ խոստովանեց՝ սովորաբար ռեժիսորն է փնտրում նյութն ու գտնում այն, իսկ այս պարագայում ստեղծագործությունն է գտնել ռեժիսորին:

«Դերասանուհի Քեթրին Մանասյանը տարիներ շարունակ տարբեր հարթակներում ներկայացրել է Սոնա Վանի բանաստեղծությունները: Քեթրինն ու Սոնան միշտ ցանկացել են ներկայացման տեսքով մատուցել այդ գործերը, տարիներ շարունակ այդ գաղափարն ունեցել են։ Հետո ինչ-որ կետում այդ գաղափարին միացել է Անուշ Ասլիբեկյանը՝ գրելով  պիեսը, հետո թիմին միացել եմ ես: Երբ նյութին ծանոթացա, փաստեցի, որ այն շատ հետաքրքիր է, երբ ամեն ինչ պատրաստ էր, ինձ առաջարկեցին դա անել»,- 168.am հետ զրույցում ասաց Լուսինե Երնջակյանը և հավելեց՝ մի քիչ վախ է ունեցել, քանի որ պոեզիան դժվար բեմադրվող նյութ է։

Սա Լուսինե Երնջակյանի առաջին փորձն է՝ բեմադրել մոնոներկայացում և պոեզիա, մինչդեռ տարիներ շարունակ տարբեր դերասաններից առաջարկներ է ստացել՝ մոնոներկայացում բեմադրելու, սակայն միշտ խուսափել է՝ մտածելով՝ դժվար ու ծանր ժանր է։

«Քեթրին Մանասյանի գործոնն ինձ ստիպեց գնալու այդ քայլին, նաև Սոնա Վանի ստեղծագործություններն ավելի մանրամասն ուսումնասիրելուց հետո հասկացա, որ վախերս այդքան էլ արդարացված չէին։

Սա  ժամանակակից գործ է, հանդիսատեսին կարող է հուզել, մտորումների դաշտ տանել, նա չի կարող զգալ, որ սա բանաստեղծական նյութ է։ Դժվար է ասել, որ սա մի կնոջ պատմություն է. այդ մտքերը մի կնոջ չեն պատկանում՝ չնայած բեմում մի կին է, որ պատմում է իր պատմությունը՝ կորուստների և հիշողությունների մասին, որոնք  թուլացնում և ուժեղացնում են, իսկ պատերազմները նրա միակ թշնամին են, քանի որ խլել են իր սիրելի մարդկանց: Խոսքը մեկ պատերազմի մասին չէ, սա մեր անցած բոլոր պատերազմների և առհասարակ աշխարհում կատարվող պատերազմների մասին է»,- հավելեց Լ. Երնջակյանը՝ ընդգծելով՝ ներկայացման ստեղծագործական կազմը հանդիսատեսին ավելի ցավեցնելու նպատակ չի ունեցել, հետևաբար՝ կան տեսարաններ, որոնք ստիպում են ժպտալ ու հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Ներկայացման երկրորդ ռեժիսորը Ժորա Մարտիրոսյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Վահան Արծրունին։

Չնայած ներկայացման ընթացքում գլխավոր հերոսուհին երբեմն ժպիտներ էր պարգևում հանդիսատեսին, սակայն ներկայացման ավարտին հանդիսատեսը չկարողացավ զսպել արցունքները՝ լսելով կնոջ մենախոսությունը։ Ներկայացման ավարտին բուռն ծափահարությունների հետ միասին՝ կային նաև արցունքներ։ Բեմից հանդիսատեսը շուտ չհեռացավ՝ գինու սեղանների շուրջ միմյանց հետ կիսվելով տպավորություններով։

Տեսանյութեր

Լրահոս